Նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը, ֆեյսբուքյան իր էջում անդրադառնալով կառավարության ծրագրին՝ ասել էր, որ «բլա-բլա, լոլոներ են», ինչ թվեր կան՝ ճիշտ չեն, ինչն էլ ճիշտ է՝ թվեր չկան: Այս առնչությամբ մեզ հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Թագուհի Թովմասյանն ասաց. «Ես չեմ հիշում կառավարության մի ծրագիր, որ դաժան քննադատության չարժանանա, ուղղակի չեմ հիշում: Կոնկրետ պարոն Բագրատյանը երկար տարիներ քննադատել է բոլոր կառավարությունների բոլոր ծրագրերը, միայն մի կառավարութան ծրագիր չի քննադատել, դա էլ չգիտեմ ինչու: Չեմ զարմանում իր ձեւակերպումներից: Խոսքի ազատություն է, նա կարող է ցանկացած ձեւով մեկնաբանել իր պատկերացրած կառավարության ծրագիրը, ես կարծում եմ, այդքան պետք չի խտացնել գույները»:
Պատգամավորն ասաց, որ եթե մի փոքր սպասենք, կառավարությունից կոնկրետ քայլերի հետ կապված հաշվետվություն կստանանք: Թովմասյանի խոսքով՝ եթե քաղաքացիները իրենց մաշկի վրա, իրենց ընտանիքում զգան հեղափոխության շունչը, այն ժամանակ նոր կհասկանան, որ ունենք կառավարություն, խորհրդարան, որը գոհացնում է քաղաքացու պահանջները:
Կառավարության ծրագրում սփյուռքի հատվածը, ըստ Հրանտ Բագրատյանի, շատ խղճուկ է եւ կեղծ է: «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր, կրթության, գիտության, սփյուռքի եւ երիտասարդության հարցերի հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանն ասաց. «Ես չգիտեմ ինչ նկատի ունի պարոն Բագրատյանը՝ կեղծ ասելով: Իհարկե, կեղծ չէ, վարչապետի հետ զրույցում ես նշել եմ, մենք ֆիքսել ենք հստակ, որ այն ծրագիրը, որը «Իմ քայլը» դաշինքը նախընտրական շրջանում հրապարակել էր, այնտեղ «Հայաստան-ուժեղ սփյուռք» կոնցեպտը պահպանվելու է, պարզապես կրկնում ենք, որ սա դեկլարատիվ փաստաթուղթ է եւ փորձել ենք շատ չծանրաբեռնել: Սակայն սփյուռքի հետ քաղաքականության համատեքստում այն ծրագիրը, որը որդեգրել էր «Իմ քայլը» դաշինքը, դրանով առաջնորդվելու ենք առաջիկա 5 տարիներին»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ