«Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ելույթին, որի զգալի մասն ուղղված էր իրեն ու իր խմբակցության պատգամավորներին:
Նա ասաց. «Անհանդուրժող ելույթ էր ընդհանրապես քննադատությանը եւ ընդդիմություն տեսնելու, երկրում ընդդիմություն ունենալուն: Ընդդիմության առկայության նկատմամբ տոտալ անհանդուրժողականություն է, որը խրախուսվեց նաեւ վարչապետի ելույթում: Ինքը խրախուսեց այդ ոճը, նաեւ մյուսներին, որ այդ ոճը պահպանեն: Բայց խորհրդարանն այն վայրն է, որտեղ սթափեցնում են, ես վստահ եմ, որ կսթափվեն ու կհասկանան, որ սա այն տեղը չի, որ ինչ-որ մեկը կարողանա մեզ ասել՝ մյուս անգամ մեզ սա չասես, կամ էն չասեք: Մեզ ոչ ոք չի կարող ասել»:
Ըստ Մարուքյանի, Փաշինյանը մանիպուլյացիա է արել՝ ասելով, թե իրենք պաշտպանում են Սերժ Սարգսյանին:
Ինչ վերաբերում է վարչապետի այն քննադատությանը, որ եթե այդքան հորդորում են, որ հավասարակշռված քաղաքականություն վարեն, բայց իրենց գրասենյակների մոտ ԵՄ-ի դրոշն են դնում, թող դնեն նաեւ ՌԴ-ի դրոշը, կամ Վատիկանի՝ ակնարկելով Միքայել Մինասյանի հովանավորչությունը:
Մարուքյանն էլ պատասխանեց. «Թող իրենց գրասենյակների մոտ դնեն Վատիկանի դրոշը: Միքայել Մինասյանի ամբողջ մեդիան հեղափոխությունը 24 ժամ լուսաբանել է՝ անդադար, հետեւաբար այդ դրոշը կարող են տանել դնել իրենց գրասենյակների մոտ, եթե փորձում են բոչկա գլորել այդ առումով»: Նա ասաց, որ իրենց ու Մինասյանի հովանավորչության ակնարկները 800 տարի է՝ հերքում են. «Նման քննարկումն իջեցնել այդ ցածր մակարդակին…կներեք, էլի, ինչքա՞ն ենք այստեղ լսելու, որ հեղափոխություն ենք արել, դու չեք մասնակցել: Նախ, մենք ներդրում ունենք հեղափոխության մեջ ու որեւէ կրեդիտ չենք ուզել, ասել ենք՝ դուք եք արել: Մարդիկ գիտեն ով ինչ է արել, ինչքան է արել, երբ ու ոնց է արել: Եկել է ուրացողության ժամանակները, ուրանալ բոլորի արարքները, բայց դա էլ է նորմալ, հեղափոխությունից հետո այդպես է՝ ուրանում են: Բայց ինչքա՞ն է սա շարունակվելու, որ մենք քննադատենք, ասեն՝ մենք հեղափոխություն ենք արել…»:
Հարցին՝ երբ «Ելք» դաշինքը կազմում էիք, Նիկոլ Փաշինյանը ձեզ այդ հարցը տվե՞լ է՝ Միքայել Մինասյանի հետ կապված՝ նա ասաց, որ չի տվել, որովհետեւ անգիր գիտի, որ դա այդպես չի: Մարուքյանն ասաց՝ ո՞վ է ասել, որ հեղափոխություն չի եղել. «Կարելի՞ է վերագրել մարդկանց ինչ-որ բաներ ու ջախջախել այդ թեզերը, դա հռետորական արվեստ է: Մենք ինչ ասել ենք՝ մեր ասածներին տեր ենք մինչեւ վերջ»:
Aravot.am-ի հարցին՝ ձեր քաղաքականությունը որտե՞ղ էր եփվում հեղափոխությունից առաջ ու հիմա որտե՞ղ է եփվում՝ Մարուքյանը պատասխանեց. «Հեղափոխությունից առաջ էլ, հետո էլ եփվում է մեր գրասենյակներում, մեր գլուխներում, մեր երազանքներում ու անձամբ Փաշինյանը եւ մյուս գործընկերները անգիր գիտեն, թե որտեղ է եփվում»:
Նա ասաց, որ եթե հետագայում էլ են քննարկումները նիստերի դահլիճում այս մակարդակի լինելու, ուրեմն մենք խայտառակ վիճակում ենք. «Այսինքն ի՞նչ, Փաշինյանն ուզում էր մենք էլ ծափ տանք հա՞ անընդհատ: Հյուսիսային Կորեայի առաջնորդին են ամեն 5 րոպեն մեկ ծափ տալիս, հասկացա՛նք: Մարդը կանգնում ա ձեռ ա առնում ընդդիմությանը, վարչապետը ծափ է տալիս, որ մյուսները ծափ տան: Հետո ծափ են տալիս, ասում է՝ եթե ինչ-որ մեկը նեղացել է, կներեք, շարունակում է ձեռ առնել: Գիտեք, սա մանկապարտեզ չի, ոչ մեկին էստեղ թույլ չենք տալու իրան այս ձեւով պահի ու եթե դեռ չեն հասկացել՝ բարի գալուստ խորհրդարան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ