Արմավիրում մի կրպակից փորձեցի թերթ գնել։ «Փակ ենք»,- ներսից ասաց աշխատակցուհին։ «Ինչու» հարցին պատասխանեց. «Մոգո» ենք սպասարկում»։ Անկեղծ ասած՝ լավ չհասկացա։ Կրպակի մոտ հավաքված տղամարդկանցից մեկը պարզաբանեց. «Հենց սկսում են վարկ տալու թղթաբանությունը, ներսից փակվում են, չեն աշխատում, ո՛չ թերթ են ծախում, ո՛չ սիգարետ, ո՛չ էլ լիցքավորում են անում»։
Քաղաքի այլ հատվածում գտնվող մյուս կրպակը, բարեբախտաբար, բաց էր։ Աշխատակցուհին դժգոհեց, որ «Մոգոն» «կապել են իրենց վզին»։ Պատմեց՝ հունվարին, մի օրով, կրպակավաճառներին կանչել են Երեւան, մի քանի ժամ դասընթացի պես ինչ-որ բան արել ու ասել, որ այսուհետ կենտրոնանալու են միայն «Մոգոյի» վրա։ «Մնացած բաները՝ «Մոգոյից» հետո»,- տեղեկացրեց կինը։
Փոքրիկ կրպակում, որտեղ մեկ հոգին էլ է դժվար տեղաշարժվում, վարկատու կազմակերպությունը համակարգիչ ու տպիչ սարք է տեղադրել, որով կրպակավաճառները թղթաբանություն են անում։ «Մե՛նք ուր, վարկ ձեւակերպե՜լն ուր… դժվարանում ենք, շփոթվում։ Չեմ հասկանում, ինչի՞ առանձին գրասենյակներ չեն վարձում, աշխատողներ չեն պահում, որ բերել-կապել են մեր գլխին։ Հա՛մ ուզում են եկամուտ ունենան, հա՛մ չե՞ն ուզում ծախս անեն»,- ասաց կրպակավաճառը՝ խնդրելով չհրապարակել անունը։ «Եթե անունս ասեմ, գործից կհանեն»։ Էջմիածնից մի կրպակավաճառ դժգոհեց. «Ասացին՝ չես ուզում, ազատվի աշխատանքից»։
Թղթաբանության ողջ ընթացքում, որը կարող է տեւել 30 րոպեից մինչեւ մեկ ժամ՝ պայմանավորված կրպակավաճառների ոչ հմուտ աշխատանքով, վարկառուն սպասում է դրսում։ «Պատուհանը բացում ենք երկու անգամ, երբ իր հեռախոսին «նստած» կոդն է մեզ փոխանցում եւ երբ պայմանագիրն է ստորագրում։ Մնացած ընթացքում պատուհանը չենք բացում՝ անկախ նրանից՝ թե՞րթ են ուզում գնել, ծխախո՞տ, թե՞ այլ բան»։
Սերոբ ՄԱՐՈՒԹՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի այսօրվա համարում