2018թ. դեկտեմբերի 28-ից Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում ընթանում է Արմավիրի մարզի Վաղարշապատ քաղաքի բնակիչ, Կ. Կ.-ի դատավարությունը: Նրան մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա գտնվելով Թուրքիայի Հանրապետությունում, 2018թ. սեպտեմբերի 30-ին Ստամբուլ քաղաքի սրճարաններից մեկում ազգությամբ թուրք մի քաղաքացուց ձեռք է բերել մարիխուանա տեսակի թմրամիջոց, որի մի մասը ծխել է, իսկ մնացած մասը, զգալի չափի՝ 3.945 գրամը, փաթեթավորել է պոլիէթիլենային փաթեթի մեջ եւ թաքցրել իր կողմից վարվող «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոբուսի բեռնախցիկում գտնվող արկղիկի մեջ եւ ուղեւորվել Հայաստան:
2018թ. հոկտեմբերի 4-ին նա հասել է ՀՀ պետական սահման, Վրաստանից Բագրատաշենի մաքսակետով թմրամիջոցը տեղափոխել է Հայաստան, որը նույն օրը մաքսային զննմամբ հայտնաբերվել է ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի վարչության աշխատակիցների կողմից:
Նախկինում չդատված Կ. Կ.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 267.1 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Եվրասիական տնտեսական միության մաքսային սահմանով կամ Հայաստանի Հանրապետության պետական սահմանով թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի կամ դրանց պրեսկուրանտների մաքսանենգությունը, որը կատարվել է չգալի չափերով») եւ 268 հոդվածի 1-ին մասով («Առանց իրացնելու նպատակի զգալի չափերով թմրամիջոցներ կամ հոգեմետ(հոգեներգործուն) նյութեր ապօրինի պատրաստելը, վերամշակելը, ձեռք բերելը, փոխադրելը կամ առաքելը»): Նրա նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ