Փետրվարի 13-ին Լեհաստանում ՀՀ դեսպան Սամվել Մկրտչյանը հանդիպեց Լեհաստանի Հանրապետության (ԼՀ) Սենատի արտաքին հարաբերությունների և Եվրոպական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մարեկ Ռոցկիի (Marek Rocki) հետ:
Մարեկ Ռոցկին շնորհակալություն հայտնեց դեսպան Մկրտչյանին հանդիպման նախաձեռնման համար և հաջողություններ մաղթեց գործունեության մեջ:
Սամվել Մկրտչյանը նշեց, որ որպես նորանշանակ դեսպան իր առաքելության կարևոր նպատակներից է համարում դրական դինամիկայով զարգացող երկկողմ հարաբերությունների, ինչպես նաև նախկինում կատարված աշխատանքի շարունակականության ապահովումը:
Կարևորելով ՀՀ ԱԺ և ԼՀ Սենատի ու Սեյմի միջև հաստատված միջխորհրդարանական արդյունավետ համագործակցությունը՝ Սամվել Մկրտչյանն անդրադարձավ նախորդ տարվա ՀՀ արտահերթ խորհրդարանական ընտրություններին և դրանց արդյունքում կազմավորված արտաքին քաղաքականությանն առնչվող ՀՀ ԱԺ մշտական հանձնաժողովների գործունեությանը:
Մարեկ Ռոցկին բարձր գնահատեց համագործակցության շրջանակներում երկու երկրների խորհրդարանական արտաքին հարցերով հանձնաժողովների միջև շարունակվող պարբերաբար հանդիպումների կայացումը և նախորդ տարի մարտին իր գլխավորած պատվիրակության ՀՀ կատարած այցելությունը: Այդ համատեքստում, քննարկվեցին հայկական կողմի առաջիկա հնարավոր փոխայցելությանն առնչվող խնդիրներ։
Զրուցակիցներն անդրադարձան նաև ԵՄ և ՀՀ միջև համագործակցության զարգացմանն ուղղված քայլերին, որի առնչությամբ ՀՀ դեսպանը նշանակալից համարեց ՀՀ-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի ստորագրման և վավերացման ընթացքը, հայկական կողմից առաջարկված ճանապարհային քարտեզի հաստատման և կիրառման կարևորությունը, ինչպես նաև Արևելյան գործընկերության (ԱլԳ) ծրագրի շրջանակներում լեհական կողմի ունեցած դերակատարությունը:
Դեսպանն ընդգծեց, որ ԱլԳ ձևաչափով համագործակցությունը շարունակում է առանձնահատուկ տեղ զբաղեցնել ՀՀ արտաքին քաղաքականության օրակարգում և Լեհաստանի փորձառությունն իրավական ոլորտում մի շարք առումներով կարող է ուսանելի լինել:
Արտաքին գործերի նախարարություն