Լրահոս
Օրվա լրահոսը

Սպանության գործով պաշտպանը միջնորդեց դռնփակ ընթացակարգ, ինչը բավարարվեց

Փետրվար 15,2019 14:00

Ծանր քրեական գործերով ամբաստանվողների պաշտպանները վերջին շրջանում միջնորդություններ են անում դռնփակ նիստեր անցկացնելու համար:

Պատճառաբանությունը մեկն է. անձնական, ընտանեկան տվյալների հրապարակայնացումը ԶԼՄ-ներով:

Երեկ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի Նոր Նորքի նստավայրում դատավոր Դավիթ Հարությունյանի նախագահությամբ շարունակվելու էր Արշակ Արշակյանի վերաբերյալ քրեական գործով վկաների հարցաքննությունը:

Սակայն մինչ կլսվեր դատարան ներկայացած վկա Գոհար Դավթյանին, ամբաստանյալի պաշտպանը` փաստաբան Հ. Անանյանը միջնորդեց նիստը դռնփակ անցկացնելու մասին:

Տուժողի իրավահաջորդի ներկայացուցիչ, փաստաբան Արտյոմ Բադալյանը առարկեց, ասելով, թե իր վստահորդը համաձայն է, որպեսզի լուսաբանվի իր դստեր ընտանեկան ողբերգությունը, նաեւ նկատեց, որ նախորդ նիստից առաջ էլ պաշտպանական կողմը ոստիկանների քանակից էր դժգոհում, այսօր դահլիճում գտնվող երկու լրագրողներից:

Մեղադրողն ասաց, թե խոսք չի գնում անձին սեռական անձեռնմխելիությունից զրկելու մասին, եւ ամբողջությամբ դեմ էր միջնորդությանը:

Պաշտպանը կիսադռնփակության մասին էր միջնորդել, ասելով, թող լրատվամիջոցները պարտավորվեն, որ չեն հրապարակի իրենց հասանելի դարձած տեղեկատվությունը:

Դատավորը որոշեց վկային հարցաքննել առանց «երրորդ աչքի»:

Հիշեցնենք, որ Արշակ Արշակյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2017թ. մարտի 3-ին, Երեւանի Գ-1 թաղամասի 9/5 տանը ծագած վիճաբանության ընթացքում, ժամը 14:00- 17:29-ն ընկած ժամանակահատվածում, կնոջը` 1986թ. ծնված Հայկանուշ Քեյվանյանին ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ սահմանափակ եւ ոչ սահմանափակ ազդեցության մակերեսներ ունեցող բութ, կոշտ առարկաներով եւ գործիքներով բազմաթիվ հարվածներ է հասցրել Հայկանուշ Քեյվանյանի կենսական կարեւոր նշանակություն ունեցող օրգաններին, այնուհետեւ հաղթահարելով Հայկանուշ Քեյվանյանի դիմադրությունը, տան աստիճանավանդակի բռնակից աջ ձեռքով կառչած Հայկանուշ Քեյվանյանին ձեռքի երկայնաձիգ առանցքի ուղղությամբ ուժգին ներգործությամբ տեղաշարժելով` բարձրությունից գլխիվայր ցած է նետել դեպի տան նկուղային հարկ` պատճառելով կյանքի հետ անհամատեղելի, մահվան հետ ուղղակի անմիջական պատճառական կապի մեջ գտնվող մարմնական վնասվածքներ` սպանելով նրան:
Մարտի 21-ի որոշմամբ Գրիգոր Քեյվանյանը ճանաչվել է տուժող Հայկանուշ Գրիգորի Քեյվանյանի իրավահաջորդ:

Այս ծանր գործով 2017 թվականի ապրիլի 11-ին Արշակ Արշակյանի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը, վերջինս ներգրավվել է որպես կասկածյալ:

2018 թվականի մարտի 20-ին որոշում է կայացվել Արշակ Արշակյանին ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով նախկինում առաջադրված մեղադրանքը փոփոխելու մասին, նրան նոր մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով, նույն օրը միջնորդություն է ներկայացվել դատարան, մեղադրյալի նկատմամբ, որպես խափանման միջոց, 2 ամիս ժամկետով կալանավորում կիրառելու մասին, որը դատարանի կողմից բավարարվել է:

2018 թվականի հունիսի 4-ի որոշմամբ թիվ 10105718 եւ 10102917 քրեական գործերը միացվել են մեկ վարույթում:

2018 թվականի հուլիսի 2-ին կազմվել է մեղադրական եզրակացություն, գործը հուլիսի 4-ին ընդունվել է դատավոր Դ.Հարությունյանի վարույթ:

2018 թվականի սեպտեմբերի 18-ի դատական նիստում Ա. Արշակյանի պաշտպան Հ. Անանյանը հանդես է եկել միջնորդությամբ, խնդրելով վստահորդի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանավորումը վերացնել, իսկ դրա անհնարինության դեպքում այն փոխարինել դրա այլընտրանքային խափանման միջոց գրավով, ինչը մերժվել էր:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

14.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728