«Ընդդիմության գործընկերները հարցնում են, թե որն է կառավարության ներկայացրած ծրագրի գործիքակազմը: Դա քաղաքական կամքն է եւ ժողովրդի մասնակցությունը: Պարոն Մարուքյան, կամ չեք հասկացել, թե ինչ է նկատի ունեցել վարչապետը, երբ ասել է, որ աղքատությունը մարդկանց ուղեղի մեջ է, կամ էլ հասկացել եք, բայց խեղաթյուրում եք: Դուք չեք ըմբռնում համատեքստը»,-ԱԺ ամբիոնից այսօր կառավարության ներկայացրած ծրագրի քննարկման ժամանակ «Լուսավոր Հայաստանի» ղեկավար Էդմոն Մարուքյանի մտահոգություններին այսպես պատասխանեց «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Ռուբեն Ռուբինյանը:
«Հեղափոխությունից հետո եկել է տնտեսական հեղափոխության փուլը, որն անհնար է առանց ժողովրդի մասնակցության: Սա չի նշանակում, թե տնտեսական հեղափոխության առաջին պատասխանատուն ժողովուրդն է, ամենեւին: Դուք չնկատեցիք վարչապետի այն խոսքը, որ ծրագրի պատասխանատուն կառավարությունն է եւ ինքն է լինելու առաջնային պատասխանատուն առաջիկայում»,-կրկին դիմելով Մարուքյանին՝ ասաց Ռուբեն Ռուբինյանը:
Նրա խոսքով. «Աղքատությունն ու խեղճությունը, բացի որոշակի հանգամանքների հետեւանք լինելուց, մարդկանց ուղեղներում եւ սրտերում են, եւ կառավարության առաքելությունն է՝ ստեղծել պայմաններ, որպեսզի մարդիկ դառնան պահանջատեր ու մասնակցեն տնտեսական առաջընթացին: Պարոն Մարուքյան, հիշում եմ, որ քանիցս կողմ եք քվեարկել ՀՀԿ-ականների ծրագրին, այդ թվում՝ Հովիկ Աբրահամյանի ծրագրին: Ինձ համար առնվազն տարակուսելի կլինի, եթե դուք «դեմ» քվեարկեք այս կառավարության ծրագրին: Ենթադրում եմ, որ կասեք՝ այդ ժամանակ եղել եք անհատ պատգամավոր, բայց դա չի փոխում քաղաքական տրամաբանությունը: Դուք «կողմ» եք քվեարկել այն ծրագրերին, որոնցում եղած թվերը կապ չեն ունեցել մարդկանց իրական կյանքի հետ»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ