Մի խումբ ուսանողներ ցույց են իրականացնում ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դեմ: Նրանք վանկարկում են «ԵՊՀ-ն առանց Արամի», «Արամ հեռացիր», «Ազատ, անկախ ուսանող», նաեւ նմանաբովանդակ պաստառներ են տանում: Ուսանողները պահանջում են, որ հոգաբարձուների խորհուրդը հետ կանչի Արամ Սիմոնյանին:
Ուսանողներից մեկը բարձրախոսով հայտարարեց, որ ստեղծել են նոր շարժում` «100-ամյակն առանց Արամ Սիմոնյանի»: «Հոգաբարձուների խորհուրդը պետք է արտահերթ նիստ հրավիրի եւ անվստահություն հայտնի Արամ Սիմոնյանին, քանզի Արամ Սիմոնյանը տարիներ շարունակ գործել է հակաուսանողական եւ վերջին բացահայտումներն էլ դրա վառ ապացույցն են, 800 մլն-ի չարաշահումներ են հայտնաբերվել»,-բարձրախոսով հայտարարեց մասնակիցներից մեկը:
Հիշեցնենք, որ դեկտեմբերին ՀՀ պետական վերահսկողական ծառայությունը Երեւանի պետական համալսարանում ուսումնասիրությունների արդյունքում հայտարարել էր, որ 800 միլիոն դրամի չարաշահումներ են հայտնաբերվել: Մայր բուհի ռեկտորն էլ հրատապ ասուլիսում մեկնաբանել էր խնդիրը՝ ՊՎԾ-ին անվանելով «ոչ պրոֆեսիոնալ» կառույց:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ