«Ես ստախոսին, նրա գրածներին հետևելու, մանավանդ խոստումները վերլուծելու մեջ որևէ առողջ բան չեմ տեսնում»,- «Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը:
Նա նշեց՝ այսօրվա, այսպես կոչված, հեղափոխական կառավարությունը ստախոս կառավարություն է. «Ինչ էլ որ գրեն, մեկ է, պետք է ստեն: Սա առաջին ծրագիրը չէ, որ ընդունում են: Երբ անցյալ տարվա մայիս- հունիսին ընդունվեց ծրագիրը, նույն կառավարությունն այնտեղ հստակ խոստումներ էր տալիս: Ասված էր, որ Ընտրական օրենսգիրքը, ռեյտինգային համակարգը վատն է, դրա համար մենք վատ կառավարություն ունենք, դրա համար պետք է փոխել և այլն: Դա ծրագրային խոստում էր: Կառավարությունն, ի վերջո, խոստացել է, օրենք է դա, բայց այդ խոստումները չկատարվեցին քմահաճույքով, կամայական մոտեցմամբ: Իսկ ինչո՞ւ ես պետք է քննարկեմ ստախոսի այսօրվա ծրագիրը, երբ իր ճակատին ստախոս է գրված»:
Հիշեցնելով այն, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ժամանակին Սերժ Սարգսյանին մեղադրում էր ԵԱՏՄ մտնելու մեջ և հայտարարում ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին, մինչդեռ հիմա այլ բան է անում:
Ըստ Պարույր Հայրիկյանի՝ աշխարհի որևէ երկրում որևէ հեղափոխական չի ասում, թե իրավիճակ է փոխվել, հետևաբար պիտի փոխեմ խոստումները: Այս համատեքստում Պարույր Հայրիկյանը նկատեց, որ մարդկանց մոտ բացասական ասույթ է դարձել. ամեն առիթով ասում են՝ իրավիճակ է փոխվել:
Հայրիկյանն ասաց, թե կոչ են արել միանալ հեղափոխությանը, բայց հիմա զգուշացնում է՝ գործ ունենք մեր պատմության մեջ բացառիկ ստախոսի հետ: Եթե մարդու այոն այո է, ոչը՝ ոչ, հետևաբար ես նրա գրած ծրագրի ի՞նչը վերլուծեմ:
Դառնալով Արցախի խնդրին՝ Պարույր Հայրիկյանն ասաց, որ այս հարցում ևս նոր իշխանությունները հետևողական չեն. սրանք ոչ միջազգային իրավունքին են ծանոթ, ոչ էլ Հայաստանի պատմությանը:
Հիշեցմանը՝ կարծիքներ են հնչում, որ Արցախի հարցում Նիկոլ Փաշինյանը շարունակում է Լևոն Տեր-Պետրոսյանի թեզը, Պարույր Հայրիկյանը պատասխանեց. «Ընդհանրություններ կան, բայց հատուկ, որևէ բան դեռևս դժվար է ասել, քանի որ եթե հետևելու լինենք տեղի ունեցող իրադարձություններին, ապա առարկայական որևէ փոփոխություն դեռ չկա: Իսկ թե ով իր մտքում ինչին է հետևում, էական չէ, պետք է առարկայական գործողություններ լինեն»:
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի նկատմամբ տեղի ունեցողի մասին Պարույր Հայրիկյանն ասաց. «Դուք առաջարկում եք տեղափոխվել ոչ ռազմավարական դաշտ, որը վերաբերվում է մարդու իրավունքներին: Մեր անմակարդակ զանգվածի մոտ, իսկ այն երբ կազմակերպված է, բավականին վտանգավոր է դառնում, մարդու իրավունքների նկատմամբ կա քամահրական վերաբերմունք, մինչդեռ իրավագիտությունը մարդուն համարում է անմեղ, քանի դեռ դատարանի՝ նրա նկատմամբ վերջնական վճիռ չկա: Ե՛վ Ռոբերտ Քոչարյանի, և՛ մյուսների նկատմամբ կալանք կիրառելը, եթե նրանք նախաքննության փուլում չեն խանգարում, չեն փորձում փախչել նախաքննությունից, պետք է լինեն ազատության մեջ, մանավանդ, եթե պատրաստ են գրավ վճարել: Դա ցույց է տալիս, որ թվացյալ հեղափոխությունից հետո իրավական համակարգը իրավազուրկ է և կախված է կամայականություններից»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ