Ընդդիմության քննադատությունն այս իշխանության համար տհաճ է: Ընդ որում, եթե այսօրվա ընդդիմադիրների և մեկ տարի առաջվա ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանի ելույթները համեմատենք, ապա նախկին իշխանությունը պետք է ամեն ԱԺ նիստում անարգանքի սյունին գամեր Փաշինյանին, ինչպես երեկ նա վարվեց խորհրդարանական ընդդիմադիրների հետ:
Կրկին վարչապետ Փաշինյանի մեջ արթնացել էր հեղափոխական Նիկոլը, ու նա քարը քարին չէր թողնում: Ամենազավեշտալին էլ այն էր, որ հերթական ջղային ելույթից հետո մի տոն ցածր ձայնով հավելում էր, թե ով է ասում, որ մուննաթ են գալիս: Իսկ մինչ այդ նրա թիմակիցներն էլ հետ չէին մնում իրենց ղեկավարից: Ընդդիմությանը մեղադրելով հեգնելու, ծաղրելու մեջ` նրանցից մեկն ասաց, թե «սգո սերվիս դեմքերով» են խոսում ընդդիմադիրները:
ԼՀԿ խմբակցության անդամ ԱՆԻ ՍԱՄՍՈՆՅԱՆԻՆ զարմացնում է, երբ իրենց ասում են, թե հեգնում են կառավարությանը. «Մենք ու՞մ ենք հեգնել: Այս օրերին տեսնում էինք, թե ինչպես էր վարչապետը մեր հարցերին պատասխանում, ինչպես էր մեզ հակադարձում: Այստեղ է հեգնանքն ու մուննաթը: Ընդդիմությունն իրավունք չունի՞ հարցեր տալու: Ընդդիմությունը պետք է հարցեր տա, որովհետև իշխանությունը ներկայացրել է ջրիկ ծրագիր, որը որևէ ցուցանիշ, չափելիություն չունի և ցանկանում է, որ ընդդիմությունը հավանի՞ այդ ծրագիրը, ծա՞փ տա: Միայն խոսքերով տնտեսություն չես կառուցի»:
Ըստ Անի Սամսոնյանի, սա բարեփոխումներին համարժեք ծրագիր չէ, քաղաքացիներն էլ կարող են նման բարի ցանկություններով ծրագիր կազմել, մինչդեռ կառավարությունը պետք է պատասխանատվություն ստանձնի, ռազմավարություն մշակի:
Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Իրատես» թերթի այսօրվա համարում