Լրահոս
Օրվա լրահոսը

Համաներմամբ կալանավայրից ազատվածն արդեն երրորդ ամիսն է՝ չի կարողանում աշխատանք գտնել

Փետրվար 14,2019 17:48

Անցած տարի հայտարարված համաներմամբ կալանավայրից ազատված Գ.Գ.-ն արդեն երրորդ ամիսն է՝ չի կարողանում աշխատանք գտնել։ «Երբ իմանում են դատապարտված ես եղել՝ այնպես են նայում ոնց որ ՍՊԻԴ-ով հիվանդ լինես»,- պատմում է նա։

Գ. Գ.-ն ունի ոսկերչի մասնագիտություն, նաեւ՝ հմուտ վարորդ է։ Նախկին դատապարտյալի խոսքով՝ բանտում մտածում ես շուտ ազատվես, հասնես ընտանիքիդ, բայց հետո էլ ամաչում ես, որ չես կարող երեխայիդ ուզած 200 դրամանոց շոկոլադը գնել։

Հետեւում է լրատվական կայքերին, ուրախ է, որ պատգամավորները կարողանում են բանտարկյալներին օգնել, բայց ազատվողների մասին չեն մտածում։ «Այ տիկին Զոհրաբյան Նարա, ես քո ցավն էլ տանեմ, խի չես մեր մասին մտածում։ Թե՞ մարդու իրավունքի ոտնահարում չէ: Պիտի անպայման հացադուլ անե՞մ, պլակատներով նստեմ մի տեղ, որ զբաղվեն ինձնով։ Ու իմ նման տեսեք քանի հոգի կլինեն»,-ասաց նա։

Մեր զրուցակիցը դիմում է արդարադատության նախարարին, ՄԻՊ-ին՝ մտածեն ինչ-որ բան, ընդունեն որոշում կամ օրենք, որ գործատուները հասկանան՝ կալանք կրած մարդիկ «բոբոներ» չեն։

«Հիմա դիմում եմ բոլորին՝ գործատուներին, Ծառուկյանից մինչեւ Փաշինյան, Մակունցից մինչեւ Մարուքյան, տեղավորեք ինձ աշխատանքի, շանս տվեք, ես չեմ ուզում լքել երկիրս, բայց երեխեքիս հայացքներին այլեւս չեմ դիմանում»,-ասաց նա։

Դավիթ ԱՐՄԵՆՅԱՆ

Հ.Գ. Մեր զրուցակցի անուն ազգանունը իր ցանկությամբ չենք նշում, սակայն տվյալները խմբագրությունում են։ Գործ առաջարկողներին կտրամադրենք։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել