Սարմեն Ղահրամանյան
Վա՜յ թե…
/հատվածներ վեպից/
«Մարդու ժառանգականությունից ու դաստիարակությունից, իսկ ընդհանրապես, ներքին լուսավորությունից է կախված, թե ինչպես է ընկալում՝ կողքիններին, միջավայրն ու շրջապատը»:
Հեղինակ
«Հարկավոր չէ լսել, ինչպես է աճում խոտը, կարելի է խլանալ»:
Հաուպտման
«Ազգերը, ինչպես նաեւ անհատները, կարող են ապրել միայն երկու կերպ. կա՛մ գողանալով կամ արտադրելով»:
Սեն Սիմոն
«Ազգից չի կարելի քանդել նշանակարը, ինչպես թաշկինակից»:
Հյուգո
Տղան մի պահ դադար տվեց ու շրջվեց փափախչուն, եւ սա ցուցադրական-ցուցադրաբար-անտարբերություն խաղալով, սակայն շատ լավ էլ ուշադիր լսում էր, ու տղան շարունակեց, եւ սկսեց արտասանել իր ստեղծագործությունն ու ասաց, ասաց.
Լուսապսակ…
Բա՜րձր… աթոռներին:
Ժահրոտ դիմակներ՝
Բազկաթոռների՛ն:
Ու սատրապներ՝ նեղմիտ, ծալվող…
«Ծաղկած» երկիր՝ փշալարով:
Թելով քաշվող խոսք ու զրույց:
Անդեմ երկիր՝ վախով պատված:
Վախի՛ տենդ է՝ ահով պատված:
Պղպջակներ՝ մեծ ու փոքր:
Պլան-թվեր՝ սովետ-մտքի:
Տոկոս-տոկոս ակոսվում են
Ժողովները՝ Ստերջ Մտքի:
Ու քանդակներ՝ վախով արված:
Երգ ու պարեր՝ տենդով բռնված:
Վախկոտ մտքեր՝ բարձր ասված:
Ազատ խոսքեր՝ մտքում պահված:
Ու ճագարներ՝ առյուծ կտրած:
Մատնագրեր՝ վահան բռնած:
Սատրապներ՝ ժահրոտ-թունոտ:
Բռնակալներ՝ անեծք դառած:
Պատմություններ՝ լույսից պահված:
Վախի՛ սարսուռ՝ տներ մտած:
Պատմություններ՝ մութ ու խառը:
Եւ… հետընթա՛ց: Ու հետընթա՛ց:
Տղան արտասանեց-պրծավ, ու կամաց-երկարացվող-ծոր տալո՜վ՝ ծոր տվեց, ու ասաց՝ ջա՜ն Ստալին՝ «Երկրի Հայրը…», ու մեր-բոլորիս… «…Անիծված Հայրը»: Եւ փափախչին լավ էլ լսել էր տղայի արտասանած-տղայի ստեղծագործությունն ու… «…վերջին ծորանքը», ու տղայի՝ արտասանելուն…-«ծորալուն…»-վերջացնելուն պես, թունոտ-արհամարհական ասաց… նորից կրկնվեց ու կարոտախտի պես ասաց… ա՜յ, Ստալին, հա՜… ու նորից կտրուկ ասաց, ու ասաց՝ ա՜յ, Ստալին, հա՜… Եւ որոշակիացրեց ու ասաց՝ ի՜նչ անեկդոտ ուզում՝ պատմում եք, ի՜նչ բանաստեղծություն ուզում՝ արտասանում եք, ի՜նչ մտքներիդ գալիս է՝ բարձրաձենում-խոսում եք… Ափռ-ցփռ բերաններդ շաղ եք տալիս աջ ու ձախ՝ ո՛չ վախ ունեք, ո՛չ բան. եւ մի լեզու կտրող չկա՛, մի լեզու կտրո՛ղ չկա, որ ամեն-ինչ իր տեղը դնի ու ամեն-ինչ իր տեղն ընկնի:
Ու տղան մտածեց, որ մեր մեծերից՝ շատերը, բայց Թումանյանը, հատկապես՝ մի ահագին-տեւական ժամանակահատված, բուդդայականություն էր ուսումնասիրում կլանված. ինչո՞ւ: Եւ Բուդդան սովորեցնում էր, որ Հիշողությունը… Այնտեղ է, Մե՛ր մեջ. յուրաքանչյուրիս մեջ: Ու Սպարապետն իր արձակ-գրվածքներում ասում է… Հիշողություն… Մարդուն կենդանուց տարբերող ամենակարեւոր հատկանիշներից մեկը… որից զրկված են միայն… խելագարները:
Ու տղան ցավով, ցավով մտածեց, որ մարդկային հիշողությունը կարճ է ու բութ. մինչեւ ճակատով պատին չի խփում՝ չի վերականգնվում: Ու նա հեռակա կարգով տեսավ, նա տեսավ, թե… ինքնասիրահարված, ինքնապաշտպանական մղումներից դրդված, սեփական-ազատատենչ-պատմության վրա թքածները… ինչպես են թաղում դարերո՜վ երազած-ստացած իրենց անկախությունը… Ու… անճարակի-ստրկական հոգեբանությամբ՝ ինչերի են ընդունակ, եւ ինչերի են գնում: Ինչերի են ընդունակ, եւ ինչերի են գնում: Ու… Անկա՛խ, նորօրյա-ժողովրդավարական հայտարարված պետությունում, եւ… ժամանակահատվածում… «բռնում», ու՝ «օդաբրյամսյա՛» ասում-անում, եւ… Ժահրոտ-Մարդասպանի հավատարիմ արբանյակների՝ գլխակեր-մարդասպանների կիսանդրիներն ու արձաններն են նորից վերականգնում… Գուցեեւ՝ նրանցով պարուրված ու նրանցով պայմանավորված ժահրոտ ժամանակահատվածները նաեւ վերակենդանացնելու միամիտ մղումներով ու փորձերով: Գուցեեւ՝ նրանցով պարուրված ու նրանցով պայմանավորված ժահրոտ ժամանակահատվածները նաեւ վերակենդանացնելու անհեռանկար-միամիտ մղումներով ու փորձերով:
Ու տղան հեռակա կարգով տեսավ, տեսավ ու հիշեց, նա տեսավ, թե հարգարժան պատմաբանը հեռուստացույցով Միկոյանին հակադարձելով Ակսել Բակունցին, «37 թվի բերդում գտնվող» Ակսել Բակունցից ի՛նչ մեջբերում արեց. «…հայտնեք, որտեղ որ պետքն է… որ ես ապտակել եմ Նաիրի Զարյանին…»: Ու տղան մտածել գիտեր, եւ մտածեց, որ… բա էլ ի՞նչ անեն ճղճիմ միջավայր թելադրվող պայմաններում ձեռքներին միայն թուղթ ու գրիչ ունեցող գրողն ու մտավորականը. երբ, «բերդի» «դահիճը»… անասելի-անպատմելի՝ հիշոց-հայհոյանքներից… կոտրված-ընկճված Գրող-Մտավորականի գլխավերեւն է կանգնում՝ Օրենքն՝ Ինքն է… սպառնալիքով՝ էս, ձեռքիս շիշը տեսնում ե՞ս՝ հիմա կոխեեե՜մ… Էլ ի՞նչ անեն: Էլ ի՞նչ անեն: Երբ՝ նեղմիտ, կարճամիտ, անկիրթ-անգրագետ, ուղղաձիգ-ոխակալ միջավայր թելադրվող պայմաններում միայն այդ է խրախուսվում՝ եղբայրասպան մատնագրությունը: Եղբայրասպան ու երկրակործան մատնագրությունը: Երբ՝ Ազատ Խոսքից-Ազատ-Մտքից վախենում են, եւ Կրթվածի մեծահոգությունը չկա, ու Կենտրոնում, Նեղմիտ-Բռնակալի՝ պահի տակ Հիվանդ-«խելքին» փչած կամայականություններն են: Եւ ի՞նչ անի, երբ գրողի իր դիտողունակությամբ լիիրավ զգում է դիմացինների ոխակալ-նեղմիտ-դատարկությունը, եւ… ուրիշ ելք չկա: Իրար-ժահրոտ բերաններում թքած ու թքոտած չախկալների մեջ այլ ելք չկա, ուրիշ ելք չկա՝ անձնական, ընտանիքի, ընտանիքի անդամների նկատմամբ… անտաշ-անկիրթների անասելի վիրավորանքներ, ծաղր ու ծանակ, կտտանքներ, ընկերների, հարազատների մեջ ու միջեւ՝ իրենց յուրահատուկ ձեռագրով տարվող ու արվող… բզբզոցներ, թիկունքից հարված, դավաճանություն, ամենքից ու ամեն-ինչից մեկուսացվածություն… Այնուհետեւ՝ բանտ, աքսոր, տաժանակրություն, գնդակահարություն: Ի՞նչ անի գրող-մտավորականն իր թուղթ ու գրչով: Եւ ի՞նչ է արել գրող-մտավորականն իր թուղթ ու գրչով: Որբերի՞ է թալանել, կաշա՞ռք է կերել, պահեստներ ու բյուջե՞ է թալանել: Ի՞նչ է արել, որ բանտ են նետել: Ու տղան մտածեց, որ, արդյո՞ք, միայն սրանով չի բացահայտվում տիրող-անցավոր-ժահրոտ ժամանակահատվածի դեմքն ու էությունը: Դատարկ դեմքն ու փուչ-վախկոտ էությունը. Ազատ Խոսքից է վախեցել: Ազատ Մտքից է վախեցել… Ընկեր Ստալինը՜:
Ու տղան հեռակա կարգով տեսավ ու մտածեց… մտածեց, որ հարգարժան պատմաբանը կրթված-պարկեշտ էր երեւում, եւ միամիտ չէր, ու միամիտ չէր, եւ վերլուծելու կարողություն կունենար… ու տղան հեռակա կարգով տեսավ, եւ մտածեց, որ հարգարժան կրթված-պարկեշտ, վերլուծելու կարողությամբ օժտված պատմաբանն այստեղ միմիայն նախասիրությամբ է ընդառաջվել, այլապես, նա կհասկանար, որ… եթե մե՛ր օրերում-ժողովրդավարական հռչակված, փառք Աստծո, դեռեւս լավ-վատ-ազատ գործող թերթերի եւ այլ լրատվամիջոցների պայմաններում են «բերդերում» ու բանտերում՝ իրենց անհրաժեշտ տեղեկատվությունը կորզում ճղճիմ-ճիզվիտական-անմարդկային հնարքներով, ապա… «այն ժամանակներում»՝ տաժանավայրեր քշված-մահկանացուները կնքած տասնութ միլիոն-Սերուցքի գլուխը կերած՝ Գլխակեր-Բռնակալի ու նրա արբանյակ-միկոյանների նման բռնակալների հրահանգավորված պայմաններում, փակ համակարգի պայմաններում, ազատ թերթերի ու այլ ազատ լրատվամիջոցների բացակայության պայմաններում, եւ ազատ թույլատրվող-հրահանգավորված անմարդկային կտտանքների-թելադրանքի պայմաններում՝ եղբայրը՝ եղբոր, հայրը՝ զավակի, զավակը՝ մոր վրա էր մատնագիր անում՝ միայն թե փրկվեն մարդուն ոչ յուրահատուկ, միայն անասունին յուրահատուկ ձեռագրով արվող կտտանքներից ու այլ ճիզվիտական մեթոդներից: Միայն թե փրկվեն: Ու, Մահից՝ չէ: Մահից՝ չէ: Մահից չէին վախենում: Այլ, անմարդկային, ճիզվիտական, ոչ-մարդկային-հոգեբանական ու ֆիզիկական կտտանքներից ու ծաղր ու ծանակից: Ոչ մարդկային կտտանքներից ու ծաղր ու ծանակից: Ու տղան ինքն-իրեն մտածեց ու փշաքաղվեց… ու տե՞ս, թե ինչերի են գնացել ճիվաղները, որ Բակունցը, ով՝ ո՛չ գող է, ո՛չ ջեբկիր է, ո՛չ թալանչի ու ոչ էլ կաշառակեր է, եւ աշխարհին «Մթնաձոր» ու «Ալպիական մանուշակ» է նվիրել, ինքն էլ հասկանալով՝ ինչի է գնում, բայց եւ գնացել է… «հայտնիր, որտեղ, որ պետքն է…»: Այլապես, մտավորական-պինդ այդ այրը, գրողի իր դիտողունակությամբ տեսնելով բարքերն ու կարգերը. ո՞ւմ պիտի հավատար, ինչի՞ն պիտի հավատար… ինչո՞ւ պիտի գնար այդպիսի քայլի: Ինչո՞՛ւ: Իսկ այդ «որտեղ որ պետքը». «քնա՜ծ է» իբրեւ թե, «բեխաբա՜ր է» իբրեւ թե, գլխակերի-իր գործած-երկիրը «պատած» սարդոստայնով՝ «չգիտի՜» իբրեւ թե… հայրը՝ զավակին է դավաճանում, զավակը՝ մորն ու եղբորը, եղբայրը… բոլորին. երկիրը ճաք է տվել մատնագրերից ու միմյանց նկատմամբ անվստահությունից: Երկիրը՝ ճաք է տվել. մարդը՝ մարդուն՝ չի տեսնում այլեւս՝ թիկունքին «գեշ շնչող» գազանի է տեսնում: Նա չգիտե՞ր՝ «ընկեր Ստալինը»՝ ի՞նչ էր կատարվում իր երկրում: Իսկ, եթե «չգիտեր»՝ ի՞նչ գործ ուներ Էդ Աթոռին:
/շարունակելի/