Լրահոս
Օրվա լրահոսը

Կոլչակի խելահեղ սերը՝ Աննա Տիմիրյովա

Փետրվար 15,2019 12:30

Ծովակալ Ալեքսանդր Կոլչակին շատերը հիշում են պատմության դասագրքերից: Նա Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է Բալթիական նավատորմի օպերատիվ շտաբի պետ, 1916 թվականից՝ Սեւծովյան նավատորմի հրամանատար։ Պայքարել է 1917 թվականի Փետրվարյան հեղափոխության դեմ։ 1918 թվականի նոյեմբերի 18-ին Օմսկում հաստատել է ռազմական կառավարություն (մինչեւ 1920 թվականի հունվարի 4-ը), որը կրել է Համառուսաստանյան ժամանակավոր կառավարություն անվանումը։ Սպիտակ շարժման մյուս առաջնորդների կողմից նա ստացել է «Համառուսաստանյան ռազմածովային ուժերի գերագույն գլխավոր հրամանատար» տիտղոսը։ Սպիտակգվարդիականների պարտությունից հետո, Կոլչակը եղել է անկախ զորամիավորումների դավադրության զոհը, որոնք նրան հանձնել են տեղական բոլշեւիկյան մարմիններին:

Կոլչակի անվան հետ է ասոցացվում Աննա Տիմիրյովայի անունը: Ըստ kulturologia.ru-ի, վերջինս եղել է բավականին ուսյալ անձնավորություն, ազնվական ծագումով տիկին, կատարյալ տիրապետել գերմաներենի եւ ֆրանսերենի:

Աննայի առաջին ամուսինը զինվորական էր, որից նա որդի ուներ, իսկ Կոլչակի հետ Տիմիրյովան ծանոթացել է 1915թ: Հանդիպումը ճակատագրական է եղել եւ համակրանքը վերաճել է մեծ սիրո: Հեղափոխությունից հետո Տիմիրյովայի ամուսինն արտագաղթում է՝ թողնելով կնոջն ու որդուն Փարիզում: Երբ Կոլչակը վերադառնում է Անգլիայից, Աննան նրա մոտ է տեղափոխվում եւ աշխատում է որպես թարգմանչուհի Մինիստրների խորհրդում: Աննան միշտ եղել է սիրած տղամարդու կողքին, անգամ երբ Չեկան հարցաքննում էր Կոլչակին, նա կամավոր հանձնվել է, որ Կոլչակի կողքին լինի ու տեսակցության հնարավորություն ունենա: Կոլչակի մահից հետո նրան ազատել են բանտից, ավելի ուշ ուղարկել Օմսկի մոտակայքում գտնվող կոնցենտրացիոն ճամբար աշխատելու: Տիկնոջը մի քանի անգամ բանտ են նստեցրել` օտարերկրացիների ու սպիտակ սպաների հետ կապ ունենալու մեղադրանքով:

Հետագայում Աննա Վասիլեւնան ամուսնացել է ինժեներ Վլադիմիր Կնիպերի հետ: 1935-ին կրկին ձերբակալվել է «անցյալը թաքցնելու» մեղադրանքով: Եվ այսպես շարունակ անընդհատ բանտ է նստել ու ազատ արձակվել մինչեւ կավարտվեր պատերազմը: Ռիբինսկում նա աշխատանքի է անցնում թատրոնում, որտեղ ոչ մեկը չգիտեր նրա պատմությունը: Աննա Վասիլեւնան գեղեցիկ աչքերով, կոկիկ տարեց կին էր արդեն: Թատրոնում չէին հասկանում նաեւ, թե ինչու էր տնօրենը, որ ազնվական ծագում ուներ, ամեն անգամ տիկնոջը հանդիպելիս հարգանքով խոնարհվում ու համբուրում ձեռքը:

Աննա Վասիլեւնային արդարացրին միայն 1960-ականներին: Նա տեղափոխվեց Մոսկվայի իր կոմունալ բնակարանը: Օյստրախն ու Շոստակովիչը միջնորդեցին, որ նա 45 ռուբլի թոշակ ստանա: Աննա Տիմիրյովան նկարահանվել է «Մոսֆիլմի» մի քանի կինոնկարների մասսայական տեսարաններում, փոքրիկ դեր խաղացել «Պատերազմ եւ խաղաղություն» ֆիլմում: Իսկ մահից 5 տարի առաջ, 1970-ին գրեց մի բանաստեղծություն` նվիրված Կոլչակին, որի տողերից մեկում ասում է, թե ողջ է մնացել Կոլչակի սիրո ու հուշերի շնորհիվ:

Պատրաստեց Գ. ՀԱԿՈԲՅԱՆԸ

«Առավոտ» օրաթերթ, 

14.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728