Լրահոս
Օրվա լրահոսը

Խոսքից գործի անցնելու ժամանակը

Փետրվար 15,2019 12:00

Կենտրոնանանք «80 տոկոս դրույթների իրականացման վրա, որոնք արդեն իսկ ուժի մեջ են մտել»

«Մի անհանգստացեք, ամեն ինչ իր նորմալ հունով գնում է»,- օրեր առաջ Aysor.am-ի հարցին ի պատասխան՝ ասել էր ՀՀ-ում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ մտավախություն, որ ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացումը ձգձգվում է: «Վավերացման գործընթացը ընթացքում է: 10 պետություն կա արդեն, որ վավերացումն իրականացրել է: Սովորաբար ԵՄ համաձայնագրերի վավերացումը տեւում է 2-3 տարի, հետեւաբար չկա որեւէ մտահոգություն: Մենք խորհուրդ ենք տալիս կենտրոնանալ 80 տոկոս դրույթների իրականացման վրա, որոնք արդեն իսկ ուժի մեջ են մտել եւ վավերացման կարիք չունեն»,- նկատել էր Սվիտալսկին:

Իրավամբ, ՀՀ-ԵՄ համաձայնագրի ուժի մեջ մտած դրույթների մասով իրականացվող եւ առաջիկայում կատարվելիք աշխատանքների մասին էլ իշխանությունները չեն շտապում ներկայացնել տվյալներ: Ըստ ամենայնի անցյալ տարի ապրիլին Հայաստանում քաղաքական փոփոխություններից հետո այս փուլը Հայաստանն օգտագործեց գործընկեր պետությունների հետ շփումների հաստատման համար:

Այժմ արդեն հնչում են ավելի կոնկրետ ուղերձներ, պաշտոնական Երեւանը հստակ շեշտում է ՀՀ-ԵՄ տնտեսական հարաբերությունների խորացման կարեւորությունը: Հունվարի վերջին Երեւան ժամանեց Եվրոպական հանձնաժողովի հարեւանության քաղաքականության եւ ընդլայնման բանակցությունների հարցերով ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանը: Վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ողջունելով ԵՄ հանձնակատարի գլխավորած պատվիրակությանը, նշել էր, որ Հայաստանը կարեւորում է Եվրոպական միության հետ համագործակցության խորացումը, բարձր էր գնահատել ՀՀ ժողովրդավարական զարգացմանը եւ բարեփոխումների գործընթացին ԵՄ կողմից ցուցաբերվող աջակցությունը եւ նշել, որ Հայաստանը պատրաստ է շարունակել փոխգործակցությունը Համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի (ՀԸԳՀ) շրջանակում: «Ժողովրդավարությունը մեր հասարակության համար արժեք է, ներքին համոզմունք, այլ ոչ թե աշխարհաքաղաքական կողմնորոշում: Այս համատեքստում կարեւորում ենք ԵՄ աջակցությունը Հայաստանում տեղի ունեցող ժողովրդավարական բարեփոխումներին»,- նշել էր Փաշինյանը:

Իր հերթին Յոհաննես Հանն ընդգծել էր, որ ԵՄ-ն կարեւորում է Հայաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացումը եւ պատրաստ է նպաստելու տարբեր ոլորտներում ՀՀ կառավարության նախաձեռնած բարեփոխումների իրականացմանը: Ըստ կառավարության հաղորդագրության՝ ԵՄ հանձնակատարը ողջունել է մեր երկրում տեղի ունեցող ժողովրդավարական փոփոխությունները՝ ընդգծելով, որ «Արեւելյան գործընկերության» ծրագրի մասնակից Հայաստանը կարեւոր գործընկեր է ԵՄ-ի համար: Փաշինյանն ու Հանը քննարկել էին նաեւ տնտեսական գործակցության հետագա ընդլայնման, ԵՄ կողմից Հայաստանում իրականացվող զարգացման ծրագրերի ընդլայնման հնարավորությունները: Մասնավորապես, հեռանկարային է համարվել ենթակառուցվածքների, կրթության, էներգետիկայի եւ այլ ուղղություններով նոր նախաձեռնությունների իրագործումը: Այս համատեքստում զրուցակիցները կարեւորել են ՀԸԳՀ վավերացման գործընթացը ավարտին հասցնելը եւ դրա առաջին փուլի շրջանակում քայլերի ձեռնարկումը:

 

«Մեր հարաբերությունների իրավական հիմքը ՀԸԳՀ-ն է»

Նույն օրը ՀՀ ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ու Յոհաննես Հանը հանդես եկան համատեղ մամուլի ասուլիսով, որի ընթացքում հայտնեցին, որ Հանի հետ առանձնազրույցում անդրադարձել են օրակարգային բոլոր այն հարցերին, որոնք վերաբերում են ՀՀ-ԵՄ ընդհանուր օրակարգին։ «Այսօրվա մեր հարաբերությունների իրավական հիմքը՝ ՀԸԳՀ-ն, մնում է բավական էական, իրավական գործիք մեր ձեռքում, եւ դրա շուրջ մենք գնահատեցինք այն դինամիկան՝ ինչպես ենք իրականացնում այս գործընթացը եւ ինչ ծրագրեր ենք նախատեսում այս մոտակա ամիսների ընթացքում, որպեսզի արդյունավետորեն շարունակենք իրականացնել այն գործընթացը, որը վերաբերում է ՀԸԳՀ-ին»,- տեղեկացրեց Մնացականյանը:

ՀՀ ԱԳ նախարարը նշեց, որ անդրադարձել են նաեւ վիզայի ազատականացման երկխոսության մեկնարկի գործընթացին, դրա շուրջ անհրաժեշտ քայլերին, քննարկել են տարբեր, բավական հստակ նախաձեռնություններ: «Մենք ունենք մոտակա ամիսներին մեր երկխոսության եւ շփումների հստակ ծրագիր, որի մասին, բնական է, ավելի հստակ կարտահայտվենք, երբ ունենանք հստակ ժամկետներ: Բայց արդեն մարտ ամսին մեզ մոտ ծրագրվում է բարձրաստիճան երկխոսության շարունակություն: Մենք այս տարի ունենալու ենք շատ էական տարի, այն առումով, որ Արեւելյան գործընկերությունը նշելու է իր 10-ամյակը, եւ մայիսին նախատեսվում է համապատասխան բարձրաստիճան միջոցառում Բրյուսելում»,- նշեց Մնացականյանը:

«2019-ին Հայաստանը, նախատեսվածից բացի, լրացուցիչ ֆինանսական աջակցություն եւս կստանա»,- Մնացականյանի հետ համատեղ ասուլիսում ասաց Յոհաննես Հանը: «Հայաստանում անցկացվեցին լավ, յուրահատուկ ընտրություններ նոր պատմության ընթացքում, միջազգային հանրությունը դրանք գնահատեց ազատ եւ արդար։ Այս ամենի հիման վրա պետք է նայել ապագային տնտեսական զարգացման առումով, որն անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը դառնա ավելի ուժեղ եւ ժողովրդավար։ Այս առումով առանձնացրել ենք համագործակցության մի շարք ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, դատական բարեփոխումները, կրթությունը։ Ինչպես նաեւ մենք հատուկ բյուջետային տող ունենք, որը նվիրված է իրավունքի ու ժողովրդավարության բնագավառներում հատուկ ձեռքբերումներին: Դա լրացուցիչ ֆինանսական աջակցություն կլինի Հայաստանին։ Հիմա հունվարն է, վաղաժամ է, բայց հանդգնում եմ հայտարարել, որ լրացուցիչ աջակցություն կլինի՝ խրախուսելու անցյալ տարվա զարգացումները»,- նշեց Հանը Երեւանում։ Նա հավաստիացրեց, որ 2021-2027թթ. բյուջեն պլանավորելիս նախատեսել են ԵՄ հարեւաններին ավելի մեծ աջակցություն ցուցաբերել, ինչից ապագայում Հայաստանը եւս կօգտվի։

 

«Չենք փորձում նստել միանգամից երկու աթոռների վրա»

Փետրվարի սկզբին գերմանական «Դոյչե Վելլե»-ին տված հարցազրույցում Նիկոլ Փաշինյանն անդրադարձել էր Գերմանիա կատարած պաշտոնական այցին: «Մենք պայմանավորվել ենք, որ Գերմանիան կաջակցի բարեփոխումների մեր օրակարգին, եւ պետք է ասեմ, որ Գերմանիան շատ դրական է վերաբերվում Հայաստանին, հատկապես այն քաղաքական փոփոխություններից հետո, որ տեղի ունեցան մեր երկրում: Գերմանիայի կառավարությունը հետաքրքրված է, որ Հայաստանում տեղի ունենան ժողովրդավարական ու համակարգային բարեփոխումներ, եւ ժողովրդավարությունը երաշխավորված լինի ինստիտուցիոնալ մակարդակով»,- ասել էր նա:

Գերմանացի լրագրողը հարց էր ուղղել՝ Ուկրաինայի նախկին նախագահին չհաջողվեց խորացնել հարաբերությունները թե՛ Եվրամիության, թե՛ Եվրասիական տնտեսական միության հետ՝ ինչո՞ւ է Փաշինյանը կարծում, որ դա իրեն կհաջողվի: «Մենք չենք փորձում նստել միանգամից երկու աթոռների վրա»,- նկատել էր Փաշինյանը՝ հավելելով. «Մենք նման նպատակ չունենք: Բոլոր երկրները, այդ թվում՝ Գերմանիան, բազմակողմ հարաբերություններ ունեն: Մենք եւս զարգացնում ենք մեր հարաբերությունները բոլոր ուղղություններով: Ես արդեն հայտարարել եմ, որ Եվրամիությունը աջակցում է մեր բարեփոխումներին, եւ որ ամենակարեւորն է՝ Եվրասիական միությունը մեր առջեւ խնդիր չի դնում եւ չի պահանջում ընտրություն կատարել: Մեր հարաբերությունները թե՛ մեկի, թե՛ մյուսի հետ լիովին թափանցիկ են, եւ մենք չենք պատրաստվում որեւէ դաշնակցի հետ հարաբերություններ զարգացնել մյուսի հաշվին»:

Հիշեցնենք նաեւ, որ ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի հետ բանակցություններից հետո Փաշինյանը նշեց, որ պաշտոնական Երեւանն ակնկալում է առաջիկայում բանակցություններ սկսել Եվրամիության հետ վիզաների ազատականացման շուրջ: Իսկ Մերկելը, պատասխանելով «Ազատության» հարցին, թե արդյոք, հաշվի առնելով ԵՄ «Ավելին ավելիի դիմաց» բանաձեւը եւ Հայաստանում տեղի ունեցած փոփոխությունները, Բեռլինը մտադիր չէ՞ ջանքեր գործադրել վիզաների ազատականացման ուղղությամբ եւ ընդհանրապես աջակցել, որ ԵՄ կողմից Հայաստանին տրվելիք օժանդակությունը մեծանա, ասել էր, որ այդ օժանդակությունը արդեն իսկ հայտնի է, որ շուտով կմեծանա, եւ այս տարի Հայաստանը Եվրոպական միությունից ավելի մեծ գումար կստանա։ «Այո, այդպես է, մենք արդեն աջակցում ենք։ Եվրամիությունը պարոն Հանի միջոցով իր աջակցությունը հստակ արդեն արտահայտել է»,- նշեց Մերկելը։

Փաշինյանը հավելել էր, որ, իր կարծիքով, ԵՄ հանձնակատար Յոհաննես Հանի վերջին այցը հստակ պատասխան տվեց այդ հարցին. «ԵՄ ներկայացուցիչները արդեն ասել են, որ պատրաստվում են ընդլայնել Հայաստանին տրամադրվող օժանդակության ծավալները։ Այս առումով, կարծում եմ, ակնհայտ է, որ ՀՀ-ԵՄ հարաբերություններում եւ ԵՄ երկրների հետ հարաբերություններում շատ լավ գործընկերային մթնոլորտ է հաստատված։ Ես չեմ կարծում, թե այդ առումով մենք խոչընդոտներ կունենանք»։ Փաշինյանը կրկին շեշտել էր, որ որեւէ կողմից Հայաստանի առաջ չի դրվում ժողովրդավարության համատեքստում աշխարհաքաղաքական որեւէ ընտրություն կատարելու խնդիր, եւ որ ՀՀ-ն ուղիղ եւ բաց հարաբերություններ է պահպանում ե՛ւ ԵԱՏՄ, ե՛ւ ԵՄ գործընկերների հետ։ «Այնպես որ, կարծում եմ, որ իսկապես գնդակը, ինչպես ասում են, Հայաստանի կառավարության դաշտում է, եւ պետք է մենք կարողանանք առավել արդյունավետ իրականացնել բարեփոխումների մեր օրակարգը՝ վստահ լինելով, որ աջակցություն կունենանք ինչպես ԵՄ մեր գործընկերներից, այնպես էլ ԵԱՏՄ մեր գործընկերներից»,- վստահեցրել էր Փաշինյանը։

Թե ինչ նոր համաձայնագրեր կստորագրվեն ԵՄ անդամ պետությունների, մասնավորապես՝ Գերմանիայի հետ մոտ ապագայում՝ ցույց կտա ժամանակը: Փաշինյանի կառավարության կողմից շարունակաբար շեշտվում են քաղաքական փոփոխությունները «տնտեսական փոփոխությունների հնարավորություն» դարձնելու հնարավորությունը: Այս առումով ԵՄ առաջատար պետություններից մեկի՝ Գերմանիայի հետ բանակցությունները կարող են արագացնել Հայաստան-ԵՄ հարաբերությունների զարգացումը։

Մնում է Հայաստանը ԵՄ գործընկերների հետ հարաբերություններում նախաձեռնողական քաղաքականություն վարի՝ խոսքը գործի վերածելով:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

14.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728