Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանն արձագանքում է պատգամավոր Էդմոն Մարուքյանին
ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանի՝ ԱԺ փետրվարի 14-ի նիստում ունեցած ելույթում (ինչպես նաև հետագա ելույթներում) տարածած ապատեղեկատվության առթիվ հարկ եմ համարում հանրությանը պարզաբանել, որ Համալսարանում հոգաբարձուների խորհրդի և ռեկտորատի ձեռնարկած արմատական բարեփոխումները թելադրված են արդի տեխնոլոգիաներով հագեցած ուսանողակենտրոն միջավայր ստեղծելու, բարձրակարգ պրոֆեսորա-դասախոսական կազմի շնորհիվ Համալսարանը կերպափոխելու և Համալսարանի հեղինակությունը բարձրացնելու հրատապ անհրաժեշտությամբ: Երկար տարիներ Համալսարանին բնորոշ խնդիրներից են եղել կադրերի հոսունությունն ու որակյալ կադրերի պակասը: Քիչ թե շատ մրցունակ աշխատավարձեր առաջարկելն այժմյան մեր քաղաքականության բաղկացուցիչ մասն է: Ընդհանուր առմամբ բարձրացվել է ավելի քան 300 աշխատակիցների աշխատավարձ. որպես արդյունք՝ բարձրացել է աշխատակիցների շահադրդվածությունն ու աշխատանքի արտադրողականությունը. երկու-երեք ամսում լուծվել են այնպիսի խնդիրներ, որոնք տարիներով անտեսված են եղել: Ներգրավել ենք ոլորտի պրոֆեսիոնալների, որոնց մասնագիտական գիտելիքները, փորձը հզոր ուժ են հաղորդելու Համալսարանին:
Զարմանալի է, թե Էդմոն Մարուքյանն ի՛նչ հիմքով (չասելու համար՝ ինչ հույսով) է պնդում, թե՝ «…հենց նոր վարչապետին խաբեցին, որ ինքն ասաց՝ 300 հոգու աշխատավարձ են բարձրացրել, միայն ռեկտորի ու պրոռեկտորի քարտուղարուհու աշխատավարձն է բարձրացել»: Սա նույնիսկ մեր սիրելի լոռեցիների ավանդական միամտության վերաբերյալ փաստարկի հետ է անհամատեղելի:
Ըստ ամենայնի, Էդմոն Մարուքյանի՝ իմ և Ագրարային համալսարանի հասցեին հնչեցրած հրապարակային արտահայտությունները (անհիմն մեղադրանքները, մասնավորապես, սակայն չսահմանափակվելով՝ նաև հովանավորչության և կոռուպցիայի մեջ ներգրավվածության պիտակավորմամբ) վիրավորանք և զրպարտություն են, ուստի Էդմոն Մարուքյանից պահանջում եմ հրապարակայնորեն ներողություն խնդրել և հրապարակայնորեն հերքել իր տարածած ապատեղեկատվությունը:
Չներկայացնելով Համալսարանում ընթացող արմատական բարեփոխումների ամբողջ ծավալը, ես Էդմոն Մարուքյանին, սույնով պահանջածը կատարելուց հետո, հրավիրում եմ գալ մեր համալսարան և անձամբ ծանոթանալ այստեղ իրականացվող բարեփոխումներին և նոր կրթական ծրագրերին, եթե դա նրան իսկապե՛ս հետաքրքիր է: Էդմոն Մարուքյանին մեծ հաճույքով հնարավորություն կընձեռեմ միասին ուսումնասիրելու հին ու նոր հաստիքացուցակները, և ապատեղեկատվություն տարածող յուրաքանչյուր ոք ստիպված կլինի ընդունել այն պարզ ճշմարտությունը, որ, օրինակ. 300-ը 3-ից մեծ է 100 անգամ, այն է՝ ոչ թե 3, այլ 300-ից ավելի աշխատակիցների աշխատավարձ է բարձրացել:
Հ. Գ. Վերջում հանրությանը վստահեցնում եմ, որ ես Ագրարային համալսարանին միացել եմ միմիայն հանուն մեր երկրի կրթական շահի: Երբևէ չեմ ունեցել և չունեմ հովանավորներ: Քաղաքական որևիցե կուսակցության չեմ անդամակցել և չեմ անդամակցում: Մշտապես առաջնորդվել և առաջնորդվելու եմ մեր երկրի կրթական և այլ գերակա շահերով: Հստակ պատկերացում ունեմ ագրարային ոլորտի կրթության և գիտության զարգացման խնդիրների, հեռանկարների, զարգացման հենանիշերի մասին: Երկար տարիներ օգտագործել և օգտագործելու եմ մասնագիտական ամբողջ կարողությունս, բարոյական պաշարս և միջազգային հեղինակությունս՝ հանուն Ագրարային համալսարանն ագրոտեխնոլոգիական կրթության ու գիտության գերազանցության կենտրոնի վերափոխելու նպատակի:
Հանրության հանդեպ հարգանքով՝
Վարդան Ուռուտյան
Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր
Տնտեսագիտության թեկնածու, դոցենտ
Տեխասի A&M համալսարանի պրոֆեսոր
ԽՄԲ. Էդմոն Մարուքյանը չի պատրաստվում հրապարակային ներողութուն խնդրել Ագրարային համալսարանի ռեկտոր Վարդան Ուռուտյանից: «Ձե՞ռ եք առնում», – Aysor .am-ի հետ զրույցում հարցին հարցով պատասխանեց պատգամավորը՝ շեշտելով, որ միանշանակ չի պատրաստվում ներողություն խնդրել։ «Ես հարց ունեմ. Ագրարայինի ռեկտորը հերքո՞ւմ է, որ բուհի հոգաբարձուների խորհուրդը թարմացվել է և «Իմ քայլից» մարդիկ են ներառվել, որ ինքը նշանակվի։ «Իմ քայլից» մարդ կա՞ խորհրդում, թե չէ։ Երկրորդ հարցը. Ագրարային համալսարանի ռեկտորը հերքե՞լ է, որ բուհի կանոնակարգը փոխվել է, որ ինքը ռեկտոր նշանակվի», – ասաց Մարուքյանը: Ինչ վերաբերում է 300 հոգու աշխատավարձերի բարձրացմանը, ապա պատգամավորն ասաց, որ պրոֆեսորադասախոսական կազմի աշխատավարձերը մնացել են նույնը՝ 178 հազար դրամ, մինչդեռ քարտուղարուհու աշխատավարձը 190 հազար դրամ է։ «Այսինքն՝ ես պրոֆեսորադասախոսական կազմի շահերն եմ պաշտպանում։ Ամեն դեպքում, եթե ոմանց աշխատավարձերը 5 հազար դրամով բարձրացրել է, իսկ իրենը՝ 300 հազար դրամով, դրանք, կարծում եմ, տարբեր պատմություններ են։ Ներողություն պահանջելու փոխարեն նա պետք է ապացուցի, որ արդարացիորեն է նշանակվել։ Ագրարայինի ռեկտորը նաև պետք է հիմանվորի, թե ինչպես է գնահատում իր աշխատանքը, որ որոշել է ՀՀ նախարարից, ԱԺ պատգամավորից, ԱԺ մշտական հանձնաժողովի նախագահից բարձր աշխատավարձ ստանալ», – ընդգծեց Էդմոն Մարուքյանը։