Ջերմուկ համայնքի բնակիչներն այսօր Ջերմուկի թիվ 2 դպրոցում հավաք են իրականացրել: Ամուլսարի շահագործման դեմ ակտիվիստ երիտասարդները համայնքի բնակիչների համար որոշ հարցեր են պարզաբանել: Aravot.am-ի հետ զրույցում Ջերմուկ քաղաքի բնակիչ Շիրակ Բունիաթյանն ասաց, որ իրենց մոտ այն սկզբունքն է գործում,որ Ամուլսարի հարցի շուրջ չեն պայքարում անձեր, այլ համայնքի բնակչությունն է պայքարում:
«Ջերմուկ համայնքի պարագայում համայնքի բնակչությունն ունի հստակ պահանջ եւ դա Ամուլսարում մետաղական հանքարդյունաբերության արգելումն է»։ Ըստ մեր զրուցակցի՝ քանի որ Ամուլսարի մուտքերը փակվել են հիմնականում Ջերմուկ համայնքի երիտասարդների կողմից, կարիք կար բացի համացանցում իրենց կողմից արվող հրապարակումներից՝ հանդիպել մարդկանց հետ. «Տեղեկացնելու նրանց, թե պայքարը ինչ փուլում է, ինչ դրամական նվիրատվություններ են եղել Ամուլսարի պայքարի համար, ում կողմից եւ ինչպես են դրանք ծախսվել եւ ծախսելու։
Կարիք կար տեղեկացնելու մարդկանց, թե ինչ մրցանակ էր տվել Թրանսփարենսի Ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոնի կողմից եւ ինչ է ներկայացնում այդ կազմակերպությունը իրենից»։
Շիրակ Բունիաթյանն ասաց նաեւ, որ պատրաստվում են իրազեկման հանդիպումներ ունենալ Վայոց Ձորի մյուս բնակավայրերի բնակչության հետ. «Մասնավորապես Արփա գետի հովտում գտնվող գյուղերում եւ քաղաքներում:
Մենք որպես հասարակ քաղաքացիներ կկիսվենք մեր մտահոգություններով, իսկ մեզ միացած մասնագետները ավելի գիտականորեն կհիմնավորեն Ամուլսարում հանք շահագործելու վտանգների մասին»։ Նա վստահեցրեց, որ Ամուլսարի «պոստում» կանգնող բնապահպան-ակտիվիստներն իրենց մեջքի հետեւում ունեն Ջերմուկ համայնքի մեծամասնության լիակատար աջակցությունը. «Ուստի համարեցինք, որ պարտավոր ենք ժամանակ առ ժամանակ հանդիպել հաշվետու լինել եւ միասին քննարկել հետագա անելիքները»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ