Կառավարության ծրագրի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ամփոփիչ ելույթի զգալի մասն ուղղված էր ԼՀԿ-ին ու այդ խմբակցության պատգամավորներին:
«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ իշխանությունները փայփայում են սուպերվարչապետական համակարգը ու մանիպուլացնում են, իբր իրենք են փայփայում. «Մե՞նք ենք դա փայփայում լո՞ւրջ եք ասում, ես ժպտում եմ…»,- հեգնեց նա:
Aravot.am-ի հարցին՝ երբ վարչապետը ձեզ ասաց՝ մյուս անգամ չհամարձակվեք իրեն ու Սերժ Սարգսյանին նույն հարթության վրա դնել, ձեզ «սպառնո՞ւմ էր»՝ Մարուքյանը պատասխանեց. «Ես էլ իրեն ասեցի՝ մյուս անգամ հանկարծ չասեք մյուս անգամ: Ենթադրում եմ, որ ինչ-որ սպառնալիք կար դրա մեջ: Բայց վարչապետը պետք է հիշի, որ ինքը էլ ընդդիմադիր գործիչ չի եւ երբ ընդդիմադիր լինելու ժամանակ կարող էր նման բաներ ասել այն իշխանությանը, որը կոռումպացված էր, այսօր նա չի կարող նման հռետորաբանություն կիրառել: Սա ցույց չի, կներեք, սա գործադիր իշխանություն է: Հետեւաբար պետք է Նիկոլ Փաշինյանը մի բան անի՝ հեղափոխական Փաշինյանի ու կառավարիչ Փաշինյանի մեջ տարբերություն տեսնենք: Կառավարիչ Նիկոլ Փաշինյանն այսօր շատ վատ պահեց իրեն»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ