Լրահոս
Օրվա լրահոսը

«Դե, եթե դուխը հերիքում է, թող դնի եւ փոխի երկրի գլխավոր օրենքը, հանի սուպերվարչապետությունը»

Փետրվար 15,2019 14:30
Margarit Esayan

«Առավոտի» զրուցակիցն է ԱԺ նախկին պատգամավոր Մարգարիտ Եսայանը

– Կառավարությունը ներկայացրեց 75 էջից բաղկացած իր ծրագիրը, եւ անմիջապես հնչեցին քննադատական գնահատականներ. արդյո՞ք դա իներցիայի ուժով եղավ, նկատի ունեմ՝ եթե ընդդիմություն եք, պիտի քննադատեք, թե՞ լուրջ քննադատության առիթ կար։

– Կառավարության ծրագիրը պարզ ստորադասական նախադասությունների մի ձեռնարկ է, որը օբյեկտիվ պատճառներով առաջացրեց քննադատության ալիք, իներցիան այսօրվա իշխանավորներին է հատուկ, մերը փաստարկված եւ լուրջ ասելիքն է եւ գործողությունները։ Իրականում, այս կառավարությանը հավատացողները, ինչու՝ ոչ, նաեւ չհավատացողները, ակնկալում էին, որ կլիներ մի չտեսնված-չլսված բան, արմանք-զարմանք, «հեղափոխական»: Բայց ստացվեց սովորական խաբեություն, ինչը վերջին ամիսներին, մոտ 10 ամիս արդեն տեսնում եւ լսում ենք։ Այս ծրագրում չկան արմատական, լրջագույն փոփոխություններ, խոստումներ, չկա այն ճանապարհային ուղենիշը, որը երկիրը պիտի տաներ իրական փոփոխությունների։ Սա ծրագիր է այն մասին, թե ինչպես չի կարելի գրել ծրագիր: Գիտեք, իմ տպավորությամբ, սա աշակերտական այն շարադրությունն է, որի հեղինակին ուսուցիչները երես են տվել, միշտ գովել են, գլուխը շոյել՝ ասելով, որ նա ուժեղ է, «դուխով» է եւ պիտի լավ բան անի: Դե, իսկ աշակերտը երես է առնում եւ անում է, ինչ ուզում է, իրականում՝ ոչինչ չանելով։ Դուխը առերեւույթ կա, բայց տակը դատարկ է, բառեր, բառեր եւ հոխորտանք։ Այս դեպքում ուսուցիչը վարչապետին ձայն տվածների այն հատվածն է, որը առայժմ չի հիասթափվել եւ հավատում է, սակայն, վստահ եմ, շուտով այդ հավատը լրջորեն կսասանվի։

– Դուք նկատի ունեք, որ մարդիկ այլեւս չե՞ն վստահի վարչապետին։

– Դատեք ինքներդ, Փաշինյանը այնպիսի բացահայտումներ արեց, որոնք ամենամոլի հավատացյալին անգամ, եթե սթափության կաթիլ դեռ պահպանել է, շատ է զգաստացնելու։ Օրինակ՝ մարդիկ ի՞նչ են մտածելու այն բացահայտումների մասին, որոնք հնչեցին ԱԺ դահլիճում. պարզվեց, վերջապես գտնվել է, թե մեր երկրում որտեղ է ապաստանել աղքատությունը, եւ այդ տեղը մարդկանց գլուխներն են, եւ, ըստ Նիկոլի, քանի դեռ մարդկանց գլուխներում ապրում է աղքատությունը, նրանք չեն կարող հարստանալ, չեն կարող արժանապատիվ ապրել։ Վերջ, խնդալու կամ լալու պատճառ կարծես չկա։ Կառավարությունը սահուն լվանում է ձեռքերը եւ պահանջում, որ մարդիկ զբաղվեն իրենց գլուխներով եւ դեն շպրտեն աղքատությունը, ստացվո՞ւմ է, որ խեղդվողների փրկության գործը խեղդվողների ձեռքին է։ Ինքն իրեն ազատելով պատասխանատվությունից՝ ամբողջ մեղքը գցում է թոշակառու այն տատիկի վրա, որը մի բուխանկա հաց գնելով եւ դողդողալով խանութից դուրս գալիս մոռանում է պահանջել կտրոնը։ Կեցցե այն կառավարությունը, որն այսօր է եկել, հա՞, մտածե՞նք այսպես եւ հանգիստ նստենք տեղներս։

– Կառավարության ներկայացուցիչները եւ վարչապետն առաջին հերթին, հակադարձելով այն քննադատությանը, թե կառավարության ծրագրում թվերը քիչ են, պնդում են, թե դա չի նշանակում, որ իրենք չունեն վերլուծություններ եւ որոշակիություն։

– Ի դեպ, թվերի մասին, երեկ իշխանական պատգամավորուհիներից մեկը հայտարարեց, թե սա հինգ տարվա ծրագիր է, եւ ուրեմն կա թիվ՝ ահա 5 տարի։ Ասացեք խնդրեմ, եթե դրանք չկան, վաղը ինչպե՞ս պիտի մարդիկ պնդեն՝ կատարե՞լ է կառավարությունը իր ծրագիրը, թե՞ ոչ. եթե չկա կոնկրետ ոլորտներին առնչվող կոնկրետ քարտեզ, ո՞նց պահանջեն դրանց կատարողականը, կառավարությունը պարտավոր է, չէ՞ հաշվետու լինել, ինչպիսի՞ն է լինելու այդ հաշվետվությունը, եւս մեկ շարադրությո՞ւն է բերվելու խորհրդարան։ Եվս մեկ անգամ փորձ է արվելու լվանա՞լ մարդկանց ուղեղները։ Մեկ այլ բացահայտում եւս արվեց այս ծրագրով՝ աշխատելը ավելի լավ է, քան չաշխատելը. սա նիկոլական հերթական «հանճարեղ» բացահայտում է, ինչպիսի գիգանտ բացահայտում, ոնց մինչեւ հիմա գործազուրկները, «օպտիմալացվածները», դեռ «օպտիմալացման» ահը սրտերում մարդիկ չէին հասկացել այս պարզ ճշմարտությունը: Հիշո՞ւմ եք, նախընտրական շրջանում էր կարծես, երբ գյուղացին հերթական հանդիպումներից մեկի ժամանակ դժգոհեց իր սոցիալական վիճակից, վարչապետը ինչ խորհուրդ տվեց՝ ոչխար պահեք։ Այ, սա է այս կառավարության ծրագիրը՝ մարդկանց կոնկրետ ոչինչ չխոստանալը, անփող ծրագիր բերելը, իսկ առանց փողի ոչ մի ծրագիր չի կարող իրականանալ։ Դե, եթե այդքան դուխով էիք, ցույց տվեք նաեւ, թե առաջիկա մեկ տարում, օրինակ, ի՞նչ աղբյուրներից, ի՞նչ ձեւերով եւ որքա՞ն կբարձրանան կենսաթոշակը, միջին աշխատավարձը, որքան կիջնեն առաջին սպառման ապրանքների գները եւ այլն։

– Արդյոք չե՞ք խտացնում գույները, վարչապետը, ԱԺ-ում ներկայացնելով ծրագիրը, հայտարարեց, որ այս ծրագիրը տնտեսական հեղափոխության ծրագիր է, եւ մարդիկ կտեսնեն արդյունքներ։

– Գիտե՞ք, հեղափոխություն բառը վերջին մեկ տարվա ընթացքում այնքան վարկաբեկվեց, այնքան տեղի-անտեղի չարչրկվեց, որ ես ափսոսում եմ այդ բառը, ի դեպ, կարծեմ ասվեց նաեւ, որ մեր «հեղափոխությունը» նաեւ արտահանվեց, այսքան ինքնահավանություն չի եղել երբեք, ոչ մի վարչապետ այսքան ինքնասիրահարված եւ այսքան գյորմամիշ հայտարարություններ չի արել։ Ախր մեր երկիրը անցած իր ճանապարհին ստեղծել է այնպիսի ապրանքներ՝ գյուղմթերք, թեթեւ արդյունաբերական, սննդի եւ այլն, որոնց արտահանման ծավալները եղել են, ստեղծվել են, կան, եւ յուրաքանչյուր հաջորդ կառավարության պարտականությունը պիտի լիներ մեծացնել, եռապատկել եւ քառապատկել արտահանման ծավալները, խթանել ներդրումները, փող բերել երկիր, բիզնեսները ավելի ազատական դարձնել, իսկ այսօր ունենք փուչիկ, ամպագոռգոռ հայտարարություններ, եւ գագաթնակետը՝ աշխատող մարդու ստեղծած բարիքների արտահանումը խթանելու փոխարեն որոշել են արտահանել ոչ ավել, ոչ պակաս՝ «հեղափոխություն»։ Կառավարության ծրագրում չկան անգամ իրենց իսկ նախկին խոստումների մասին կետեր։ Եթե իրոք սա հեղափոխական կառավարության ծրագիր է, ինչո՞ւ նրանում չկան խոստում, ժամկետներ, օրինակ՝ Ընտրական օրենսգրքի փոփոխության մասին, ինչո՞ւ չկա խոստում, այսպես կոչված՝ սուպերվարչապետության «կոստյումը» վերաձեւելու եւ փոփոխելու մասին, ինչո՞ւ չկա բազմաթիվ այս կարգի փոփոխությունների մասին ուղենիշ։ Ես իրավունք ունե՞մ մտածելու, որ երբ տարիներ առաջ ընդդիմադիր պատգամավորը ԱԺ ամբիոնից ամբողջ էներգիան ծախսում էր այս բաների մասին խոսելով, գոռալով, մատ թափ տալով, ծաղրելով, հիմա, երբ հանգիստ նստել է վարչապետի աթոռին, քթի տակ խնդմնդում է այն միամիտների վրա, որոնք մտածում էին, թե հիմա կգա նա՝ «փրկիչը», եւ ամեն ինչ կփոխի։ Սուպերվարչապետության մասին հարցին պատասխանելիս Փաշինյանն առանց աչքը թարթելու ասաց, որ չպիտի խախտվի պետության կառավարելիությունը, եւ ոչինչ չասաց «կոստյումը» վերաձեւելու մասին։ Եթե ինքն է վարչապետը, ուրեմն կոստյումը ճիշտ ուսերի է, ուրեմն չպիտի խախտվի ոչինչ, «օքե՞յ»։ Դե, եթե դուխը հերիքում է, թող դնի եւ փոխի երկրի գլխավոր օրենքը, հանի սուպերվարչապետությունը։

– Ծրագրում արտաքին քաղաքական կուրսի մասին կարծես նորարարություններ չկան, կառավարությունը գրեթե նույն խոստումներն է տալիս, ինչ ձեր իշխանության ժամանակ ձեր կառավարությունները` եւ ՀԱՊԿ-ի մասով, եւ ԵԱՀԿ Մինսկի խմբի հետ աշխատանքներում եւ այլն, սա գոնե պիտի գնահատեք։

– Քիչ է մնում ասեմ՝ դուք ասացիք, եւ ես համամիտ եմ, այո, շատ ճիշտ եք նկատել, հատկապես այդ հատվածում կարծես արտագրություն լինի նախկին կառավարությունների ծրագրերից։ Սա եւս մեկ անգամ խոսում է այն մասին, որ նախկին իշխանությունները այնպիսի խելամիտ արտաքին քաղաքական գիծ են որդեգրել եւ առաջնորդվել դրանով, որ նոր կառավարությունը պարզապես պիտի սա շարունակի, այլ բան անելը, գոնե իրենք էլ հասկացան, իրատեսական չէ։

Վերջում եւս մեկ նկատառում, դուք գոնե պիտի հիշեք, որ ՀՀԿ-ի իշխանության ժամանակ բոլոր վարչապետները կառավարության ծրագիրը նախապես քննարկում, վերլուծում էին խորհրդարանում ներկայացված բոլոր ուժերի հետ, շեշտում եմ՝ բոլոր, եւ քննարկումներից հետո միայն վերախմբագրված բերում ԱԺ նիստերի դահլիճ։ Սա ազնիվ էր, գործընկերների հանդեպ հարգալից եւ ժողովրդավարական։ Այսօրվա վարչապետը միահեծան, բռնապետին հատուկ ձեւով գրեց ու բերեց ԱԺ եւ հրամայեց՝ հանգիստ նստեք տեղներդ, իսկ «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների քծնանքը, խունջիկ-մունջիկները, դիֆերամբները առ վարչապետ, որ տեսանք նիստերի դահլիճում, հաստատ Գինեսի գրքին արժանի են։ Դուք ասում եք՝ գույները խտացնո՞ւմ եմ, ամենեւին, ես գոնե վստահ եմ՝ հայ մարդը, մեր հասարակությունը բաց աչքերով հասարակություն է, եւ սա երկար չի հանդուրժելու, քամու բերածը քամին էլ կտանի։

Զրույցը վարեց ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

14.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (6)

Պատասխանել

  1. Իրատես says:

    ՀՀկ-ի կողմից ձեևած,կարված վարչապետական կոստյումը,եթե Սերժը հագներ,ապա՝խորը, հիացական օխայ, շունչ կքաշեիք: Դուխներտ չհերիքեց,որ մի հատ ծպտուն հանեիք,սսկվել էիք,թե° վախենում էիք,որ՝պռոպկի նման կթռնեիք,ձեր բաղձալի աթոռից,հիմա,եդ չուժոյը, Նիկոլը՝ էկել՝ու իրանց կոստյումինա տեր կանգնել,այ քեզ փորձանք,չտեսնված,չլսված խայտառակություն. ստեղ էն ասել՝ իրանց աչքի գերանը թողած…

  2. Քաղաքացի says:

    Պետականաշինության մեջ Ձեր և Ձեր թիմակիցների ձախողումը ակընհայտ է և այդ հանգամանքը, սթափ դատող մարդու համար, հետագա գործունեության մեջ որոշակի ուղեցույց կարող է լինել: Նույնիսկ ավելին, բարոյական տեսանկյունից, զսպիչ հանգամանք: Բայց ոչ Ձեզ համար: Ընդունել սխալը և արժանապատիվ զիջել ճանապարհը, դա ազնվականների (ԱԶՆԻՎ բառից) մենաշնորհն է: Այո, Վարչապետը իրավացի է, անցյալի համակարգը, ամբողջովին բարոյազուրկ, համապատասխան ձևով անդրադարձավ հասարակության վրա և խեղաթյուրեց մարդկաց արժեհամակարգը: Եվ այսօր, դեգրադացված հասարակությունը շատ ավելի մեծ չարիք է, քան վերից-վար թալանված երկիրը: Եթե տնտեսությունը, տեսականորեն հնարավոր է ինչ-որ չափ վերակառուցել, մարդկանց ուղեղները վերակառուցել չի լինի: Այո, աղքատությունը մարդկանց ուղեղներում է: Ինչու աշխատես, եթե միևնույնն է աղքատ ես մնալու: Սա էր Ձեր համակարգի «մոտիվացիան»: Ձեր համակարգի ժառանգության ֆոնի վրա՝ թալանված երկիր, բարոյազրկված հասարակություն, ոչնչացված գիտություն, մշակույթ, կրթաթկան համակարգ, Ձեր ճարտաճախոսությունը բոլորովին չի տպավորում, իսկ բարոյական տեսանկյունից իրավունք էլ չի տալիս քննադատելու, նույնիսկ եթե իրավացի եք: Կուզենայի անդրադառնալ ոճին: Մի քանի օր առաջ, Արամ Աբրահամյանը, իր ամենօրյա հոդվածներից մեկում, անդրադարձավ քննադատությունների ոճին: Եթե չեմ սխալվում, Դուք լրագրող եք: Այդ գավառական մաղձաթապությունը, որը լավ ծառայություն մատուծեց Ձեր համակարգին, մնացել է անցյալում: Ժամանակները փոխվել են: Ինչ վերաբերվում է սուպերվարչապետությանը: Մեր Վարչապետը պետք է ՍՈՒՊԵՐ լինի, որ թողաց ժառանգության բեռի տակից կարողանա դուրս գալ: Իսկ մենք բոլորս, այդ թվում և դուք, պետք է աշխատենք ի բարորություն մեր երկրի:

  3. Բայց..... says:

    Այո, անարժանապատիվ ու անազնիվ տիկնայք և պարոնայք, ձեր դատարկ ճմարտականությունը բոլորովին չի տպավորում, իսկ բարոյական տեսանկյունից իրավունք էլ չի տալիս քննադատելու, նույնիսկ եթե իրավացի եք: Զեր գնացն արդեն մեկընդմիշտ լքել է ծուռ հայելիների կայարանը: Եթե իմաստություն ունենայիք և մի քիչ էլ ամաոթ, ապա մի քանի տարի պարզապես կլռեիք: Բայց…..

  4. Բալաբեկ says:

    Էլի ինչ որ կեղծ օրակարգ են ձևավորում։
    Էդ հարցին շտապ լուծում տալու կարևորությունը ինչում ա?
    Կառավարությունը ուզում ա կենտրոնանա տնտեսությանն առնչվող հարցերի վրա, բայց չէ, պիտի կողքից անընդհատ բզբզան, շեղեն։
    Լավ, դուք անցած էտապ եք, բայց որ նոր “ընդդիմությունն” էլ ա ձեր խելքին ա, լավ չի։

  5. Ara Kirakosyan says:

    Ես տիկնոջ լոգիկան չեմ հասկանում: Կա արդյոք մի ոլորտ, որն ապականված չի եղել, տիկին! Հիմա դուք մեզ բոլորիս փորձում եք ապացուցել, որ դուք պուպուշ էիք, իսկ Նիկոլը` քըխ: Քավ լիցի, ուշքի եկեք, ձեր «հին երկրում» պազիկի վարորդները կարող էին նույնիսկ բարերարի տված գումարով բարերարին փայ մտնելու առաջարկ անել, իսկ դուք բարոյականությունից էք խոսում…

  6. Սելը չի ճռռում՝ սելվորն է ճռռում says:

    Ես 2018 թ -ի մայիսի 1 -ի ընտրության օրը չեմ կարող մոռանալ: Նողկանքով եմ հիշում այդ անխիղճ, ագահ, տգետ՝ դրսում ժամեր շարունակ կանգնած մեր ժողովրդի դարդին ու ցավին անտարբեր, իսկ ուրախությանն անհաղորդ, մարդանման, սակայն մարդկային կերպարանքը վերջնականորեն կորցրած հիսունհինգ ,, բառ չեմ գտնում, որ թե՛ պատշատության սահմանը չանցնեմ և թե՛ ամբողջությամբ բնութագրող մի բառ գրեմ,,…. երևի շնչավոր գոյերին: Նույնիսկ մեր ոսկեղենիկ հայերենն անակնկալի եկավ……: Այո, մի շաաատ վատ բան կատարվեց, բայց դա եղավ լավի սկիզբը: Ուստի, անարժանապատիվ ու անազնիվ տիկնայք և պարոնայք, լռե՛ք, ի սեր Աստուծո: Նախ ձեր մարդկային կերպարանքը վերագտեք ու խոսելու իրավունք վաստակեք: Դուք դա այս պահին պարզապես չունեք: Համայն Հայ Ժողովուրդը ձեզ այդ իրավունքից զրկել է: Մի չարաշահեք մեր Ժողովրդի համբերությունն ու մեծահոգությունը: Դա վերաբերում է նաև այսօրվա հայ մամուլի մեծ մասին: Բազմավոլտ հոսանքի հետ խաղալ մեղմ ասած չի կարելի: Այստեղ են ասել. սելը չի ճռռում՝ սելվորն է ճռռում:

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728