Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կառավարության ծրագրով ներկայացված չէ հստակ տեսլական այն մասով, թե առաջիկա տարիներին հակակոռուպցիոն պայքարն ինչ ուղղությամբ է տարվելու. հայտարարություն

Փետրվար 14,2019 00:37

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՀԿ-ՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅԱՆ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆԸ  ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ԾՐԱԳՐԻ ԿՈՌՈՒՊՑԻԱՅԻ ԴԵՄ ՊԱՅՔԱՐԻ ԴՐՈՒՅԹՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

2019 թվականի փետրվարի 9-ին կառավարության նիստում հաստատվեց ՀՀ կառավարության ծրագիրը, որում ի թիվս այլնի, առանձին բաժին է հատկացվել կոռուպցիայի դեմ պայքարին, շեշտադրելով, որ կոռուպցիայի դեմ պայքարը լինելու է կառավարության գործունեության  առաջնահերթություններից մեկը:

Հայտնում ենք, որ կոռուպցիայի դեմ անզիջում պայքար մղելու հանրային օրակարգը ձևավորվել է դեռևս 2018 թվականի գարնանը Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա հեղափոխության ընթացքում: Հետևաբար, այսօր երկրի ղեկավարումը ստանձնած  քաղաքական ուժերն այլընտրանք չունեն, քան այդ խնդրի լուծման համար հեղափոխական և համակարգային առաջարկություններով հանդես գալ և դրանք կյանքի կոչել:

Անդրադառնալով Կառավարության ծրագրի հիշյալ բաժնի կառուցվածքին, նախ պետք է նշենք, որ մեթոդաբանական առումով այն շարադրված չէ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետությունը բնորոշող երեք հիմնական հենասյուների վրա, այն է՝ հակակոռուպցիոն կրթություն, կանխարգելում և իրավապահ գործառույթ, ինչը վկայում է այն մասին,  որ համակարգային մոտեցում չի ցուցաբերվել: Այնուհետև, նշված բաժնում բավարար հստակությամբ չեն շարադրված կոռուպցիայի դեմ պայքարում առաջնային լուծում պահանջող՝ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգի ներդրմանն ու հակակոռուպցիոն նոր քաղաքականության ռազմավարական առաջնահերթություններին վերաբերող կարգավորումները:

Այսպես, Կառավարության ծրագրում հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ ունենալու առումով կարևորվել է  մասնագիտացված, անկախության երաշխիքներով օժտված հակակոռուպցիոն մարմնի ստեղծումը՝ օժտված  ուսումնասիրություններ իրականացնելու  և կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման համար անհրաժեշտ գործառույթներով,   մինչդեռ խոսք չի գնում մյուս երկու՝  կանխարգելիչ և կրթական գործառույթների մասին:

Կառավարության ծրագրով ներկայացված չէ հստակ տեսլական այն մասով, թե առաջիկա տարիներին հակակոռուպցիոն պայքարն ինչ ուղղությամբ է տարվելու, ինչպիսի հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգ է ներդրվելու Հայաստանում, որոնք են լինելու հակակոռուպցիոն նոր քաղաքականության առաջնահերթություններն ու գերակայությունները:

Միջազգային լավագույն փորձը վկայում է, որ կոռուպցիայի դեմ պայքարի արդյունավետության մակարդակը բարձրացնելու նպատակով երկրների կողմից որդեգրված քաղաքականությունը զարգանում է մեկ ուղղությամբ` ձևավորել անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մարմին, որը համապարփակ ձևով կկանոնակարգի և կիրականացնի կոռուպցիայի նվազեցմանն ուղղված բոլոր միջոցառումները։ Համոզված լինելով, որ կոռուպցիայի դեմ պայքարի վերոհիշյալ ինստիտուցիոնալ համակարգի լուծումը ժամանակից աշխարհում հանդիսանում է ամենաարդյունավետը` կից ամփոփ տեղեկանքում ներկայացնում ենք անկախ հակակոռուպցիոն ունիվերսալ մասնագիտական մարմնի հիմնական առավելությունները:

Նշենք նաև, որ դեռևս 2017 թվականի խորհրդարանական ընտրությունների ժամանակ «Լուսավոր Հայաստան», «Հանրապետություն» և «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունները հանդես գալով «ԵԼՔ» դաշինքի կազմում, նախընտրական ծրագրի «Պայքար կոռուպցիայի դեմ» բաժնում նախատեսել էին անկախ,  ունիվերսալ հակակոռուպցիոն մարմնի ստեղծում: Նշված քաղաքական ուժերից երկուսը՝ «Իմ քայլը» դաշինքը, որի կենտրոնական քաղաքական ուժն է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը և «Լուսավոր Հայաստան» կուսակցությունը, այսօր ներկայացված են խորհրդարանում, հետևաբար, բոլոր նախադրյալները կան, որպեսզի բավարար քաղաքական կամք դրսևորվի և անկախ, հակակոռուպցիոն ունիվերսալ մարմնի ստեղծելու հարցում միասնական օրակարգ ձևավորվի:

Այսպիսով, հաշվի առնելով այն հանգամանքը, որ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմնի վերաբերյալ ներկայումս կառավարության ծրագրի նախագծով և «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարության և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագրի» նախագծով ամբողջական և արդյունավետ լուծումներ սահմանված չեն, առաջարկում ենք պետական իրավասու մարմինների, հակակոռուպցիոն փորձագիտական հանրույթի, մասնագիտացված քաղաքացիական հասարակության կազմակերպությունների, քաղաքական ուժերի փորձագետների և միջազգային փորձագետների ներգրավմամբ կազմակերպել փաստարկված մասնագիտական քննարկումներ՝ Հայաստանում անկախ հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ մարմին ներդնելու, կոռուպցիայի դեմ պայքարի երեք հենասյուների ուղղությամբ ռազմավարական լուծումներ ուղենշելու, և դրա արդյունքում հակակոռուպցիոն նոր քաղաքականության առաջնահերթությունների և գերակայությունների վերաբերյալ հանրային կոնսենսուսի վրա հիմնված վերջնական որոշումներ ընդունելու նպատակով:

Հիմք ընդունելով վերոգրյալը, կոչ ենք անում ՀՀ ԳՈՐԾԱԴԻՐ ԵՎ ՕՐԵՆՍԴԻՐ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ կոռուպցիայի դեմ իրադրային լուծումներով պայքար մղելու նախորդ իշխանությունների պրակտիկան իներցիայով չշարունակել և բոլոր շահագրգիռ կողմերի ներգրավմամբ երկրում հակակոռուպցիոն պայքարն օր առաջ ինստիտուցիոնալիզացնելու  միասնական և փոխհամաձայնեցված օրակարգ ձևավորել:

Միաժամանակ, Հայաստանի ՔՀԿ-ների հակակոռուպցիոն կոալիցիան հայտնում է իր պատրաստակամությունը կազմակերպելու և անցկացնելու վերը նշված մասնագիտական քննարկումները:

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՔՀԿ-ՆԵՐԻ ՀԱԿԱԿՈՌՈՒՊՑԻՈՆ ԿՈԱԼԻՑԻԱՅԻ ՔԱՐՏՈՒՂԱՐՈՒԹՅՈՒՆ

13.02.2019թ.

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728