«Կառավարության այս ծրագիրը չի լուծելու սոցիալ-տնտեսական խնդիրները: Վախենում եմ, որ հանրությունը կկորցնի հավատն ապագայի հանդեպ: Պարոն վարչապետ, մենք ձեր համախոհներն ենք, ԲՀԿ-ի նպատակն է՝ աջակցել տնտեսական հեղափոխությանը եւ այդ պատճառով առաջարկներ ենք ներկայացրել, որոնց հանդեպ արձագանքից է կախված լինելու մեր քվեարկությունը»,-ԱԺ ամբիոնից այսօր կառավարության ներկայացրած ծրագրի քննարկման ժամանակ հայտարարեց «Բարգավաճ Հայաստան» կուսակցության պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը:
Դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ նա նշեց. «Եթե մեր առաջարկները մնան անարձագանք, «դեմ» ենք քվեարկելու: Անկախ դրանից՝ մնալու ենք ձեր համախոհը եւ անելու ենք հնարավորը, որպեսզի քաղաքական հեղափոխության արդյունքները վերածվեն նաեւ տնտեսական հեղափոխության»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ