«2017 թվականին ընդունվել է ճարտարապետության գործունեությունը կարգավորող օրենք, որը շատ բացթողումներ ունի և տանում է ճարտարապետության մոնոպոլիզացիայի»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ զրույցում մտահոգություն հայտնեց ճարտարապետ Մարիամ Խաչատրյանը։
Նա շարունակեց. «Սկսած լիցենզիաների տրամադրումից մինչև ճարտարապետ –կառուցապատող, ճարտարապետ -պետություն բոլոր գործառույթներն իրականացվում են Ճարտարապետության պալատի միջոցով»:
Ճարտարապետ Արտակ Խալաթյանը նշեց, Ճարտարապետության մասին օրենքն ունի մի շարք բացթողումներ. «Չգիտեմ՝ ով է գրել այդ օրենքը. կուզեի՝ դեմքը տեսնել գրողի, բայց թող բարի լինեին ինչ-որ փաստաբանի ցույց տալ, որ հասկանային ինչն իրավունք ունեն գրելու, ինչը՝ ոչ: Մի շարք թյուրիմացություններ կան այնտեղ: Գրված է, որ Ճարտարապետների պալատը ինքնակարգավորվող ոչ առևտրային կազմակերպություն է, այն իրավունք ունի ստեղծել առևտրային կազմակերպություն: Բա նոր ասում էիք ոչ առևտրային կազմակերպությո՞ւն է. ո՞նց եղավ, որ իրավունք ունի առևտրային կազմակերպություն դառնալու: Սա ցույց է տալիս, որ օրենքը կազմվել է ոչ ուշադիր: Այս օրենքը իրավունք չկար դնելու գործողության մեջ»:
Իրավաբան Մարիաննա Եղիազարյանը նշեց, որ Ճարտարապետության մասին օրենքը տարբեր ռիսկայնության աստիճանի նախագծերի հետ կապված տարբեր մոտեցում է նախատեսում, բայց Ճարտարապետների պալատի կանոնադրությամբ այլ մոտեցում է նախատեսվել: Իրավաբանը մանրամասնեց. «Կուզեի խոսել, թե մենք ինչքան ենք շարունակելու տարբեր կարևոր ոլորտներում օրենքի իմիտացիաներ ընդունել: Այստեղ օրենք չենք տեսնում: Եթե օրենք եք ընդունում, ստեղծում եք նոր մարմին, ինչո՞ւ եք օրենքի հիմնական մեխը տրամադրվում պալատին»։ Ըստ իրավաբանի՝ օրենքը սահմանափակում չի դնում, թե որ սահմանները չեն կարող հատվել։
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ