ՀՀ հատուկ քննչական ծառայությունը մեղադրանք է առաջադրել ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին՝ բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնության ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հորը՝ Վյաչեսլավ Հարությունովին ծեծելու համար։ «Փաստինֆո»-ի հարցին ի պատասխան ՀՔԾ մամուլի քարտուղար Մարինե Օհանջանյանը տեղեկացրեց, որ նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 112-րդ հոդվածի 1-ին մասով՝ ծանր մարմնական վնաս պատճառելը, եւ քրեական գործը՝ մեղադրական եզրակացությամբ՛ ուղարկվել է դատախազին՝ դատարան ուղարկելու համար։ Դատախազության հանրային կապերի բաժնից խոստացան ավելի ուշ պատասխանել «Փաստինֆո»-ի հարցին, թե արդյոք մեղադրական եզրակացությունն արդեն հաստատվել է, թե ոչ։
Հիշեցնենք, որ դեպքը տեղի է ունեցել 2018 թվականի հուլիսի 2-ին. մարզիկի հայրը ծանր մարմնական վնասվածքներով «Արմենիա» ՀԲԿ էր տեղափոխվել ԲՀԿ առաջնորդ, ԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին պատկանող «Օլիմպավան» մարզասրահից, որտեղ տեղի էր ունեցել հանդիպում բռնցքամարտիկների եւ օլիմպիական կոմիտեի ղեկավարության միջեւ։ Հանդիպմանը Ծառուկյանը քննադատել էր բռնցքամարտի ֆեդերացիայի աշխատանքը, ինչի պատճառով վիճաբանություն է առաջացել ոսկե մեդալակիր Նիկոլայ Հարությունովի հոր Վյաչեսլավ Հարությունովի միջեւ։ Վիճաբանությունը վերաճել է ծեծկռտուքի, ինչի հետևանքով չեմպիոնի հայրը մարմնական ծանր վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց: