Լրահոս
Օրվա լրահոսը

«Կյանքն ավելին կարող է մեզ առաջարկել, քան սպասում ենք»

Փետրվար 15,2019 13:00

Զրույց Հայաստանում աշխատող հոգեբան Ջանմիքելե Լակուալեի հետ

Ջանմիքելե Լակուալեն հոգեբան-հոգեթերապեւտ է։ Նա աշխատում է Դիլիջանի Միացյալ համաշխարհային քոլեջներ (UWC) միջազգային դպրոցում: Նա սիրում է Հայաստանը եւ աշխատանքին զուգահեռ բացահայտում է մեր երկիրը ու մարդկանց:

«Առավոտի» հետաքրքրությանը, թե Դիլիջանի միջազգային դպրոցում սովորում են տարբեր ազգերի, մշակույթների ներկայացուցիչներ, այդ պարագայում ինչքանո՞վ է կարեւոր հոգեբանի դերակատարությունը, Ջանմիքելե Լակուալեն նշեց, որ UWC դպրոցները, որոնք միջազգային ուսանողներին համախմբող կրթական ցանց են, կարեւորում են ոչ միայն ուսանողների կոգնիտիվ, այլեւ զգացմունքային մակարդակում զարգացած լինելը, ինչպես նաեւ նրանց բարեկեցությունը:

Նրա ձեւակերպմամբ, կրթությունը կարող է միավորել ուսանողներին եւ մարդկանց: Հոգեբանը պարզաբանում է, որ դեռահասների պահանջմունքները եւ նրանց առջեւ ծագող խոչընդոտները բազմազան են, եւ երբեմն դրանց հետեւանքով նրանք կարող են ունենալ հոգեբանական, զգացմունքային խնդիրներ։ Հուզական զարգացումը, որի ընթացքում անձը սովորում է ճանաչել եւ կառավարել մեր զգացմունքները, ուղղահայաց -գծային գործընթաց չէ, այն մի ամբողջ համալիր է, որը կարող է խնդիրներ առաջ բերել։ Այնպես որ, դեռահասների համար հոգեբանի աջակցությունը կարող է շատ կարեւոր լինել, որպեսզի նրանք կարողանան հաղթահարել իրենց փորձությունները եւ սովորել իրենց իսկ խնդիրներից։ Բացի այդ, միջազգային ուսանողները, որոնք իրենց առօրյա կյանքն անցկացնում են աշխարհի տարբեր ծայրերից եկող մարդկանց հետ՝ իրենց միջավայրից տարբերվող միջավայրում, հոգեբանի խոսքերով, հնարավոր է ունենան նաեւ, այսպես կոչված, մշակութային շոկ, եւ այդ հարցում հոգեբանի դերը շատ է կարեւորվում։ Մեր զրուցակցի խոսքերով, հոգեբանին պետք է նայել ոչ միայն որպես մասնագետի, որը աջակցում է զգացմունքային խնդիրներ ունեցող անձանց, այլեւ որպես կանխարգելիչ գործունեություն իրականացնողի, որ մարդիկ չապրեն դիսթրես եւ լինեն առողջ։ Հոգեբանը կարող է աջակցել առողջ զգացմունքներ զարգացնելու գործընթացին։

Հոգեբանը նշեց, որ ինքն էլ է ավարտել UWC միջազգային դպրոցները, սովորել է Իտալիայում գտնվող UWC Adriatic-ում: Սովորել է հոգեբանություն, կլինիկական հոգեբանության գիտությունների թեկնածուի աստիճանի համար գիտական թեզ է պաշտպանել, ունի մասնագիտացում սոցիալական խմբերի հոգեբանության գծով: Մի քանի տարի առաջ՝ մինչ Հայաստան գալը, աշխատել է Հարավային Իտալիայում գտնվող Բարի քաղաքի համալսարանում եւ հոգեբանական ծառայություն է մատուցել ուսանողներին: Նաեւ մատուցում էր մասնավոր հոգեբանական խորհրդատվություն եւ մասնակցում նույն համալսարանի հոգեբանության ֆակուլտետի հետազոտական աշխատանքներին:

«Իմ իղձերից մեկը եղել է միախառնելը հոգեբանության կլինիկական պրակտիկան եւ գիտական հատվածը»,- ասաց Ջանմիքելե Լակուալեն: Հավելեց, որ միշտ ցանկացել է աշխատել մի միջավայրում, որի ընթացքում կշփվեր տարբեր մշակույթների անձանց հետ:

«Սկսեցի աշխատանքի առաջարկներ դիտարկել եւ տեսա, որ առաջարկ կա աշխատել UWC-Հայաստանում, իսկ Հայաստանի մասին շատ քիչ գիտեի: Ամեն դեպքում, ինձ հետաքրքրեց այդ հնարավորությունը, գիտեի, որ հարուստ մշակույթ ու պատմություն ունեցող երկիր է: Այնպես որ, որոշեցի աշխատել միջազգային միջավայրում՝ տարբեր երկրներից եկող ուսանողների հետ, մի երկրում, որը քաղաքակրթությունների խաչմերուկ է եղել»,- ասաց նա:

Մեր դիտարկմանը, թե Հայաստանում ընդունված չէ հոգեբանին կամ հոգեվերլուծողի դիմելը, քանի որ այդ «գործառույթը» կատարում են բարեկամները, ընկերները, ծանոթները, հոգեբանը պատասխանեց, որ, իր կարծիքով, նաեւ այստեղ մարդիկ սկսել են կարեւորություն տալ իրենց հոգեկան առողջությանը, բացի այդ, նրա խոսքերով, հոգեբանի մոտ գնալը պետք է կապ չունենա թրենդի, ավանդույթի եւ կարծրատիպերի հետ: «Լինում են դեպքեր, որ անպայման պետք է դիմել մասնագետի: Թեեւ հոգեբանը մշակույթ փոխելու առաքելություն չունի, ամեն դեպքում, Հայաստանում էլ պետք է արմատավորվի հոգեբանին դիմելու մշակույթը, այդ ներդնումը կարող է կարեւոր լինել մարդկանց օգնելու եւ աջակցելու հարցում»,-ասաց մեր զրուցակիցը:

Մեր զրույցի ժամանակ անդրադարձ եղավ մարդկանց՝ սոցցանցերից կախվածությանը: Հոգեբանը նշեց, որ կարեւոր է տարբերել, թե ինչ նպատակով եւ ինչպես են սոցցանցերն օգտագործվում, դրանք կարող են ծառայել որպես գործիք՝ մարդկանց միջեւ կապեր հաստատելու, գեղեցիկ արժեքներ քարոզելու, մարդու իրավունքների մասին բարձրաձայնելու համար, մյուս կողմից՝ մարդիկ կարող են խիստ կախվածություն ունենալ սոցցանցերից: «Երբեմն մարդիկ գերադասում են շփումը սոցցանցերում, քան իրական միջանձնային հարաբերությունները»,- փաստում է մասնագետը: Հավելում է, որ խնդիրը ոչ թե սոցցանցերն են, այլ այն ձեւը, թե ինչպես ենք օգտվում դրանցից, որովհետեւ կախվածության հակում եւ խնդիրներ ունեցող մարդը կախվածություն կարող է ունենալ նաեւ շոփինգից, թմրամիջոցներից, հազար ու մի բանից:

«Երբեմն մարդկային հարաբերությունները կարող են ցավոտ լինել, ուստի ոմանք նախընտրում են սոցցանցերով շփումը, քանի որ այդպես ավելի պաշտպանված են զգում, քան իրական կյանքում շփվելիս: Մարդկանց կարող է թվալ, որ սոցիալական ցանցերով հարաբերվելիս կարող են իրենց հույզերը կառավարել, ինչն իրականում այդպես չէ»,-հավելում է հոգեբանը: Մասնագետը կարեւորում է մեդիագրագիտությունը երեխաների եւ երիտասարդների շրջանում, ինչը թույլ կտա ավելի խելամիտ օգտվել սոցցանցերից:

Խոսելով հասարակության մեջ կրթված, ուսյալ մարդու դերակատարության մասին, հոգեբանը նշեց, որ միայն տնտեսական եւ տեխնոլոգիական զարգացումը չէ, որ առաջ է տանում հասարակությունը, նրա համոզմամբ, ցանկացած հասարակությունում ներդրումներ պետք է կատարվեն մարդկանց հոգեկան եւ զգացմունքային առողջության պահպանման ուղղությամբ: «Հոգեպես առողջ մարդիկ են տնտեսական զարգացման գրավականը: Մենք գիտենք, թե ինչպիսի մեծ ազդեցություն կարող են ունենալ հոգեկան առողջության խնդիրները տնտեսական զարգացման վրա։ Բացի այդ, եթե բավականաչափ կրթված ենք, հասկանում ենք, թե ինչքան քիչ գիտենք ինքներս մեր մասին, իրականում ռացիոնալությունը պատրանք է, կյանքին չպետք է մոտենալ միայն ռացիոնալ տեսանկյունից…Նաեւ պատահական չէ այն ձեւակերպումը, թե մենք մեր սեփական մտքի տերը չենք: Սա մի կողմից կարող է դեպրեսիվ թվալ, բայց դա իրականում հետաքրքիր ապրելու ձեւ է՝ ինքներս մեզ լսել, մեր մասին մտածել, ապրել մեր կենսափորձի հիման վրա: Ի դեպ, կյանքն ավելին կարող է մեզ առաջարկել, քան սպասում ենք, եթե դուրս գանք ռացիոնալության սահմաններից…Հաճախ մենք փնտրում ենք այլ բան, բայց գտնում մեկ ուրիշը։ Ավելի ուշ հասկանում ենք, որ գտել ենք կարեւոր մի բան: Եթե փորձում ենք չափից դուրս վերահսկել մեր կյանքը, այն դառնում է դատարկ, ստերիլ: Իսկ եթե թողնում ենք, որ կյանքն անակնկալներ մատուցի, իրերն ավելի գունավոր են դառնում»,- ասում է հոգեբանը:

ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

14.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728