Հունվարի 31-ին Շիրակի մարզպետարանը հայտարարություն տարածեց այն մասին, որ մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը տեղափոխվել է մարզպետարանի վարչական շենք՝ հաշվի առնելով բյուջեի տնտեսման կարևորությունը։ Մարզպետարանի այդ վարչությունը, որը տարիներ շարունակ գլխավորել է Սահակ Մինասյանը (վերջինս ՀՀԿ կառույցի ղեկավարն է), միշտ գտնվել է մարզպետների աչքից հեռու․ գործել է առանձին կառույցում՝ Գյումրու կենտրոնական Գայի փողոցում։
Մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանի փաստմամբ, շենքը, որտեղ տեղակայված էր մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչությունը, իրենից պատմական հուշարձան է ներկայացնում։ Թե ինչու հենց այս պահին որոշեցին տնտեսումներ անել ու վերոհիշյալ վարչությունը հանել այդ շենքից, Գյումրիում խոսակցություններ են պտտվում, որ դրա վրա աչք ունեն․ մտադրություն կա հյուրանոց դարձնելու։
Ինչևէ, այս թեմայի շուրջ պարզաբանումներ խնդրեցինք Շիրակի մարզպետարանի քաղաքաշինության վարչության պետ Ալբերտ Մարգարյանից։ Պաշտոնյան նշեց, որ շենքը պետական սեփականություն է, գրանցված է որպես Շիրակի մարզպետարանի սեփականություն և գտնվում է պետական գույքի կառավարման կոմիտեի հաշվեկշռում։
«Այն՝ որպես մարզպետարանի մասնաշենք պահելը, նպատակահարմար չէր՝ ծախսեր իրականացնելու առումով, դրա համար որոշում կայացվեց, մարզպետարանի շենքում սենյակներ ազատվեցին ու տրամադրվեցին կրթության, մշակույթի և սպորտի վարչության աշխատակիցներին։ Այդ շենքն այս պահին ազատ է»,- ասաց Ալբերտ Մարգարյանը։
Մարզպետարանի պաշտոնյան հավաստիացրեց, որ որևէ իրավաբանական կամ ֆիզիկական անձից գրություն չեն ստացել այդ շենքը վարձակալական հիմունքներով տրամադրելու։
«Իմ կարծիքով որևէ դիմում չի էլ տրվի, որովհետև այդ գույքի տրամադրումը թե՛ վարձակալական հիմունքներով, թե՛ օտարելը, նույնիսկ անհատույց սեփականության իրավունքով որևէ ներդրողի տրամադրումը պետք է տեղի ունենա կառավարության համապատասխան որոշմամբ կամ պետական գույքի կառավարման կոմիտեի որոշմամբ։ Եթե պետք է տրամադրվի վարձակալությամբ, դա կլինի պետական գույքի կառավարման կոմիտեի որոշմամբ՝ համապատասխան պայմանագիր կնքելով, իսկ եթե անհատույց օգտագործման իրավունքով օտարվի կամ օրենքով սահմանված կարգով օտարվի, այդ շինությունն, այսպես ասած, սեփականաշնորհվի, արդեն դա տեղի է ունենալու Ազգային ժողովի կողմից։ Այն ընդգրկվելու է մասնավորեցվող օբյեկտների ցանկում, որին հետևելու է համապատասխան կառավարության որոշում, դրանից հետո պետական գույքի կառավարման կոմիտեն կիրականացնի այդ օբյեկտի օտարումը»,-պարզաբանեց Ալբերտ Մարգարյանը։
Ալբերտ Մարգարյանը կարծում է, որ շենքի «տեղադիրքը» շատ լավն է, գտնվում է կենտրոնական հրապարակում ու նպատակահարմար կլինի սպասարկման ոլորտի օբյեկտի կառուցման համար, հատկապես որ կա ծրագիր Գյումրու կենտրոնը տուրիզմի գոտու վերածելու։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ
Ինչ ՞ է այս անհասկնալի մոլուցքը մեր հիւրանոցները և ճաշարանները անուանել ՕՏԱՐ ԱՆՈՒՆՆԵՐՈՎ
Մեր երկիրը արժանապատւութիւն չունի ?