Լրահոս
Օրվա լրահոսը

Արա Խզմալյանը` Աննա Ասատրյանի հավակնությունների մասին. «Թող ավարտի և հրապարակի նախկին քաղաքապետի մասին գիրքը»

Փետրվար 14,2019 14:24

Փետրվարի 9-ին ՀՀ ԳԱԱ Արվեստի ինստիտուտի փոխտնօրեն Աննա Ասատրյանն իր ֆեյսբուքյան էջում կատարել է մի գրառում, որով իր շնորհակալությունն է հայտնել Արվեստի ինստիտուտի երկարամյա տնօրեն Արարատ Աղասյանին՝ գիտական հարազատ օջախի ղեկն իրեն վստահելու համար: Այս գրառմանը հաջորդել է ՀՀ կրթության և գիտության նախարարի կոշտ արձագանքը՝ հիշեցումով Աննա Ասատրյանի «Մայրաքաղաքի երաժշտական կյանքի առաջընթացի հարցերը՝ Երևանի քաղաքապետի ամենօրյա հոգատարության առարկա» հոդվածը ։ Նախարարի գրառման մեջ, մասնավորապես ասված է. «ԳԱԱ նախագահությունը հիմա շատ լուրջ ընտրության առաջ է։ Ակադեմիան հստակ երկընտրանքի առաջ է՝ հաստատել Աննա Ասատրյանի թեկնածությունը և ցույց տալ, որ գիտական այդ կենտրոնում ոչինչ էլ չի փոխվել, գավառականությունը գիտության մեջ լուրջ արմատներ է գցել ու համակարգը փոխվելու միտում չունի, կամ մերժել ու հստակ ուղերձ հղել, որ երկխոսությունը և գործընկերային հարաբերությունները կարող են շարունակվել»։ Թեմայի վերաբերյալ զրուցեցինք արվեստագիտության թեկնածու Արա Խզմալյանի հետ։

-Պարոն Խզմալյան, ինչպե՞ս եք քվեարկել տնօրենի թեկնածու առաջադրելու այդ ժողովին։

-Ինչ-ինչ պատճառներով ես չկարողացա ներկա լինել այդ նիստին։ Բայց օգտվելով առիթից, ուզում եմ շնորհակալություն հայտնել Արարատ Աղասյանին երկար տարիների աշխատանքի ու նվիրումի համար։ Նա բարեկիրթ ու բանիմաց մարդ է, որի հետ զրուցելու նյութ միշտ ենք ունեցել։ Եվ, անկախ երբեմն ծագած հակասություններից, նա հարցերը երբեք չի անձնականացրել։

– Իսկ ինչպե՞ս եք վերաբերվում նախարարի արձագանքին և առաջադրված թեկնածությանը։

-Ստեղծված իրավիճակում մեղավոր ենք բոլորս՝ ինձնից սկսած մինչև ակադեմիայի պատվավոր գիտնականներն ու հարգարժան ղեկավարությունը։ Նախկին քաղաքապետի հանդեպ իմ գործընկերոջ արտառոց գիտական հետաքրքությանն ի պատասխան՝ մեզանից որևէ մեկը չփորձեց կանխել, հանդիմանել կամ գոնե զրուցել նրա հետ։ Եվ դա այն դեպքում, երբ վիրավորված ու վրդովված էին բոլորը՝ թե ինստիտուտում, թե նրա պատերից դուրս։ Բանը սենյակային շշուկներից այն կողմ չանցավ։ Եվ մեր «ակադեմիական ծերակուտականների» լուռ հայացքի ներքո իմ գործընկերը շարունակում էր «հանրային ինքնասպանության» իր փորձերը։ Շատ եմ ափսոսում։

– Իսկ նախարարի՞ արձագանքը…

– Սա աննախադեպ բան է, երբ ոլորտի քաղաքական պատասխանատուն փորձում է ոչ թե կոծկել խնդիրները, այլ՝ սրել դրանք։ Եվ դա անում է առավել քան բաց ու հրապարակային։ Նախարարի քայլը ես ընկալում եմ որպես գիտական միջավայրի ապատիային, քաղաքացիական չեզոքությանն ու թմրությանը նետված ձեռնոց։ Կարճ ասած՝ ամոթանք։ Ի՞նչ արագ ենք մոռանում այն դիմազուրկ, իշխանամերձ ու հաճոյախոս զանգվածին, ավագանու նիստերին կին հայհոյող ու քաղաքապետ խնկարկող ճարտարապետին, Գագիկ Բեգլարյանի երակներում թատրոն տեսնող թատերական գործչին, որ նույն հաջողությամբ փորձում է քծնել ներկայիս իշխանություններին։ Սրանք մարդիկ են, որոնց համար ամոթը՝ ամոթ ունենալն է… Տարիներ շարունակ հասարակական հուսահատությունը խորացնողը նաև նրանք են եղել։ Եթե որոշել ենք փոխել իրականությունը, ուրեմն այսպիսի մարդիկ հանրային ու պետական կյանքում տեղ ունենալ չեն կարող։

– Իսկ ընտրվելու դեպքո՞ւմ…

– Աննա Ասատրյանը փայլուն է վարում ինստիտուտի ողջ փաստաթղթաշրջանառությունը, նվիրյալ աշխատակից է, կարողանում է, այսպես ասած, մարդկանց հետ լեզու գտնել։ Անշուշտ, նա պետք է ինստիտուտին։ Սակայն հարց՝ մենք գործավա՞ր ենք ընտրում, թե՞ գիտական մտքի գեներացման կենտրոնի առաջնորդ, արվեստագիտական մտքի կամերտոն։ Արատավոր է տնօրենների ընտրության կարգն առհասարակ։ Ինչու՞ չեն կազմակերպվում բաց, հանրային քննարկումներ, որտեղ թեկնածուները կներկայացնեն իրենց հայեցակարգը՝ ինչպե՞ս են պատկերացնում ոլորտի զարգացման հեռանկարը, ի՞նչ ունի անելու ինստիտուտը գեղարվեստական ու մշակութային արժեքների հանրայնացման ու միջազգայնացման գործում և այլն, և այլն։ Եթե այս հարցերի պատասխանները չկան, անիմաստ է ամեն ինչ։ Ուտոպիստական մի առաջարկ՝ դադարեցնել տնօրենների նշանակումները, վերանայել օրենքն ու չափանիշները և հետո անցնել կադրային նշանակումների։

-Պարոն Խզմալյան, ի՞նչ խորհուրդ կտայիք Աննա Ասատրյանին։

– Հարցազույցներից մեկում Աննա Ասատրյանն ասել էր, թե Տարոն Մարգարյանը տեղյակ չէ, որ ինքը գիրք է գրելու նրա մշակութային գործունեության մասին, և դա անելու է, որովհետև «մեր գիտության կարևորագույն խնդիրներից մեկն էլ մեր արվեստի երևույթները պատմականացնելն է»: Եթե իսկապես նա հավատարիմ է իր գիտական սկզբունքներին, թող ավարտի և հրապարակի այդ գիրքը։

 Զրուցեց Գոհար ՀԱԿՈԲՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728