Լրահոս
Օրվա լրահոսը

Մերոնք՝ Սիրիայում

Փետրվար 14,2019 12:00

Սկիզբը՝ այստեղ

Պաշտոնական Երեւանը պնդում է, որ «սա հայկական նախաձեռնություն է»

Փետրվարի 8-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն տարածեց, եւ տեղեկությունը, որը տարածվեց, չի կարելի ասել, թե անսպասելի էր: Այդ մասին խոսվում էր տեւական ժամանակ: «Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու նպատակով այսօր՝ փետրվարի 8-ին, հումանիտար ականազերծողներից, բժիշկներից եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող հայ մասնագետներից բաղկացած խումբը (ընդհանուր՝ 83 անձ) ժամանել է Սիրիայի Արաբական Հանրապետություն (ք. Հալեպ): Հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են հումանիտար ականազերծման, բնակչության հակաականային իրազեկման, բժշկական ծառայությունների մատուցման մարդասիրական գործունեություն: Հայաստանի Հանրապետության կողմից Սիրիայի ժողովրդին մարդասիրական մասնագիտական օժանդակություն ցուցաբերելու որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում եւ հատկապես Հալեպ քաղաքում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 2017 թվականի N2393 եւ 2018 թվականի N2401 բանաձեւերը, սիրիական կողմի գրավոր խնդրանքները, ինչպես նաեւ Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունը»,- ասվում էր հաղորդագրությունում:

Միաժամանակ նշվում էր, որ Սիրիայի Արաբական Հանրապետության տարածքում հայ մասնագետների տեղավորման, նրանց կարգավիճակի, գործառույթների եւ անվտանգության հետ կապված հարցերը «կարգավորվել են Հայաստանի Հանրապետության օրենսդրության համաձայն»: «Սիրիայի Արաբական Հանրապետություն հայ մասնագետների տեղափոխման, ինչպես նաեւ ապահովման խնդիրներն իրականացվում են ռուսաստանյան կողմի աջակցությամբ»,- նշում էր ՀՀ ՊՆ-ն:

Այսպես, ՊՆ-ից շեշտում են, որ հայ մասնագետները Հալեպի բացառապես ռազմական գործողություններից զերծ բնակավայրերում ծավալելու են աշխատանքներ, որոշումը կայացվել է` հաշվի առնելով Սիրիայում եւ հատկապես Հալեպում ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված հումանիտար ծանր վիճակը, Հալեպում մեծաթիվ հայկական համայնքի առկայությունն ու սիրիական կողմի գրավոր խնդրանքները:
Նույն օրը «Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը շեշտել է, որ զորախմբի մասին խոսք լինել չի կարող, քանի որ Սիրիա է մեկնել մասնագետների խումբ: Հարցին, թե սա հայ-ռուսական նախաձեռնությո՞ւն է, նա պատասխանել է՝ սա միայն հայկական կողմի նախաձեռնությունն է. «Սա հայկական նախաձեռնություն է, որին լոգիստիկ օժանդակություն է ցուցաբերել Ռուսաստանի Դաշնությունը՝ հանձինս նաեւ գործընկեր գերատեսչությունների»։

Ճշտող հարցին, թե կոնկրետ ինչո՞վ է աջակցելու Ռուսաստանը, Բալայանը պատասխանել է. «Լոգիստիկ, օրինակ՝ տեղափոխումն անձնակազմի»։ Նրա փոխանցմամբ՝ հայկական կողմն ինքնուրույն է որոշում կայացնելու՝ ում բուժել եւ որտեղ ականազերծման աշխատանքներ իրականացնել:

Հիշեցնենք, որ դեռ անցյալ տարվա օգոստոսին, ամփոփելով իր պաշտոնավարման հարյուր օրը, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե հայ-ռուսական կողմերն աշխատում են համատեղ հումանիտար մի նախագծի վրա, որն աննախադեպ է Հայաստանի նորանկախ պատմության մեջ: «Դա ապացույց է, որ մենք շարժվում ենք հայ-ռուսական հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու ճանապարհով»,- շեշտել էր Փաշինյանը։

«Ազատության» հարցին, թե ի՞նչ պայմանագրի շրջանակներում է խումբը Սիրիա մեկնել, Գաբրիել Բալայանը շեշտել է, թե համապատասխան իրավապայմանագրային բազան առաջացել է դեռեւս 2001-ին Հայաստանի եւ Սիրիայի կառավարությունների միջեւ կնքված պայմանագրի շրջանակներում. «Մենք 2001 թվականին վավերացրած պայմանագիր ունենք, դրա շրջանակներում է»։ Իսկ հարցին, թե կարո՞ղ է այս որոշումը աշխարհաքաղաքական առումով խնդիրներ հարուցել Հայաստանի համար, Բալայանը պատասխանել էր, թե բոլոր կողմ եւ դեմ կարծիքները հաշվի են առնվել, եւ քաղաքական որոշումն արդեն իսկ կայացված է:
Որքան էլ պաշտոնական Երեւանը շեշտի հայկական համայնքի գործոնը Սիրիայում ու սիրիական կողմի «գրավոր խնդրանքները», ակնհայտ է, որ այս քայլն առավելապես գնահատվելու է Հայաստան-Ռուսաստան փոխհարաբերություններում: Հաշվի առնելով Տոնոյան-Շոյգու վերջին հանդիպմանը Հայաստանի հասցեին դրական տոնայնությամբ հայտարարությունները՝ արդեն իսկ կարելի է արձանագրել, որ Մոսկվան գնահատում է հայկական կողմի կայացրած որոշումը:

Իսկ այս որոշման աշխարհաքաղաքական նշանակությունն ու ազդեցությունն ինչպես կանդրադառնա Հայաստանի վրա՝ թերեւս ժամանակի հարց է: Բացի այդ, պակաս կարեւոր չէ հայկական խմբի անվտանգության հարցը: Արձանագրենք, սակայն, որ իշխանությունն այնուամենայնիվ խուսափեց մինչ որոշման կայացումը հրապարակային քննարկումներից, օրինակ՝ հարցի քննարկման կազմակերպումից խորհրդարանում: Ավելին, այս ընթացքում բազմիցս հնչել են կարծիքներ, որ այսօրինակ որոշումները պետք է կայացվեն խորհրդարանի կողմից վավերացման արդյունքում:

Փետրվարի 10-ին պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն արձագանքեց Հայաստանի կողմից Սիրիա հումանիտար մասնագետներ եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու փաստին: Նա ֆեյսբուքյան իր էջում ներկայացրեց իրավական պարզաբանումներ: ՀՀ ՊՆ-ն ներկայացրել էր պարզաբանումը՝ հաշվի առնելով հումանիտար ականազերծման կենտրոնի ներգրավվածությունը, մարդասիրական առաքելությունը, նշելով, որ ՊՆ-ն այդ կենտրոն ՊՈԱԿ-ի լիազոր մարմինն է։

Այսպես, տեղեկանքում նշվում է, որ Հայաստանի Հանրապետության ու Սիրիայի Արաբական Հանրապետության միջեւ 2001թ. օգոստոսի 27-ին կնքվել է համագործակցության մասին Համաձայնագիր, որը սահմանված կարգով վավերացվել է 2002թ. փետրվարի 4-ին եւ ուժի մեջ է մտել 14.02.2002թ.: Համաձայնագրի 2-րդ հոդվածի դրույթները սահմանում են, որ Կողմերը փոխադարձ պայմանավորվածության դեպքում կարող են համագործակցել նաեւ այլ բնագավառներում: «Միջազգային պայմանագրերի իրավունքի մասին» կոնվենցիայի 31-րդ հոդվածի 3-րդ «Մեկնաբանման ընդհանուր կանոնը» վերտառությամբ հոդվածի 3-րդ մասին համապատասխան՝ «Համատեքստի հետ միաժամանակ հաշվի են առնվում»՝ ա) պայմանագրի մեկնաբանման կամ դրա դրույթների կիրառման վերաբերյալ մասնակիցների միջեւ հետագա ցանկացած համաձայնություն, բ) պայմանագրի կիրառման հետագա պրակտիկան, որը սահմանում է դրա մեկնաբանման վերաբերյալ մասնակիցների համաձայնությունը»: Այնուհետեւ նշվում էր, որ վերը նշվածը ուղղակիորեն ամրագրում է կողմերի իրավասությունը մեկնաբանելու Համաձայնագրի դրույթները երկկողմանի ընդունելի տարբերակով, Համաձայնագրի 4-րդ հոդվածը կողմերին պարտավորեցնում է՝ «Համաձայնագրի դրույթներն իրագործելիս պետք է ամբողջապես պահպանեն փոխանակված տեղեկատվության ամբողջական գաղտնիությունը»:

«Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածն ամրագրում է, որ «Այլ պետությունների գաղտնիքների եւ Հայաստանի Հանրապետության պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով»: «Պետական եւ ծառայողական գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդված 3-րդ մասի «ե» կետի համաձայն՝ «ՀՀ կառավարությունը ձեռնարկում է միջոցներ պետական եւ ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունները համատեղ օգտագործելու եւ պաշտպանելու վերաբերյալ Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի կատարման ուղղությամբ»,- նշվում է ՊՆ խոսնակի պարզաբանման մեջ:

Արծրուն Հովհաննիսյանը տարածած պարզաբանման եզրակացության մեջ նշում է. «ՀՀ կողմից Սիրիայի Արաբական Հանրապետություն հումանիտար մասնագետներ եւ նրանց անմիջական անվտանգությունն ապահովող անձնակազմ ուղարկելու ընթացակարգերը ՀՀ օրենսդրության տառին համապատասխան պահպանվել են։ Համապատասխան իրավական ակտերի մի մասը Պետական եւ ծառայողական գաղտնիքի վերաբերյալ ՀՀ օրենսդրության համապատասխան հրապարակման ենթակա չեն։ Ավելին՝ դրանց չարտոնված հրապարակումը ենթադրում է ՀՀ քրեական օրենսգրքի 306-րդ հոդվածով սահմանված պատասխանատվություն»։

Սկիզբը՝ այստեղ

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ,  13.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728