Լրահոս
Օրվա լրահոսը

ԼՀԿ պատգամավորն առաջարկում է Սփյուռքի համար «Վերադարձի գրասենյակներ» բացել

Փետրվար 14,2019 12:53

«Լուսավոր Հայաստան» կուսակցության պատգամավոր Կարեն Սիմոնյանն այսօր ԱԺ նիստում անդրադառնալով կառավարության ներկայացրած ծրագրին՝ նկատեց, որ ժողովրդագրական խնդիրները դուրս են մնացել դրանից: «Պարզ չէ՝ կառավարությունը գտնո՞ւմ է, որ առկա են ժողովրդագրական սպառնալիքներ եւ վտանգներ: Եթե դրանք կան, ապա ի՞նչ քայլեր են նախատեսվում»,-դիմելով դահլիճում նստած վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ հարցադրումներ արեց Կարեն Սիմոնյանը: Նա շեշտեց, որ վերջին տասնամյակում որոշ վտանգներ, օրինակ՝ ծնելիության ցածր մակարդակը, արդեն սպառնալիքի կարգավիճակ ունեն:

«ՀՀ-ի համար ժողովրդագրական անվտանգությունը խնդիր է: Այսօր չփորձել դրան ուշադրություն դարձնել՝ անթույլատրելի է: Այսօր պաշտպանության ոլորտում արդեն իսկ երեւում են ժողովրդագրական խնդիրների հետեւանքները. չէ՞ որ այսօր ծնվողները հետո զինվոր են դառնալու: Ժողովրդագրական խնդիրները սպառնում են նաեւ տնտեսությանը: Բնակչությունը եւ սպառող է, եւ արտադրող, մինչդեռ տնտեսությունը որոշ ժամանակ հետո ինքնավերականգնման հնարավորություն չի ունենալու»,-համոզմունք հայտնեց Կարեն Սիմոնյանը:

Ըստ նրա՝ որոշ մասնագետներ գտնում են, որ երկու միլիոնանոց բնակչություն ունենալու դեպքում ՀՀ տնտեսությունը վերականգնվելու հնարավորություններ չի ունենա առաջիկա տարիներին: Ապա պատգամավորը կառավարության ղեկավարին առաջարկեց ընդհանուր ժողովրդագրական քաղաքականության եւ հայրենադարձության համակարգված ծրագիր ունենալ. «Իսրայելում, օրինակ, որոշեցին տարբեր երկրներում «Վերադարձի գրասենյակներ» բացել: Քանի՞ նման գրասենյակ կարող է ստեղծել ՀՀ-ն: Հասկանում եմ, որ կառավարությունը նախորդ ամիսներին չէր կարող այդ խնդրով զբաղվել, բայց առաջիկա տարիներին կարող է: Պարոն Փաշինյան, կոչ եմ անում կառավարության գործողությունների ծրագրում ներառել ժողովրդագրական ռազմավարության փաստաթուղթ»:

Հիշեցնենք, որ այսօր եւս պատգամավորները ելույթներ են ունենում կառավարության ներկայացրած ծրագրի շուրջ:

Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728