Լրահոս
Օրվա լրահոսը

«Կարո՞ղ է՝ եղբայրս փայ է մտել սիգի ձվադրմանը». Փաշինյանի ելույթի ուշագրավ դրվագները

Փետրվար 14,2019 17:24

ԱԺ-ի կողմից ՀՀ կառավարության ներկայացրած ծրագրի ընդունումից առաջ այսօր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձավ նախորդ օրերին ծրագրի շուրջ ընդդիմախոսների մի շարք քննադատություններին:

Վարչապետի մուննաթի մասին

«Եթե որեւէ մեկը իմ ելույթներում մուննաթ եւ հեգնանք է զգացել, ներողություն եմ խնդրում: Նման հարաբերությունները նոր Հայաստանում տեղ չունեն: Ես սիրում եմ խոսքս լիաթոք կառուցել, եւ եթե որեւէ մեկը մուննաթի տպավորություն կստանա, միանգամից ասեմ, որ դա սխալ տպավորություն է»:

«Ամեն մարդ չի կարող տնտեսական հեղափոխություն անել» կարծիքի մասին

«Ասում են, թե ամեն մարդ չի կարող տնտեսությամբ զբաղվել, բիզնեսով զբաղվել: Այստեղ է, որ բախվում են հին եւ նոր մտածողությունները: Ինչի բիզնեսով միայն հատուկ մարդիկ կարող են զբաղվե՞լ, նրանք, որոնք ունեն ախպոր ախպերնե՞ր, քիլլերնե՞ր»…

Վարչապետի՝ «աղքատությունը յուրաքանչյուրի ուղեղում է» քննադատված ձեւակերպման  մասին

«Խոսքս մեկնաբանեցին այնպես, թե՝ եթե աղքատ ես, մեղավոր ես… Ես ասում եմ՝ աղքատությունը մեր գլուխներում է: Սա ասում եմ որպես մարդ, որն անցել է այդ ճանապարհը: Երբ ուսանող էի, ընտանիքս ի վիճակի չէր ուսման վարձը վճարել: Ես իմ գլխում հաղթահարել եմ աղքատությունը եւ հասկացել, թե ինչ է նշանակում քաղաքացի: Հետո էլ կասեն, թե այս կառավարությունը հին իշխանության վրա է ուզում բեռը գցել: Այդ կարծիքների հիմնական ուղերձն այն է, որ Սերժ Սարգսյանը կամ Ռոբերտ Քոչարյանը մեղավոր չէին… Մինչդեռ Սերժ Սարգսյանը մեղավոր էր, որ ասում էր, թե ամեն մարդ չի կարող բիզնես անել: Մեղավոր էր, որ իր եղբայրը ամեն տեղ փայ ուներ: Ու չփորձեք հանկարծ ինձ եւ նրան նույն հարթության վրա դնել: Կամ, որ ասում եք՝ հեղափոխություն չի եղել: Բա որ չի եղել, բա 18 հոգով ի՞նչ գործ ունեք այստեղ նստած (նկատի ունի «Լուսավոր Հայաստանին»)»…

«Կառավարության ծրագրում թվեր չկան» մեղադրանքի մասին

«Կռիվ եք անում, թե թիվ չկա: Իսկ որտեղ թիվ կա, ասում են՝ կենաց են գրել…»:

ԼՀԿ պատգամավոր Արման Բաբաջանյանի մեղադրանքի մասին, որ «Իմ քայլը» չի պաշտպանում ոստիկանապետին, երբ նրան «լակոտ» են անվանում

«Այդ ի՞նչ տղայական բան եք ասում:  Ոհմակը պետք է հարձակվե՞ր, ընտանիքի անդամներին տեռորի ենթարկե՞ր…»:

Հայ առաքելական եկեղեցուն անպաշտպան թողնելու մասին

«Նրանք, ովքեր փորձում են եկեղեցին պաշտպանել ինչ-որ բանից կամ ինչ-որ մեկից, պետք է եկեղեցու պատմությունն իմանան: Ավանդական մտածողության մեջ Պապ թագավորը Հայ առաքելական եկեղեցու մեծագույն թշնամիներից էր, բայց նրա շնորհիվ ունենք եկեղեցի: Նա ասաց, որ կաթողիկոսը կարիք չունի գնալ Կեսարիայում օծվել, նա պետք է հայրենիքում օծվի: Պապին դիմադրում էին: Երկրորդ դավադրությունից նա չկարողացավ պլստալ, սպանեցին…Ինձ համարում եմ Հայ առաքելական եկեղեցու հետեւորդ, խորը հավատացյալ մարդ, բայց կարծում եմ՝ Պապ թագավորի ժամանակներն են: Նա ասում էր, որ պետք է հարկ վճարել: Նա ասում էր, որ եթե տղամարդկանց ու կանանց լցրել են վանքերն ու կուսանոցները, ո՞վ պետք է զինվոր լինի: Նրան դավաճան էին ասում: Մենք էլ ասում ենք՝ հարկ վճարեք, ժողովուրդ ջան: Առանց օրինականության հաստատման բարեկեցություն չի լինելու»:

Ագրարային համալսարանի ռեկտորի՝ կոռուպցիայի մեջ թաթախված լինելու մասին

«Կամ ապացուցեք, որ նա հովանավորյալ է, կամ պատասխան տվեք: Այդ ռեկտորը եւս 300 հոգու աշխատավարձ է բարձրացրել»:

ՀՀ-ԵՄ համաձայնագրի վավերացման գործընթացի լճացված լինելու մասին

«Աշոտյանից պրծանք…հիմա էլ ասում են՝ ԵՄ-ի հետ համաձայնագիրը չի իրականացվում: Չեմ հասկանում, դուք չեք լսո՞ւմ ԵՄ պաշտոնյաներին, նրանց մամուլի ասուլիսներն ու գնահատականները համաձայնագրի վավերացման մասին: Խաբար չե՞ք, թե միջազգային հանրությունն ինչ է ասում ՀՀ-ում տեղի ունեցողի մասին»:

Սերժ Սարգսյանի ռեժիմի փոխնախարարները, որոնք այսօր նախարար են, վարչապետին ստիպել են կառավարության ծրագրում գրել 5% տնտեսական աճի մասին

«Թան էլ չէ, փրթած մածուն…հա, ստիպել են վարչապետին, բա ո՜նց…»:

Որոտանի կարմրախայտի մասին

«Ասում են՝ Որոտանի կարմրախայտի մասին կառավարության ծրագրում չկա: Որոտանի կարմրախայտերը ես եմ կերե՞լ: Վաղը եթե բռնենք կարմրախայտ որսացողին, մեզ կասեն՝ բա սոցիալական խնդի՜րը…որ ասում եմ՝ սիգը պետք է ձվադրի, ինձ համար եմ ասո՞ւմ: Կարո՞ղ է՝ եղբայրս փայ է մտել այդ ձվադրմանը, չեք ուզում ինձ ասել: Չ՞է որ ձեր համար է այդ սիգը…»:

Վարչապետի ելույթից հետո՝ մինչեւ քվեարկությունը, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը օգտվեց ձայնի իրավունքից եւ վարչապետի եզրափակիչ ելույթին հետեւյալ գնահատականը տվեց. «Այս ելույթը ցուցանիշ էր այն բանի, որ քննադատություն լսելու լուրջ խնդիր կա կառավարության եւ նրա ղեկավարի մոտ: Նա մեզ վերագրեց թեզեր, որոնք մենք չենք ասել: Մենք զարմացած չենք, բայց զարմանում ենք, որ իշխանությունը կարող է այդքան անհանդուրժող լինել: Ընդդիմության վրա գոռացիք-ճվացիք: Դուք մեզ չեք կարող ասել, թե մենք ինչ ասենք ու ինչ չասենք: Բարի գալուստ խորհրդարան»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728