Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի նկատմամբ Բարձրագույն դատարանի խորհրդի (ԲԴԽ) որոշմամբ այսօր՝ փետրվարի 14-ին կիրառվեց ամենախիստ կարգապահական տույժը՝ դադարեցվեցին նրա լիազորությունները: Որոշումը հրապարակվեց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանի կողմից: Դատավորին կարգապահական տույժի ենթարկելու միջնորդությունն արվել է ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանի կողմից 2018 թ-ի դեկտեմբերի 25-ին: Գործը քննվել է դռնբաց նիստում:
Ելնելով միջնորդության քննության արդյունքներից և ղեկավարվելով ՀՀ սահմանադրության 175-րդ հոդվածի առաջին մասին 7-րդ և 8-րդ կետերով, ՀՀ դատական օրենսգրքի մի շարք հոդվածներով (սահմանադրական օրենք 94-րդ հոդվածի 6-րդ մասով, 142-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, նույն հոդվածի 6-րդ մասի 2-րդ կետով,149-րդ հոդվածի առաջին մասի 4-րդ կետով, 154-րդ հոդվածի 4-րդ մասի 1-ին կետով և 155-րդ հոդվածով)՝ դատարանը որոշեց բավարարել ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը.
«Դատարանը որոշեց ՀՀ արդարադատության նախարարի միջնորդությունը բավարարել, էական կարգապահական խախտման հիմքով Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցնել: Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից և վերջնական է»,- որոշումն ընթերցելիս ասաց ԲԴԽ նախագահ Գագիկ Հարությունյանը:
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանը լրագրողների հետ զրույցում նշեց, որ որոշումն անբողոքարկելի է, քանի որ այն Դատական օրենսգրքի դրույթ է. «Խոսքը վերաբերում է դատավորի կողմից որոշակի դատավարական գործողություններ կատարելուն, այսինքն՝ լիազորությունների կատարել-չկատարելուն, մասնավորապես ուժի մեջ չմտած դատական ակտին կատարողական թերթ տալուն, որը դիտվեց էական կարգապահական խախտում ԲԴԽ-ի կողմից»:
ԲԴԽ անդամ Հայկ Հովհաննիսյանի կարծիքով՝ այս գործընթացները վկայում են դատական իշխանությունում առկա առողջացման գործընթացների, ազդակների մասին, որը ցույց է տալիս, որ դատական իշխանությունը, դատական համակարգը ունակ են ինքնամաքրման և կատարելագործման:
«Շուտով երբ ներդրվի էլեկտրոնային արդարադատությունը, ողջամիտ ժամկետների հաշվարկը, դատարաններում որոշակի ընթացակարգեր պարզեցվեն և դատական իշխանությունը բացվի հասարակության առջև, դառնա ավելի թափանցիկ, ակներև կդառնա, որ դատական համակարգը ունակ է առողջանալու՝ առանց որևէ կտրուկ քայլերի»,- իր խոսքում ասաց պարոն Հովհաննիսյանը:
Արայիկ Մելքումյանը, որը ևս ներկա էր որոշման հրապարակմանը, չցանկացավ խոսել լրագրողների հետ՝ նշելով, որ համաձայն չէ որոշման հետ և կխոսի որոշմանն ամբողջությամբ ծանոթանալուց հետո:
Հիշեցնենք, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արայիկ Մելքումյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու մասին միջնորդություն ներկայացվել էր նաև Դատավորների ընդհանուր ժողովի կարգապահական հարցերի հանձնաժողովի կողմից, սակայն քննության արդյունքում այդ միջնորդությունը մերժվել էր ԲԴԽ-ի կողմից:
Ռոզա ՀԱԿՈԲՅԱՆ