Լրահոս
Օրվա լրահոսը

«Տեր-Պետրոսյանը, Քոչարյանն ու Ս. Սարգսյանը մեղավոր էին, իսկ 4-րդ առաջնորդը մեղավոր չի լինելո՞ւ». Էդմոն Մարուքյան

Փետրվար 14,2019 14:20

«Հանգիստ տեղներս նստած՝ հետեւում էինք անհանդուրժողականության մթնոլորտում ընթացող քննարկմանը: Զարմանում եմ, թե ինչպես են փորձում ձեռք առնել քաղաքական մրցակիցներին եւ շեղել քննարկումից»,-նախորդ օրերին ԱԺ-ում կառավարության ներկայացրած ծրագրի քննարկումներին այսօր ԱԺ ամբիոնից այսպիսի գնահատական տվեց «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը: Նա հետեւյալ ակնարկն արեց. «Հեղափոխությունը մարդկանց երեսով տալը ճիշտ չէ: Փաշինյանն այնքան չի տալիս երեսով, որքան նրանք, ովքեր բախտի քմահաճույքով հեղափոխության շարքերում են հիմա տեղավորված եւ իջեցնում են բանավեճերի սանդղակը: Սա անընդունելի է, բայց մենք ներողամիտ ենք. հասկանում ենք, որ նոր են եւ անփորձ»:

Ապա Էդմոն Մարուքյանն անդրադարձավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի քննադատված արտահայտությանն այն մասին, որ աղքատությունն առաջնահերթ մարդկանց ուղեղներում է: Մարուքյանը նշեց. «90-ականներին, երբ հայրս քաղաքական գործիչ էր, մենք աղքատ էինք, եւ դրա միակ եւ անկրկնելի մեղավորը Լեւոն Տեր-Պետրոսյանն էր: 2000-ականներին այդ մեղավորը Ռոբերտ Քոչարյանն էր, հետո՝ Սերժ Սարգսյանը: Այսինքն, մենք այդպես ենք սովորել: Հիմա հեղափոխության առաջնորդն էլ հայտարարում է, որ աղքատությունը մարդկանց գլուխներում է: Սրանում կարեւոր թեզեր կան քաղաքացու նախաձեռնողականության մասին, բայց լավ, բա կառավարիչներն ի՞նչ պետք է անեն, բա կառավարիչներն ինչի՞ համար են պատասխանատու: Բա այն ժամանակ ինչո՞ւ էին երեք առաջնորդները մեղավոր, իսկ հիմա 4-րդ առաջնորդը մեղավոր չի լինելո՞ւ: Այստեղից սկսվում է խորը քննադատությունը»:

Էդմոն Մարուքյանի բնորոշմամբ. «ՀՀ քաղաքական համակարգն այնպիսին է, որ կան հերոս եւ հակահերոս: Հիմա մարդիկ միանգամից չեն սովորի, որ հակահերոսին տեղից հանող հերոսը չի կարող լինել պատասխանատու: Մարդիկ պահանջում են նրանից: Մենք սովոր ենք պետությունից պահանջել երջանկություն, որովհետեւ համակարգն այդպիսին է»:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728