Այսօր ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանը լրագրողների հետ զրույցում հարցին, թե ինչպե՞ս են քվեարկելու կառավարության ծրագրին, պատասխանեց, որ սպասում են վարչապետի եզրափակիչ ելույթին, ըստ այդմ որոշում կկայացնեն. «Եթե մեր առաջարկներն ընդունելի չեն լինի, բնականաբար, ԲՀԿ խմբակցությունը դեմ կքվեարկի»:
Մեր դիտարկմանը, որ կառավարության ներկայացուցիչներն ասում են, որ սա ԱԺ-ի ծրագիրը չի, կառավարության ծրագիրն է եւ պատասխանատվությունն էլ կառավարությունն է կրում՝ Էնֆիաջյանն արձագանքեց. «Բնական է, որ կառավարություն է կրում պատասխանատվությունը ծրագրի իրագործման հետ կապված, բայց բնական է նաեւ, որ քաղաքական ընդդիմախոսները բացերն են ներկայացնում, իրենց առաջարկներն են անում ու ժողովրդի աչքի առաջ է լինում: Մեզանից յուրաքանչյուրն ուզում է, որ այն մտքերը, որոնք արտահայտվում են, հաջողեն: Մասնավորապես, տնտեսական հեղափոխություն ասածը իրականություն դառնա, բայց դա իր մեջ նախադրյալներ պետք է պարունակի: Այդ նախադրյալները մենք չենք կարողանում արձանագրել, որովհետեւ չկան»:
Մեր հարցին՝ կառավարության ծրագրում ուղենիշներն են լինում, իսկ մասնավորեցումն արդեն գործողությունների ծրագրում է լինում, չե՞ք ուզում սպասել գործողությունների ծրագրին՝ նա պատասխանեց. «Ծրագիրը կառավարության 5 տարվա գործունեության ծրագիրն է, պետք է չափորոշիչներ իր մեջ պարունակի: Բազմաթիվ մեր գործընկերներ արձանագրել են, որ հիմնական բառակապակցություններն են՝ «պետք է իրականացնել…երջանկության զգացողություն, ըստ մեզ, վերացական ընկալելիություն է սա, բանաձեւերը չկան»:
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ