Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Փող տուր՝ զինվորի համար երգեմ, կամ ֆիլմ նկարեմ

Փետրվար 14,2019 10:30

Ասում են ՝ իրավիճակ է փոխվել: Ասում են:

Ինչ կարգ ու հասարակարգ էլ փոխվի, մարդը չի հրաժարվում իր էգոյից: Քավ լիցի, որևէ մեկի վիրավորելու, հայ և համաշխարհային մշակույթում իր ունեցած դերը թերագնահատելու, միտում չունեմ: Արդի հայ իրականությունից պարզ է դառնում մի բան՝ մենք ազգովի պարտատեր ենք, պարտապանն էլ մեր պետությունն է: Եվ մեր պահանջը ոչ թե իրավական, այլ լոկ նյութական շահ է հետապնդում:

Աչքերը հեռուն նայելու համար են, սակայն ոմանք չեն տեսնում մեր սահմանամերձ գյուղերի աղետալի վիճակը, ուր կիսավեր դպրոցներն այսօրերին նավթով են ջեռուցվում. այնտեղ դեռ 1990-ականների Հայաստանն է: Պետությանը նյութական պահանջ ներկայացնելը, որոշակի դրսևորմամբ, դառնում ինքնագովազդ, ուր դրամական միջոցը պիտի ծառայի նպատակին: Սակայն, պահանջ էլ կա, պահանջ էլ… Չենք ընդունում, որ արտաքին միլիարդավոր պարտքով, թալանված ու օտարված տնտեսությամբ երկիրը բանակ պահելու խնդիր ունի, որի գլխին կախված է պատերազմի վերսկսվելու վտանգը: Յուրաքանչյուր հայի համար զինվորի քաղցած չքնելը, տաք հագուստ, զենք ու զինամթերք ունենալը առաջնայինն է, վեր ամեն անձնական շահից ու խնդիրից: Կարծում եմ՝ սա է բանականը:

«Փող տուր, որ գնանք Արցախ զինվորի համար երգենք», կոպիտ է հնչում, սակայն ուղիղ իմաստն այս էր. ամիսներ առաջ ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանը բարձրաձայնեց, որ ՀՀ մշակույթի նախարար Լիլիթ Մակունցը չի հոգացել Արցախ մեկնելու ճանապարհածախսը: Աշուղական երգի «Սայաթ Նովա» անսամբլը համերգ պիտի տար զինվորների համար, ովքեր արժանապատվորեն ցուրտ ու կիսաքաղց, անխոնջ ու անտրտունջ պաշտպանում են հայրենիքը՝ առանց ակնկալիքի: Դժգոհեց Ժողովրդական արտիստը, թեև համերգը կայացավ, բայց ոչ պետական միջոցներով: Հենց այդ օրերին Երևանի Դիսնեյ արվեստի դպրոցի 6-14 տարեկան սաները՝ ծնողների հետ, թվով 80 հոգի, մեկնել էին Արցախ՝ հայրենիքի պաշտպանին այցելության: Երեխաներն իրենց համեստ միջոցներով քաղցրավենիք ու միրգ էին տարել զինվորներին, երգել, պարել ու լուսանկարվել նրանց հետ: Այս մասին ոչ մի հրապարակում չեղավ, որովհետև մեկնել էին պարտքի գիտակցումով…

Ոչ բռնի, թավշյա հեղափոխության երազն անցավ. անկախ ցանկությունից մենք էլի նստած ենք մեր հին ու կոտրած տաշտակի՝ մեր դառը իրականության առաջ…

Արդեն քանի օր է կինոռեժիսոր Հովհաննես Գալստյանը վերսկսել է իր հացադուլը «Տատիկիս Վարսերը» լիամետրաժ խաղարկային ֆիլմի ֆինանսավորումը մասամբ պետության կողմից կազմակերպելու համար: Սցենարին ծանոթ չեմ, գուցե արվեստի գլուխգործոց լինի, բայց այդ բեռը աղքատ պետության ուսերին դնելն ընդունելի չէ: Թեև պահանջվող գումարը մի շքեղ մեքենայի արժեք է, սակայն այն մեր սահմանամերձ գյուղերի կամ աղետի գոտու տնակային պայմաններում գոյատևող կարիքավոր շատ ընտանիքների սոցիալական վիճակը փոքր ինչ կմեղմացնի: Խնդրանքս է կինոռեժիսորին՝ դուրս եկեք հացադուլից, հովանավոր փնտրեք արտերկրում. «տաշած քարը գետնին չի մնա»:

Կարծում եմ, լինելով արվեստագետ և ոչ պակաս հայրենասեր, գիտակցում եք, որ բնավ ժամանակը չէ կյանքի գնով ռիսկի դիմել, երբ երկիրը տնտեսական զարգացման հույսը դրել է ՀԴՄ կտրոնների վրա: Եթե մինչև վերջերս ունեինք ՀՀ Մշակույթի նախարարություն, որը անճարակությամբ «հրաշալի» ներկայացնում էր հայ մշակույթը համաշխարհային հարթակներում, ավելն ասեմ՝ հայկական պատմաճարտարապետական կոթողները, դարերի հետ կռիվ տալով, հասել են մեզ, այլևս անկարող են դիմակայել մեր անտարբերությանը, Վրաստանում հայկական եկեղեցիները հատ-հատ զիջում ենք մեր դարավոր դրացուն, ՅՈՒՆԵՍԿՕՆ Հայկական տոլման գերադասեց փաթաթել ադրբեջանական նավթադոլարով… ազգային արժեքների կորուստների ողբերգության այս շարանը կարելի է անվերջ թվարկել:

«Փող տուր՝ զինվորի համար երգեմ, կամ ֆիլմ նկարեմ». սա պայքարի ձև չէ, հազարամյա հայ մշակույթի շարունակականության ու վերելքի նոր ռազմավարություն է պետք մշակել:

Ջեմմա ԲԱՂԴԱԴՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728