Հարցին, թե ՀՀ կառավարությունն ի՞նչ հետևություններ պետք է անի ԱՄՆ այս արձագանքից, Ստյոպա Սաֆարյանը պատասխանեց, որ կարևոր է հանրությանը բացատրել այս քայլի անհրաժեշտությունն անվտանգային քաղաքականությունների տեսանկյունից, դրա օգուտները Հայաստանի համար, ինչպես նաև օրինականությունը։ Ս. Սաֆարյանը ենթադրում է, որ Հայաստանն ընդառաջելով Ռուսաստանի շահերին՝ դրա դիմաց, գոնե ինչ-որ բան ստանում է. «Ես կարող եմ ենթադրել, որ դրա արդյունքում հայ-ռուսական ռազմատեխնիկական համագործակցությունն է խորանում։ Փաստ չունեմ, բայց կարող եմ համարել ՍՈՒ կործանիչների ձեռքբերումն այդ օգուտներից մեկը, թե այլ ինչ կա՝ չեմ կարող պնդել։ Միգուցե կա այլ սպառազինությունների տրամադրման խնդիր։ Կարծում եմ՝ առաջին հերթին՝ Կառավարությունն ինքը պետք է ասի, թե ինչ է ստանում, մենք առայժմ տեսնում ենք միայն ռիսկեր, իսկ թե կոնկրետ ինչ օգուտներ կան, իշխանությունն ինքը պետք է բացատրի»։
Ի տարբերություն Սաֆարյանի, Աղասի Ենոքյանը կարծում է, որ այս առաքելությամբ Հայաստանը նույնիսկ հայ-ռուսական հարաբերությունների ոլորտում որևէ օգուտ չի ստանալու։ «Սա Հայաստանի զինվորների և ՀՀ քաղաքացիների հաշվին Ռուսաստանին արված նվեր էր, որը գուցե մի փոքր աշխատեց, բայց Ռուսաստանը կրկին իր կոշտ դիրքորոշումներով է հանդես գալիս ՀՀ իշխանությունների հանդեպ»,- ասաց Ենոքյանը։
Նրա կարծիքով, այս գնահատականը մեղմելու և ընդհանուր առմամբ հումանիտար առաքելության շուրջ ստեղծված ռիսկային իրավիճակը վերացնելու հաճար ՀՀ Կառավարությունը պետք է այս առաքելության իրավապայմանագրային հիմքը, եթե այն գոյություն ունի, բերի ԱԺ, թափանցիկ քննարկումներ տեղի ունենան, և հետ բերի առաքելությունը Սիրիայից։ Հայաստանը, ըստ նրա, պարտավոր է նաև բազմավեկտոր քաղաքականություն վարել։ «Հիմա բոլորը դրել ենք մեկ զամբյուղում և վախով սպասում ենք, թե երբ է ռուսը ոտքով հարվածելու այդ զամբյուղին՝ մեր ողջ արտաքին քաղաքականությունը փշուր-փշուր անելով»,- ասաց նա։
Իսկ ըստ Ս. Սաֆարյանի՝ ամենակարևորն այն է, որպեսզի հանրությունն իրազեկ լինի, թե որն է այս քայլի անհրաժեշտությունը Հայաստանի Հանրապետության համար։
Արաքս ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «168 ժամ» թերթի այսօրվա համարում