Լրահոս
Օրվա լրահոսը

«Այս դատարկ փաստաթուղթը նոր իշխանության վերջին ստուգարքն է». Վահան Բաբայան

Փետրվար 14,2019 16:24

«Ազդակ» մամուլի ակումբում, այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ «Ռեֆորմիստներ» կուսակցության նախագահ Վահան Բաբայանը հիշեց ժամանակին ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները` տեսախցիկները հանելու մասին, հիշեց՝ ինչպես էր նա անգամ Լոս Անջելեսի օրինակը բերում ու հիմնավորում: «Բայց հայտնի Զիմզիմովի կադրերից հետո, կտրուկ փոխվեց վարչապետի վերաբերմունքը»,- ասաց ընդդիմադիր գործիչը` հավելելով, որ այսօր հասարակությանը ներկայացվել է մի ծրագիր, որտեղ տեսախցիկները հանելու մասին ոչ մի բան չկա: «Ինչո՞ւ հրապարակում հավաքված ժողովրդի համար տեսախցիկների հարցը դարձել էր թիվ մեկը, իսկ այսօր բոլորը մոռացել են դրա մասին»,- հարց է տալիս Վահան Բաբայանը:

Կառավարության ծրագրի մասին խոսելով նա անլուրջ է համարում խոսել տնտեսական աճի սպասելիքների, ընդհանրապես տնտեսական բլոկի, սոցիալական ծրագրերի մասին, «Անիմաստ, անհեռանկարային, ամորֆ խոստումներից բացի՝ էական բան չկա: Փաշինյանի խոստումները հօդս են ցնդել, դրանք չկան: Աշխատատեղերի հարց, աշխատավարձերի բարձրացում, թոշակների բարձրացում… որեւէ հարց, որեւէ կոնկրետ լուծում չունի այս ծրագրում: Միայն 87 անգամ կրկնվում է «պետք է» բառը: Այս ծրագիրը բառակույտ է, անլուրջ փաստաթուղթ, որին որեւէ տնտեսագետ, քաղաքագետ լուրջ չի վերաբերվում»:

Վահան Բաբայանը լավ է համարում, որ ի տարբերություն նախորդ` երջանկացման ծրագրի, հիմա իշխող ուժը հասկացել է, որ երջանկության մասին պետք է քիչ խոսել, որպեսզի մարդկանց ավելի չգրգռեն. «Ի՞նչ երջանկության մասին է խոսքը, որ մարդիկ հասկացան`իրենք խաբվել են եւ այս ամենից որեւէ արդյունք չի լինելու: Հետհաշվարկը սկսվելու է հենց այս ծրագրից»: Ըստ բանախոսի, երջանկությունը, էյֆորիան, երկրում բան փոխելու հույսերը անցան, մանավանդ, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, որ աղքատությունը մարդկանց գլխի մեջ է:

Ընդդիմադիր գործիչը խիստ վերապահումներ ունի նաեւ այն առումով, որ անփորձ մարդկանց վստահվել են պետական կարեւորագույն, բարձրագույն պաշտոններ: Նկատում է, երբ մարդը գնում է սովորական աշխատանքի անգամ ընդունվելու, նրանից փորձ են պահանջում, մասնագիտական որակներ եւ այլն, մինչդեռ պետական բարձրագույն պաշտոններ զբաղեցնելու համար մարդկանց հարց չի տրվել`«դուք այս ամեն ինչի հետ կապ ունեցե՞լ եք ձեր կյանքում»: Արդյունքում, ըստ նրա, ստացվում է, բոլոր փորձառուները թալանչի եւ կաշառակեր են, անփորձները`ոչ. «Սա դիլետանտների կառավարություն է, որը կմնա պատմության մեջ հենց այդպես»: Մինչդեռ, Վահան Բաբայանի կարծիքով, մեզ այսօր արհեստավարժների կառավարություն էր պետք եւ այդ մարդկանց պետք էր, հնարավոր էր գտնել:

Հետեւելով խորհրդարանում, կառավարության ծրագրի քննարկումներին, Վահան Բաբայանը եկել է այն եզրակացության, որ Նիկոլ Փաշինյանը թվեր է հրապարակում`առանց խորանալու դրանց էության մեջ: Խնդիրը վերաբերում է այն հայտարարությանը, որ թոշակները հազար դրամով բարձրացնելու համար վեց միլիարդ դրամ է հարկավոր: 470 հազար թոշակառու ունենք, պարզ հաշվարկով, այդ թիվը դառնում է 5 միլիարդ 640 միլիոն. Վահան Բաբայանի մոտ էլ հարց է առաջանում`մի՞թե 360 միլիոն դրամն այնպիսի թիվ է, որը կարելի է այս կամ այն կողմ ասել. «Սա խոսում է վարչապետի`թվերի վերաբերյալ ոչ հստակ պատկերացումների մասին եւ նա կլորացված ինչ-որ թվերով է խոսում: Նիկոլ Փաշինյանն իր գործունեությունը շարունակում է իր ընդդիմադիր եղած ժամանակվա բարձր հայտարարություններով`աննախադեպ, հեղափոխական, տնտեսական հեղափոխություն, օրինակներ Գանդիից, բայց ժողովուրդը հասկանում է, որ խաբվել է»:

Բանախոսը վստահ է`այս ամենը մեր երկրում բերելու է լուրջ փոփոխությունների: Այն մարդկանց, ովքեր «կողմ» են քվեարկելու այս, ըստ իրեն`Հայաստանի պատմության մեջ ամենախայտառակ եւ ոչ պրոֆեսիոնալ փաստաթղթին, որն իրենք էլ չեն թաքցնում, քանի որ հայտարարում են, որ սպիտակ թուղթ էլ լիներ «կողմ» կքվեարկեին, քանի որ վստահում են Նիկոլ Փաշինյանին, հորդորում է`լավ մտածել, քանի որ քվեարկությունից հետո գալու է աշխատանքի ժամանակը: Հիշեցնում է Նիկոլ Փաշինյանի խոսքերը, որ այդ մարդիկ էլ են շուտով հայտնվելու քաղաքական լուսանցքից դուրս, քաղաքական հաջորդ շրջափուլերում չեն լինելու, որովհետեւ կրելու են պատասխանատվություն`պոպուլիստական փաստաթղթի համար:

Իսկ Երեւանը «Ստամբուլի բազառ» որակելու առիթով էլ Նիկոլ Փաշինյանին հակադարձում է. «Ստամբուլի բազառը միլիարդավոր դոլարներ է բերում պետություններին: Թողեք փուչիկ, խաղալիք, լիմոն ու կանաչի վաճառող մարդիկ փող աշխատեն`ապրեն: Կանոնակարգեք դա ուղղակի: Ի՞նչ է ՀԴՄ-ներով ենք զարգանալու, եթե ներդրում չեղավ ՀԴՄ-ները տաս անգամ ավել էլ խփեն`չենք զարգանալու: Թողեք փոքր բիզնեսը զարգանա, հարկային բեռը թեթեւացնենք. 90-ականներին մարդիկ մի սեղանիկը խանութի վերածեցին: Այս դատարկ փաստաթուղթը նոր իշխանության վերջին ստուգարքն է: Նիկոլ Փաշինյանը վարչապետ է, իրենք հաղթել են, ՀՀԿ-ն չկա`ո՞վ է իրենց խանգարում, որ այդ հարցերը լուծեն, ո՞վ է խանգարում, որ իր տված խոստումները կատարի եւ տնտեսական հեղափոխության փաստաթուղթ բերի: Չկա փող, չկա ներդրում, չկա տնտեսագիտական լուրջ հաշվարկ, կա մի բան`ժողովուրդ ջան`դուխով, բայց մարդիկ վաղը հաց են ցանկանալու առնել, վարկ են փակելու: Կառավարությունը բաց թողեց աշխատելու ժամանակը»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728