Գործարարները ոչ թե պիտի գնան կառավարության դուռը՝ ինչպես վերադասի մոտ են գնում, ու հարցնեն՝ «կառավարության ծրագրում կահույքագործության մասին բան չկա գրած, հիմա ի՞նչ եք ասում, զբաղվե՞նք դրանով, թե ոչ», այլ պիտի ասեն՝ «հարգելի կառավարություն, մենք որոշել ենք զբաղվել այս-այս-այս բիզնեսներով, որովհետեւ համարում ենք, որ դրանք հեռանկարային են, բայց դրա համար գոյություն ունեն այս-այս-այս խոչընդոտները, բարի եղեք կատարել աշխատանքի ձեր բաժինը ու վերացնել դրանք»։
Ինչ է, չկա՞ն այդպիսի խոչընդոտներ, գործարարները կառավարության առջեւ դնելու պահանջներ չունե՞ն։ Իհարկե, կան խոչընդոտներ, ու կառավարությունն էլ խելքից դուրս անելիքներ ունի։ Օրինակ՝ նախկինում ներառական տնտեսության զարգացմանը խոչընդոտում էր պայմանական «Սաշիկը» (տարբեր կառույցների կամ պաշտոնյաների կողմից մասնավոր բիզնեսի մեջ 50 տոկոս փայ մտնելու պրակտիկան)։ Իսկ ինչպիսի՞ վիճակ է հիմա։ Հայաստանում բիզնեսի տարեկան շահութաբերության միջին ցուցանիշը 20-22 տոկոս է (ի դեպ՝ ավելի բարձր է, քան զարգացած երկրներում), իսկ բանկերը բիզնես վարկեր տրամադրում են տարեկան լավագույն դեպքում 10-12 տոկոսով։ Այսինքն՝ եթե որեւէ մեկը վարկ վերցնի, դրանով բիզնես սկսի ու տարեկան 20-22 տոկոս մաքուր շահույթ ստանա, իր վաստակի առնվազն 50 տոկոսը տալու է բանկին։ Այլ կերպ ասած՝ բանկային համակարգը հենց պայմանական «Սաշիկն» է։ Գործարարներն ու միկրոբիզնես սկսելու մտադրություն ունեցողներն ա՛յս հարցի լուծումը պիտի պահանջեն կառավարությունից, եւ ոչ թե դժգոհեն, որ «ոլորտային զարգացման ծրագրեր չկան»։
Մյուս խոչընդոտն, օրինակ, այն է, որ հարկային օրենսգիրքն օրումեջ փոխվում է, ու արդյունքում բիզնես-միջավայրն անկանխատեսելի է։ Կարելի է, չէ՞, կառավարությունից պահանջել, որ առնվազն հիմնական հարկատեսակների դրույքաչափերը գոնե մի 3-4 տարի չփոխվեն։
Կարելի է տասնյակ օրինակներ բերել, բայց դրանից հարցի էությունը չի փոխվի։ Փաստն այն է, որ կառավարությունը փորձում է իրեն դիրքավորել որպես ընդամենը տնտեսության բնականոն զարգացման սպասարկու, իսկ տնտեսվարողները համառորեն պահանջում են «խազեին» ու «կռիշ»։ Եվ սրտնեղում են, որ կառավարությունը կարգին «խազեինություն» չի անում, դա ընկալում են որպես «բարդակ», որտեղ «շունը տիրոջը չի ճանաչում», ընկալում են որպես իշխանությունների թուլություն ու փորձի պակաս…
Նման ընկալումներով էլ ուզում ենք տնտեսական հեղափոխություն անել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հայկական ժամանակ» թերթի այսօրվա համարում