Լրահոս
Օրվա լրահոսը

Սասուն Միքայելյանը՝ Հրազդանի նպաստառուների մասին. «Բերես գործի դնես, ամսական 300-400 հազար աշխատավարձ տաս, չի համաձայնի»

Փետրվար 14,2019 15:00

«Իմ քայլի» պատգամավորները գնահատում են ուղեղում աղքատությունը հաղթահարելու Փաշինյանի թեզն ու կառավարության «մսոտ» ծրագիրը

Նիկոլ Փաշինյանն ու իր թիմը ամիսներ շարունակ գոռում էին՝ «դուխով, դուխով», դուխով հեղափոխություն արեցին, կառավարություն ձեւավորեցին, հիմա այս կառավարության ծրագրի մեջ դուխն ո՞ւր է կորել: Այս հարցին «Առավոտի» հետ զրույցում «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանը պատասխանեց. «Դուխը երեւում է գործունեությամբ: Կառավարության դուխը պետք է երեւա իր գործունեության արդյունքում»:

«Իմ քայլի» պատգամավոր Հրաչյա Հակոբյանը կարծում է, որ «սա շատ դուխով ծրագիր է»: Նրա խոսքով՝ «Համենայնդեպս, իրատեսական է: Նախորդ իշխանությունների նման մի ծրագիր չեն բերել, որ սարեր-ձորեր խոսք էին տալիս, արդյունքում ոչինչ չէր լինում: Այս ծրագրում, թերեւս, սարեր-ձորեր չի խոստանում կառավարությունը, բայց վստահ եմ, որ ավելին կանի, քան գրված է»: Դիտարկմանը, որ հստակ թվեր չկան, որ հետո չափենք, տեսնենք՝ արե՞լ է կառավարությունը դա, թե՞ չի արել, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց. «Վստահ եղեք, որ չափելու ժամանակ դուք չափելու էնքան բան կունենաք, բացի թվերից: Համ թվերը կկարողանաք չափել, բայց բացի թվերից՝ շատ ավելի շատ ուրիշ բաներով էլ կկարողանաք չափել, վստահ եմ»: Նախկինում, երբ Նիկոլ Փաշինյանը խոսում էր Հովիկ Աբրահամյանի կառավարության ծրագրի մասին, «պերաշկու» անեկդոտն էր պատմում, որ երբ մարդը մսով պերաշկի է առնում, կծում է, ասում է՝ միսն ո՞ւր է, ասում են՝ դեռ չես հասել, մի հատ էլ է կծում, ասում է՝ ո՞ւր է, ասում են՝ հոպ, անցար, հիմա կառավարության ծրագիրն այդ «պերաշկու» օրին չէ՞, կարդում ենք ու չգիտենք՝ «միսն» անցե՞լ ենք, հասե՞լ ենք: Հրաչյա Հակոբյանն արձագանքեց. «Չէ, լավ մսոտ ծրագիր է»:

Երեկ կառավարության ծրագիրը ներկայացնելիս ԱԺ ամբիոնի մոտ Նիկոլ Փաշինյանն ասաց. «Աղքատությունը ոչ միայն սոցիալ-տնտեսական երեւույթ է, նաեւ հոգեբանական երեւույթ է, մտածողության որոշակի տեսակի հետ կապ ունի: Մարդու աղքատությունը առաջին հերթին ուղեղում է, եթե մարդը այդտեղ աղքատությունը չի հաղթահարել, ինչ ուզում ես արա՝ չի հաղթահարի, ուզում ես տար ամեն օր 1000 դոլար տուր»: Հրաչյա Հակոբյանն ասաց, որ արդեն սոցցանցերում սկսել են բուռն քննարկել այդ խոսքերը՝ խեղաթյուրելով վարչապետի խոսքը. «Նիկոլ Փաշինյանը ակունքներից եկավ, որ մարդը պետք է իր մեջ հաղթահարի աղքատությունը, այլապես կլինի մակերեսային, կոսմետիկ հարցի լուծում: Եթե հանրության մտածելակերպը արմատական չփոխվի, մենք մի քանի տարի կոսմետիկ այդ հարցը կլուծենք»: Հարցին՝ կարո՞ղ է դրա արդյունքում այնպես ստացվի, որ 5 տարի հետո ասենք՝ ինչո՞ւ աղքատությունը չի հաղթահարվել՝ արդարանան, որ մարդկանց ուղեղում դեռ չի հաղթահարվել՝ Հակոբյանը պատասխանեց. «Չէ, չի ասվի դա, որովհետեւ նախ՝ ծայրահեղ աղքատությունը կհաղթահարվի, համ էլ աղքատության շեմը կբարձրացվի»:

Թե ինչպե՞ս պիտի աղքատությունը հաղթահարվի, երբ փողի տեղը ցույց չի տալիս կառավարությունը, Հրաչյա Հակոբյանը պատասխանեց, որ փողն էլ կա, փողի տեղն էլ կա. «Նախեւառաջ, ինչպես վարչապետն ասաց իր ելույթում, մարդիկ հենց սկսեն ՀԴՄ պահանջել, ներդրողն էլ կգա ներդրում կկատարի էս երկրում, ու ամեն ինչ շատ լավ կլինի, վստահ եմ: Ճիշտ է ասում Փաշինյանը, երգիչն ասում է՝ ինչի՞ են թոշակները քիչ, ինչի՞ ճանապարհները լավը չեն, բայց ինքը հարկ չի վճարում, որ իր մորաքրոջ քեռու հարեւանի թոշակը բարձրանա, բայց իր մորաքրոջ քեռու հարեւանի մասին ինքը խոսում է: Հենց ասում ես՝ ինչի՞ հարկ չես վճարում, ասում է՝ ես ինչի՞ վճարեմ»:

Սասուն Միքայելյանն էլ այս առնչությամբ մեզ հետ զրույցում ասաց, որ համոզվել է՝ վարչապետը ճիշտ է ասում աղքատության մասին. «Հրազդանում մարդիկ գերադասում են Փարոս ստանալ, քան թե գնալ մի տեղ աշխատել: Շատ դեպքեր են եղել, որ, օրինակ, թեկուզ մարդը գալիս է օրավարձով աշխատում, իրան որ բերես գործի դնես, ամսական 300-400 հազար աշխատավարձ տաս, չի համաձայնի»: Մեր զարմանքին, որ 400 հազար դրամ աշխատավարձից հրաժարվում են, ինչ է թե նպա՞ստ ստանան, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Հետաքրքիր բան է, բայց չի համաձայնում, դա հոգեբանություն է, ու էդ հոգեբանությունը փոխելը հեշտ չի»: Երբ ասացինք, որ առաջ Սերժ Սարգսյանն էլ էր ասում, որ աշխատատեղեր կան, աշխատող չկա, ընդդիմությունն էլ սվիններով էր ընդունում իր ասածը, Սասուն Միքայելյանն արձագանքեց. «Լավ, ի՞նչ ես բերում Սերժ Սարգսյանին մեջտեղ: Նիկոլ Փաշինյանը չի ասում՝ լիքը աշխատատեղ կա, ասում է՝ մարդիկ կան, որ էդ հոգեբանությամբ են, դրա համար էդ հոգեբանությունը պիտի փոխվի»:

«Իմ քայլը» խմբակցության ղեկավար Լիլիթ Մակունցը ուղեղում աղքատությունը հաղթահարելու հետ կապված ասաց. «Ես համաձայն եմ, որ շատ փոփոխություններ իրականացնելու համար, ընդ որում՝ տարբեր տիրույթներում, կարող եք պրոյեկտել այդ մոտեցումը կյանքի ցանկացած ոլորտի համար, ու կտեսնենք, որ մեր կյանքում տնտեսական առումով, սոցիալական առումով, այլ առումներով փոփոխությունների հանգելու համար պետք է առաջին հերթին սեփական վերաբերմունքն ու սեփական մոտեցումները փոխել»:

Երբ հիշեցրինք, որ ժամանակին Տիգրան Սարգսյանն էր մտքի հեղափոխություն խոստանում անել, Մակունցն արձագանքեց. «Ես չգիտեմ՝ սա ում գաղափարի շարունակությունն է, սա նոր գաղափար չէ, դարերով գրվել է այս մասին, տարբեր ուսմունքներ կան, վերլուծություններ կան, բայց ես կիսում եմ այն կարծիքը, որ առաջին հերթին փոփոխությունը սկսվում է մարդուց, եւ դա է, որ առաջին փուլի փոփոխությունները մենք կարողացանք իրականացնել»:

ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

13.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728