Մասնավոր բուհում օտար լեզվով ուսուցում իրականացնելու հրաման տված նախարարներից մեկը ԿԳ ներկայիս նախարար Արայիկ Հարությունյանն է: Քանի որ նրա հրամանով բժշկական մասնագիտությունների գծով, անգլերենով ուսուցման իրավունք է տրվել «Մխիթար Գոշ» համալսարանին, Aravot.am-ը ԿԳ նախարարությունից հետաքրքրվեց, թե ինչ չափանիշներով է առաջնորդվել ԿԳ նախարարը, ինչու է հենց այդ բուհին տրվել նման արտոնություն, մանավանդ որ, նախարարը հաճախ է բարձրաձայնում բուհերում կրթության որակի ոչ պատշաճ մակարդակի վերաբերյալ: Ինչո՞վ է «Մխիթար Գոշ» համալսարանը կրթության որակով առանձնանում այլ մասնավոր բուհերից:
Aravot.am-ը ԿԳ նախարարությունից ստացել է գրավոր պատասխան, որտեղ մասնավորապես ասվում է, որ «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան ձեռնարկություն ՍՊԸ-ն, որը հանդիսանում Է «Մխիթար Գոշ» համատեղ համալսարանի իրավահաջորդը՝ ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց գրանցման պետական ռեգիստրի գործակալությունում գրանցվել Է 1996թ. դեկտեմբերի 12֊-ին: ԿԳ նախարարի 2002 թվականի օգոստոսի 22-ի հրամանով համալսարանին տրվել Է բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով մի շարք մասնագիտությունների գծով լիցենզիա, իսկ նույն տարվա հոկտեմբերի 17-ին` պետական հավատարմագիր:
Նախարարության պարզաբանման մեջ նշվում է նաեւ, որ համալսարանի գործունեության ընթացքում միավորվել են «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտը եւ Միջազգային կրթության ժամանակակից համալսարանը:
Ասվում է, որ «Ամիրդովլաթ Ամասիացի» բժշկական ինստիտուտի բարձրագույն եւ միջին մասնագիտական կրթական ծրագրերով մասնագիտությունները իրավահաջորդության սկզբունքով փոխանցվել է «Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարանին, արդյունքում այստեղ գործում են բժշկական բարձրագույն մասնագիտական կրթական ծրագրով «ստոմատոլոգիա», «բուժական գործ» մասնագիտությունները, որոնցից հավատարմագրված է միայն ստոմատոլոգիա մասնագիտությունը:
«Հայաստանի Հանրապետության կրթության համակարգում իրականացվող բարեփոխումներով պայմանավորված՝ բարձրագույն մասնագիտական կրթական ծրագիրը բաղդատվեց բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերի եւ ՀՀ ԿԳ նախարարի 2014 թվականի սեպտեմբերի 5-ի հրամանով համալսարանին տրվել է բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրերով, մի շարք մասնագիտությունների գծով, այդ թվում բժշկական մասնագիտությունների գծով, գործունեության լիցենզիա»,- ասվում է ԿԳՆ պատասխանում:
Նույն աղբյուրից նաեւ տեղեկանում ենք, որ ՀՀ ԿԳ նախարարի 2015 թվականի հուլիսի 29-ի հրամանով, Հավատարմագրման հանձնաժողովի 2015թ. հուլիսի 3-ի որոշմամբ՝ համալսարանին տրվել Է ինստիտուցիոնալ պետական հավատարմագրման վկայական 2 տարի ժամկետով։ Համալսարանը կրկին դիմել Է ինստիտուցիոնալ պետական հավատարմագրման։
«Մխիթար Գոշ» հայ-ռուսական միջազգային համալսարան համատեղ ձեռնարկություն ՍՊԸ-ին` ՀՀ ԿԳ նախարարի 2018 թվականի դեկտեմբերի 17-ի հրամանով տրվել Է օտար լեզվով (անգլերեն) օտարերկրյա քաղաքացիների ուսուցում կազմակերպելու իրավունք, որի թույլտվություն տրվում է ՀՀ կառավարության 2009 թվականի հուլիսի 9-ի համապատասխան որոշման եւ հավելվածների պահանջներին համապատասխան:
Ըստ նախարարության պարզաբանման, օտար լեզվով ուսուցում կազմակերպող հաստատությունը տվյալ մասնագիտությամբ դասավանդվող հիմնական առարկաների գծով ապահովում է նախարարության կողմից 3 տարին մեկ անգամ ատեստավորված, օտար լեզվով դասավանդելու երաշխավորություն ստացած կամ միջազգայնորեն ընդունված լեզվի իմացության մասին փաստաթուղթ ներկայացրած մասնագետների առկայությունը:
Ըստ ԿԳՆ-ից ստացված պարզաբանման, «Մխիթար Գոշը» ապահովել է օրենսդրական պահանջները եւ ուսումնասիրության արդյունքում ստացել է օտարերկրյա քաղաքացիների ուսուցումը երկու մասնագիտությունների հիմնական առարկաների գծով օտար լեզվով կազմակերպելու իրավունք։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ
Լուսանկարը` «Մխիթար Գոշ» համալսարանի ֆեյսբուքյան էջից:
Իսկապես որ, այս համալսարանը տալիս է լավ գիտելիքներ։Ես նույնպես սովորել եմ այդտեղ և վստահորեն հավաստիացնում եմ որ, այդ համալսարանը ունի բոլոր պայմանները ուսանողին բարձրագույն կրթություն տալու։