Օրերս ոստիկանության ԿՀԴՊ գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում պաշտոնատար անձի կողմից թույլ տրված չարաշահումների վերաբերյալ օպերատիվ տեղեկություններ էին ստացվել։
Համագործակցելով ոստիկանության Վայոց ձորի մարզային վարչության և Վայքի բաժնի ծառայողների հետ՝ փետրվարի 4-ին ձեռնարկված համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառման արդյունքում պարզվեց, որ Վայք քաղաքի հիմնական դպրոցի տնօրենը, որ պաշտոնավարում է 2013 թվականից, օգտագործելով պաշտոնեական դիրքը, իր որդուն հրամանագրել է որպես սոցիալական մանկավարժ, իսկ հարսին՝ որպես գնումների համակարգող։ Երկուսն էլ 2017 թվականի հունվարից 2018-ի դեկտեմբեր փաստացի աշխատանքի չեն հաճախել։
Պարզվել է նաև, որ նրանց անվամբ դուրս գրված երկուսուկես միլիոն դրամից ավելի աշխատավարձը յուրացրել է դպրոցի տնօրենը։
Պաշտոնեական դիրքն օգտագործելով խոշոր չափի յուրացում կատարելու դեպքի առթիվ նախապատրաստված նյութերով հարուցվել է քրեական գործ։
Կատարվում է նախաքննություն։
***
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
ՀՀ ոստիկանություն