Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Առանց քաղաքացուն ծանուցելու արգելանք են դրել նրա գույքի վրա, բռնագանձման վճիռ կայացրել

Փետրվար 15,2019 13:30

Այս գործով ուշադրության արժանի է այն, որ ապահովագրական ընկերությունը վեց տարի առաջ` 2013թ.-ին տեղի ունեցած վթարի գործով հայցադիմում էր ներկայացրել հինգ տարի հետո:

2018թ. դեկտեմբերի 24-ի Երեւանի ընդհանուր իրավասության դատարանի վճիռը, կից փաստաթղթերով, միայն երեկ տրամադրվեց Աշոտ Աբգարյանին: Վերջինս դիմել էր հանրային պաշտպանի գրասենյակ՝ իրեն փաստաբանական օգնություն ցույց տալու համար:

Պարզվեց, որ «Ռեսո» ապահովագրական ընկերությունը դիմել էր դատարան՝ Աշոտ Աբգարյանի դեմ գումարի բռնագանձման պահանջի մասին հայցով:

Հայցվորի ներկայացուցիչ Սամվել Գրիգորյանը դատարանին գրավոր հայտնել է, որ 2013թ. նոյեմբերի 15-ին Երեւան քաղաքի Նորագավիթ 1-ին եւ 6-րդ փողոցների խաչմերուկում, սեփականության իրավունքով Աշոտ Աբգարյանին պատկանող, Արթուր Մարտիրոսյանի կողմից վարվող՝ ՎԱԶ21150 մակնիշի 21 US 652 համարանիշի եւ Գեղամ Մինասյանին սեփականության իրավունքով պատկանող ՎԱԶ12074-120 մակնիշի 34 LM 548 համարանիշի ավտոմեքենաների մասնակցությամբ տեղի է ունեցել ճանապարհատրանսպորտային պատահար:

Ըստ փորձագետի եզրակացության եւ ԱՊՊԱ ոլորտում ապահովագրական պատահարի արդյունքում ավտոտրանսպորտին պատճառված վնասների շուկայական արժեքի գնահատման առաջնային հաշվետվության՝ ճանապարհատրանսպորտային պատահարն առաջացել է ՎԱԶ-ի վարորդ Արթուր Մարտիրոսյանի կողմից ՃԵԿ-ի պահանջների խախտման հետեւանքով, որի արդյունքում հայցվոր կողմի մեքենային պատճառվել է 281.500 ՀՀ դրամի գույքային վնաս:

Հայցվոր ընկերությունը նշել էր, որ իր եւ պատասխանողի միջեւ 27.06.2013թ. կնքված թիվ SE276327 ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրով պատասխանողն ապահովագրել է ՎԱԶ21150 մակնիշի 21 US 652 պետհամարանիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը, եւ որ նշյալ վկայագրում Արթուր Մարտիրոսյանը չի հանդիսացել լիազորված տիրապետող:

Նշենք, որ 2014թ. հունվարի 29-ի որոշմամբ տուժողին, որպես ապահովագրական հատուցում, վճարվել է 281.500 ՀՀ դրամ գումար:

Պատասխանող կենսաթոշակառուն «Առավոտին» ասում է, որ վթարից հետո նա հայտնել է, որ առողջական վիճակը կտրուկ վատացել է, եւ իր տան մոտ, որտեղ կատարվել է վթարը, խնդրել է, որպեսզի մեքենան վարի վարորդի վկայական ունեցող, այդ պահին իր մեքենայում գտնվող բարեկամը` Արթուրը:

«Դեպքի վայրում վարորդների կողմից լրացված եւ ստորագրված մեղավորության վերաբերյալ համաձայնության ակտով եւ 2013թ. նոյեմբերի 15-ին տրված բացատրություններով վարորդ Արթուր Մարտիրոսյանը վերոնշյալ վթարի առաջացման մեջ ընդունել է իր մեղավորությունը»,-նշել էր ապահովագրական ընկերությունը:

Այսքանով, հայցվորը հեռակա խնդրել էր դատարանին՝ Աշոտ Աբգարյանից հօգուտ «Ռեսո» ԱՓԲԸ-ի բռնագանձել 281.500 ՀՀ դրամ:

Դատարանը բավարարել է հայցը՝ առանց կողմին ծանուցելու:

Չորս նիստ է տեղի ունեցել, ըստ դատական տեղեկատվական համակարգի, որից երկուսը չի կայացել, երկուսը կայացել է:

«Առավոտին» պատասխանող Աշոտ Աբգարյանն ասաց, թե վճռից է իմացել, որ դատարանի որոշմամբ՝ որպես հայցի ապահովման միջոց 281.500 ՀՀ դրամ գումարի չափով արգելանք է դրվել իր գույքի վրա:

Դատարանը արձանագրել էր. «Պատասխանող Աշոտ Աբգարյանը դատական նիստին ներկա չէր, հայցադիմումի գրավոր պատասխան չէր ներկայացրել», սակայն որեւէ տող չկար այն մասին, թե պատասխանողը պատշաճ ծանուցվե՞լ է, թե՞ ոչ, եւ ինչո՞ւ պատասխանողը որեւէ առարկություն չի ներկայացրել:

Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

14.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728