Լրահոս
Օրվա լրահոսը

«Պարոն վարչապետ, ազատվեք Ս. Սարգսյանի ժամանակվա գործիչներից, նրանք «տորմուզ» են ձեր բարեփոխումների համար». Մարուքյան

Փետրվար 14,2019 15:44

«Թվերի հարցը շահարկվեց: Այո, թվեր էլ ենք ուզել, բայց թվերը չեն մեխը: Անընդհատ նախկին իշխանություններին հիշելով եւ թիրախավորելով՝ փորձում եք ծածկել այսօրվա խնդիրները»,-կառավարության ներկայացրած ծրագրի քննարկման ժամանակ այսօր ԱԺ ամբիոնից հայտարարեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Նա այնուհետեւ դիմեց վարչապետ Նիկոլ Փաշինյանին. «Տնտեսական բլոկում հին իշխանության կադրերն են, որոնք չեն հավատում, որ կարելի է հինգ տոկոսից ավելի բարձր տնտեսական աճ ունենալ, դրա համար ասել են, որ դուք կառավարության ծրագրում գրեք հինգ թիվը: Սերժ Սարգսյանն էլ էր գրում հինգ…: Նրանք չունեն հեղափոխականների երազանքները: Դուք պետք է ազատվեք երկրորդ պլանի խաղացողներից, որոնք Սերժ Սարգսյանի ժամանակ փոխնախարարներ էին, օրինակ՝ տնտեսական զարգացման նախարարը, ֆինանսների նախարարը»:

Էդմոն Մարուքյանի խոսքով. «Նրանք չեն հավատում: Պարոն վարչապետ, չհավատալով՝ նրանք «տորմուզ» են լինելու ձեր բարեփոխումների համար: Անվտանգության ոլորտում կրկին Սերժ Սարգսյանի ժամանակվա երկրորդ պլանի գործիչներն են այսօր: 12-13 մարդու կենսագրականները երբ նայում ես, հասկանում ես, որ հեղափոխության մասնակիցները թվով զիջում են Սերժ Սարգսյանի ժամանակ երկրորդ պլանում եղած պաշտոնյաների թվին: Նրանք են ստիպել վարչապետին գրել, որ ակնկալվում է հինգ տոկոսանոց տնտեսական աճ»:

Պատգամավորը կարծում է, որ ամենաքննադատվածը Նիկոլ Փաշինյանի կադրային քաղաքականությունն է. «Այդ կադրերն ամենօրյա ռեժիմով ազդում են վարչապետի վարկանիշի վրա, նվազեցնում են այն, եւ այդ կադրերով հնարավոր չէ տնտեսական հեղափոխություն անել»:

Ապա Մարուքյանը հայտարարեց, որ իր խմբակցությունը «դեմ» է քվեարկելու կառավարության ծրագրին. «Միայն կառավարության կառուցվածքը բավարար է դրա համար: Մենք դեմ ենք նաեւ կադրային քաղաքականության համար: ԼՀԿ-ն վարչապետին առաջարկում է ազատվել Սերժ Սարգսյանի երկրորդ պլանի խաղացողներից»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728