Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Գևորգյան. Բոլոր ոլորտներում չէ, որ թվերով կանխատեսելը ճիշտ է. «Իրատես»

Փետրվար 15,2019 11:06

Թեև ԲՀԿ-ն և «Լուսավոր Հայաստանը» շատ քննադատեցին կառավարության ներկայացրած ծրագիրը, այնուհանդերձ այն կհաստատվի` միայն «Իմ քայլի» պատգամավորների ձայնը բավարար է։ Քննադատության հիմնական թիրախը ծրագրում թվերի բացակայությունն էր, այլ կերպ ասած, ընդդիմադիր թևն ուզում էր ծրագրում տնտեսական հիմնավորումներ տեսնել։ Նույն ակնկալիքով էլ դիմեցինք «Հայկական ժամանակ» թերթի նախկին տնտեսական մեկնաբան, այսօր արդեն «Իմ քայլը» դաշինքի անդամ ՀԱՅԿ ԳԵՎՈՐԳՅԱՆԻՆ։

-Մի պահ պատկերացնենք, որ Դուք դեռևս ընդդիմադիր թերթում եք, պատգամավոր չեք, կառավարությունն էլ այսպիսի ծրագիր է ներկայացրել. ինչպիսին որ ներկայացրել է այս կառավարությունը, ինչպիսի՞ն կլիներ Ձեր գնահատականը։

-Եթե այդ կառավարությունն ունենար վստահության այնպիսի քվե, ինչպիսին ունի այս կառավարությունը, ապա իմ վերաբերմունքը նույնը կլիներ։ Մինչ օրս որևէ կառավարության հաջողվե՞լ է այս աստիճան նվազեցնել կոռուպցիան և ապամոնոպոլիզացնել տնտեսությունը։ Իսկ այս կառավարությունն ընդամենը 8 ամսում այդ ամենը իրականություն դարձրեց։ Եվ երբ հիմա ասում են, թե այս կառավարությունն իր ծրագրում թվեր չի ներկայացնում, ինչի՞ մասին է խոսքը։ Ավելի լավ էր նախորդ կառավարությունների օրինակով գույնզգույն զարդանախշերով և թվերով լի ծրագիր բերվեր, հետո ոչինչ չարվե՞ր։ Այդպես լա՞վ կլիներ։

-Պարոն Գևորգյան, Դուք որպես տնտեսական մեկնաբան քննադատում էիք նախորդ կառավարությունների ծրագրերը և բացասական եզրակացություն տալիս ներկայացված թվերին։

-Ես միշտ կասկածել եմ այդ թվերին։

-Այդ դեպքում կարելի՞ է ասել, որ այս կառավարությունը թվերի լեզվով չի խոսում, որպեսզի կասկածի տեղիք չտա։

-Դուք լրիվ ուրիշ ուղղությամբ եք հարցը տանում։ Եկեք վերադառնանք ներդրումներին։ Ասենք այս պահին բանակցում եմ որևէ ներդրողի հետ, որը մտադիր է 200 մլն դոլարի ներդրում իրականացնել, սակայն մինչ այդ պահանջում է շուկայի, լոգիստիկ և բազմաթիվ այլ ուսումնասիրություններ և որոշում, որ ոչ թե երկու ամիս, այլ ինն ամիս հետո է անելու ներդրում։ Դա ինչպե՞ս պետք է հաշվարկենք և ներկայացնենք ծրագրում։ Նման թիվը հնարավոր չէ դնել ծրագրի մեջ։ Մենք ծրագրում ֆիքսել ենք այն նվազագույն շեմերը, որոնք պետք է հաղթահարենք։ Օրինակ, նախատեսված է, որ տնտեսական միջին աճը տարեկան առնվազն պետք է կազմի 5 %։ Դա այն թիվն է, որը, անկախ ամեն ինչից, պետք է ապահովվի, սակայն, եթե այդ աճը կազմի 11 %, կարծում եմ` դժգոհ չեք լինի։

-Իհարկե դժգոհ չեմ լինի, Աստված տա այդպես էլ լինի։

-Ուրեմն եկեք առնվազն 5 % տնտեսական աճը ֆիքսենք և գնանք առաջ։

-Փաստորեն, եթե այդ տրամաբանությամբ առաջնորդվենք, պետք է ասենք, որ այս դեպքում գործում է PR-ի կանոնը։

-Եթե դրանից ելնելով գործեինք, ապա ծրագրում տնտեսական աճը կֆիքսեինք 11 %։

-Դա ճիշտ չէր լինի, քանի որ ներկա իրավիճակում երկնիշ տնտեսական աճ ապահովելն անիրատեսական է, և այն չիրականացնելու դեպքում կառավարությունը ստիպված պետք է լիներ արդարանալ։ Իսկ այսպես ավելի լավ է խոսել փոքր թվերից, որպեսզի անգամ 1 % աճը երևացող լինի։

-Դե, գիտե՞ք ինչ, կարող է հիմա արևից հետո ձյուն գա։ Կամ, ասենք, գյուղատնտեսությունում որևէ թիվ կանխատեսենք, առանց իմանալու` ցրտահարություն կլինի՞, թե՞ ոչ։ Սա ինչու եմ ասում, ուզում եմ մեկ անգամ ևս ընդգծել, որ բոլոր ոլորտներում չէ, որ թվերով կանխատեսելը ճիշտ է։

Զրուցեց Ժասմեն ՎԻԼՅԱՆԸ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում: 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728