Դերասան, ռեժիսոր Վիգեն Ստեփանյանը մտահոգ է ռեժիսոր Հովհաննես Գալստյանի հացադուլով: Ստեփանյանն ասաց, որ չի կարծում, թե գերմանացի եւ բուլղարացի պրոդյուսերներն այնպիսի մի նախագծի ֆինանսական միջոցներ կտրամադրեին, որը անհետաքրքիր ու անհեռանկար լիներ: «Հովհաննես Գալստյանը պայքարում է իր գործով, իր մասնագիտությամբ զբաղվելու համար, ոչ հյուրանոց է կառուցում, ոչ էլ օբյեկտ է բացում, եւ կան բոլոր նախնական պայմանավորվածությունները»,- փետրվարի 14-ին «Բլից Ինֆո» մամուլի ակումբում հայտարարեց Վիգեն Ստեփանյանը:
Մանրամասները` տեսանյութում:
Կոմպոզիտոր, երաժիշտ Վահան Արծրունին կարծում է, որ այս դեպքը ընդհանուր դաշտի խնդիրներից առանձնացնել չի կարելի. «Դա մշակութային սեգմենտում տիրող իրարամերժ հակասությունների արտահայտությունն է, ուղղակի հետեւանքը: Մենք այս պահին դիտարկում ենք վարչարարական ճգնաժամ: Փաստորեն, ոլորտի պատասխանատուները չեն կարողանում կառավարել, ինչի պատճառով ստեղծվում է իրավիճակ, երբ արվեստագետը նախընտրում է պայքարի ծայրահեղ մեթոդ իր իրավունքների համար: Սա անթույլատրելի իրավիճակ է որեւէ պետության մեջ, անընդունելի: Սա նշանակում է, որ ոլորտային ղեկավարությունը ոչ միայն չի գիտակցում իր տեղն ու դերը… Ոչ մի երկրում նման բան չկա»:
Նրա խոսքերով, իշխանական, գերատեսչական օղակն իրեն հակադրում է արվեստագետին, եւ այդ մոտեցումը բանաձեւել է նաեւ Կոնստանտին Օրբելյանի հետ կատարվածի պարագայում, երբ մշակույթի նախարարի պարտականությունների կատարող Նազենի Ղարիբյանը հայտարարել էր, թե վերադասն ինքն է, ինքն է որոշում`թույլ տա՞լ մասնակցել «Գրեմիին», թե ոչ:
Մանրամասները` տեսանյութում:
Վահան Արծրունին տարակուսանք է հայտնում. «Կներեք չինովնիկներ, տրամաբանությունն արվեստում սա է` առաջինը ստեղծագործողն է, երկրորդը կատարողը, երրորդը արվեստաբանը, որ մեկնաբանում է, եւ չորրորդը միայն չինովնիկը, որն ըստ օրենքի` պետք է պայմաններ ստեղծի, որպեսզի արվեստագետը գոյանա` ուսում ստանա, զարգանա, ներկայացնի իր արվեստը Հայաստանի ներսում եւ Հայաստանից դուրս: Այդ երեք գործառույթներից ո՞րն է հիմա կատարում մշակույթի նախարարությունը, ոչ մեկը…Մշակույթի նախարարությունը ամբիցիաների տրամադրությամբ զինված` պայքարում է սեփական արվեստագետի դեմ, ավելի աբսուրդ բան պատկերացնել հնարավոր չէ, իսկ այդ արվեստագետը 12 օր հացադուլի մեջ է…Եղբայր նշանակվել եք, ձեր պարտականությունները կատարեք»:
Մանրամասները` տեսանյութում:
Վահան Արծրունին խառնակչություն է որակում կատարվածը, առաջարկում է տարանջատել այս խնդիրը մնացած բոլոր արհեստածին խնդիրներից, որոնք, իր խոսքերով, առաջացել են վերջին ինն ամիսներին ղեկավարման արդյունքում: Նա հավելում է, որ փորձել են երկխոսել, սակայն «Այաս» ակումբում նախատեսված հանդիպումը չի կայացել, քանի որ Նազենի Ղարիբյանը առանց պատճառաբանության չի ներկայացել:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ