Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԴՄ տպելը դառնում է կառավարության ծրագրի հիմնական տնտեսական առանցքը. «Փաստ»

Փետրվար 15,2019 10:26

Վերջին օրերի խորհրդարանական ելույթներից տպավորություն է ստեղծվում, որ քաղաքացիների տնտեսական մոտիվացումը պետք է տեղի ունենա ինքնաբուխ, առանց իշխանության մասնակցության: Իշխանության մասնակցությունն էլ սահմանափակվում է Փաշինյանի, Միրզոյանի, Կարապետյանի, մյուսի, էն մյուսի հուզառատ, պատմահամեմատական ելույթներով, բարոյագիտական հիմնավորումներով:

Հարց է ծագում` արդյոք կհաջողե՞ր քաղաքական հեղափոխությունը, եթե ներկա իշխանությունները այն ժամանակ քաղաքացիներին միայն կոչ անեին ակտիվ լինել ու իշխանափոխություն իրականացնել: Կհաջողե՞ր արդյոք, եթե նմանատիպ կոչերին զուգահեռ չարվեին կոնկրետ քայլեր, չյուրացվեին ու չկիրառվեին հեղափոխությունների, ցանցային պայքարների ու խաղաղ անհնազանդությունների դասագրքային նորմերը: Ամենայն հավանականությամբ, չէր հաջողի: Հաջողեց, սակայն, որովհետև ելույթներից, կշտամբանքներից զատ, կար նաև գործուն տեխնոլոգիական բազա, մեխանիզմների շարք, թե ինչպես այդ գիտակցությունը արթնացնել:

Տնտեսական հեղափոխություն կոչվածի պարագայում իշխանություններն այդ տեխնոլոգիաներն ու մեխանիզմները չունեն:

Ունեն միայն ելույթներն ու կոչերը, հորդորներն ու կշտամբանքները: Քաղաքական հեղափոխության համար քաղաքացիներին մոտիվացնելու տեխնոլոգիան յուրացրել են, տնտեսականի համար նույն այդ քաղաքացիներին մոտիվացնելու տեխնոլոգիան կա՛մ չեն յուրացրել, կա՛մ էլ այդպիսի տեխնոլոգիա չկա: Արդյունքում ՀԴՄ տպելը դառնում է կառավարության ծրագրի հիմնական տնտեսական առանցքը: Կտպեն հայաստանցիները ՀԴՄ, կամ կպահանջեն ՀԴՄ, տնտեսական հեղափոխությունը տեղի կունենա, չեն տպի` տեղի չի ունենա: Ամեն ինչ այսքան պարզ ու կենցաղային:

Երկու հարց ամեն դեպքում ծագում է: Հարց առաջին` եթե հայաստանցիները ամեն դեպքում որոշեն չտպել ու չպահանջել ՀԴՄ, ինչպե՞ս է լուծվելու հեղափոխության, ըստ այդմ` իշխանության կարգավիճակի հարցը, նրանք շարունակելու են իշխել հակահեղափոխական ժողովրդի՞ն, հեղափոխությունը հետահայաց կերպով չեղարկվելո՞ւ է, թե՞ ինչ:

Երկրորդ հարցը ` եթե ամեն դեպքում քաղաքացիները սկսեն պահանջել ու տպել ՀԴՄ, բայց դրանից հետո էլ տնտեսական հեղափոխություն չլինի, ինչպես չեղավ կոռուպցիայի ու մենաշնորհների հայտարարված ապամոնտաժումից հետո, ո՞րն է լինելու կառավարության ծրագրային առանցքը:

ԼԵՎՈՆ ՄԱՐԳԱՐՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728