«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրուցում անդրադարձավ այն քննադատությանը, որ ինքը Տիգրան Սարգսյանի ու Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրին կողմ է քվեարկել, իսկ հեղափոխությունից հետո այս կառավարության ծրագրին դեմ է քվեարկում: Նա ասաց. «Տիգրան Սարգսյանի կառավարության ծրագրին կողմ եմ քվեարկել, որովհետեւ ՀՀ-ԵՄ ասոցացման համաձայնագրի մասին դրույթ կար: Ավելին՝ այն ժամանակ անկախ պատգամավոր եմ եղել, իմ ամեն մի կողմ ձայնի դիմաց իմ ընտրատարածքում որոշակի ծրագրեր են իրականացվել: Այսինքն, ես կառավարության հետ բանակցել եմ, որ պետք է ծրագիր անեք՝ դպրոց վերանորոգեք, մի խնդիր լուծեք թիվ 38 ընտրատարածքի համար: Եվ դա անգիր գիտեն Փաշինյանենք: Եթե դա մահացու մեղք է եղել, բա էդ ինչի՞ եք եկել հետս դաշինք կազմել, բա ինչի՞ եմ ես առաջնորդել ձեր ցուցակը այսպես կոչված: Այսինքն, այդ փաստերը նորից այստեղ բերել, դա Մանուշակ մանկապարտեզ է»:
Մարուքյանն ասաց, որ այդպես է վարվել, այսինքն՝ կառավարության հետ գործարքի է գնացել, երբ անկախ պատգամավոր էր, իսկ երբ կուսակցական է դարձել, կուսակցությունը ընդդիմություն է իրեն հայտարարել, այլեւս նման բանակցություններ չեն վարվել ու ընտրատարածքի շահը առաջ չի դրվել քաղաքական շահից:. «Տարիներ անց դա բերել այստեղ անլուրջ է, իսկ մենք խորհրդարան անլրջացնելու չունենք»:
Մարուքյանը նաեւ հայտարարեց.«Տիգրան Սարգսյան, Տիգրան Սարգսյան էին ասում, երբ որ ես անկախ պատգամավոր էի, կառավարությունից զանգեցին, ասեցին՝ Տիգրան Սարգսյանն ուզում է կառավարության ծրագիրը ձեր հետ քննարկել՝ մի մարդու, դուք պատկերացնո՞ւմ եք, հիմա ֆրակցիաների հետ չեն ուզում քննարկեն, սա ի՞նչ է, եթե ոչ ամբարտավանություն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ