Լրահոս
Օրվա լրահոսը

Գյուղապահովագրությունը պետք է պետական ընկերությունն անի, որ չձախողվի

Փետրվար 14,2019 14:30

Այս համոզմանն է Գյուղատնտեսական դաշինքի փորձագետ Արտակ Մարտիրոսյանը

Ինչպես նախորդ, նոր կառավարությունն էլ իր ծրագրում ամրագրել է գյուղատնտեսության ապահովագրության ներդրում: Վերջապես կապահովագրվի՞ գյուղատնտեսի բերքն ու անասունը՝ դժվար է ասել: Այս կառավարության ծրագրի այդ կետից էլ շատ բան հասկանալի չէ: Պարզ չէ՝ ինչպես եւ ինչ մոդելով է պետությունն այն պատկերացնում: Սակայն նախորդ կառավարությունների փորձը հաշվի առնելով՝ մի բան ակնհայտ է՝ առանց գյուղապահովագրության ոլորտը ոտքի չի կանգնում: Հատկապես ներկայումս ֆերմերների մեծ մասն իրենց այգիները, դաշտերը մշակելու, անասնաբուծությունը զարգացնելու համար ներդրումներ են անում վարկեր ներգրավելով, ուստի բնական եւ տեխնածին աղետներից տուժելու դեպքում հայտնվում են անելանելի իրավիճակում` տնտեսությանն օգուտ տալու փոխարեն մի բան էլ բեռ դառնում պետության վրա: Էլ չենք ասում, որ Հայաստանի տնտեսության համար գյուղատնտեսությունը աճ ապահովող ոլորտ է: Գյուղատնտեսությունը կարեւոր նշանակություն ունի նաեւ երկրի զբաղվածության ապահովման գործում, քանի որ այդ ոլորտում, ըստ ԱՎԾ տվյալների, զբաղված է շուրջ 500 հազար մարդ:

Գյուղապահովագրության կարեւոր դերի, մեր երկրի համար կիրառելի մոդելի վերաբերյալ «Առավոտը» զրուցեց ՀՀ Գյուղատնտեսական դաշինքի գյուղատնտեսության ապահովագրության գծով փորձագետ Արտակ Մարտիրոսյանի հետ: Պարոն Մարտիրոսյանն ասաց, որ Գյուղատնտեսական դաշինքի շրջանակներում քննարկել եւ մշակել են գյուղապահովագրության իրականացման մի մոդել, որում պետությունը մեծ դերակատարում է ունենալու:

 

Դաշինքի նախագիծն արդեն ուղարկվել է Ազգային ժողով ու ՀՀ կառավարություն

Դաշինքը՝ ի դեմս փորձագետ Մարտիրոսյանի, առաջարկում է ունենալ գյուղապահովագրության պետական ընկերություն, ինչի փորձն արդեն ունենք, այն է՝ Հայաստանի արտահանման գործակալությունը, որն արդեն 5-6 տարի գործում է:

Փորձագետը կարծում է, որ եթե արտահանման ոլորտում պահել ենք պետական ապահովագրական ընկերություն, գյուղոլորտում իրավունք չունենք չունենալու պետական ապահովագրական ընկերություն: Հակառակ պարագայում այն պրոդուկտը, որը տալիս է արտահանման գործակալությունը, մասնավոր սեկտորը միշտ ունեցել է այդ առաջարկը: Առավել եւս, որ արտահանման գործակալության կողմից հավաքագրված ապահովագրավճարները վերջին 5 տարիների համար կազմել են ընդամենը 129,897,000 ՀՀ դրամ, իսկ գյուղատնտեսության ապահովագրության համար առաջիկա 5 տարիների ընթացքում պլանավորած է հավաքագրել՝ 6,569,758,000 ՀՀ դրամ ապահովագրավճար:

Գյուղտնտեսական ռիսկերի ապահովագրությունը նույնպես ապահովագրական համակարգի ստեղծման օրից միշտ պահանջարկ ունեցել է, եւ մասնավոր սեկտորն ապահովագրական այդ պրոդուկտը տալու հնարավորությունն ունեցել է, բայց, ըստ Արտակ Մարտիրոսյանի, չի տվել. «Չի տվել, որովհետեւ ինքը բիզնես հետաքրքրությունների շրջանակում չի դիտարկվում: Եթե ապահովագրական ընկերություններն այս ռիսկի տակ մտնեին, վաղուց կտրամադրեին գյուղատնտեսության ռիսկերի ապահովագրությունը: Առավել եւս այս հանգամանքը հաշվի առնելով՝ մենք պարտավոր ենք ունենալ պետական ապահովագրական ընկերություն, որովհետեւ մասնավորում այդ ռիսկը կրող չունենք: Մենք Արարատի մարզի երկու համայնքներում մի պիլոտային ծրագիր ենք արել խոշոր եղջերավորների: Երբ այն ժամանակ բոլոր 6 ապահովագրական ընկերություններին հրավեր ուղարկեցինք, ընդամենը 3-ը մասնակցեցին, որից երկուսը տվել էին շատ սահմանափակ ու զգուշավոր առաջարկ, որ վնասաբերության ինչ-որ մակարդակից հետո այլեւս պատրաստ չեն այդ ռիսկը կրելու: Այսինքն՝ շատ խիստ ձեւով զսպել էին իրենց հատուցման պարտավորությունները: Նույնիսկ պիլոտային ծրագրի պարագայում, եթե մենք մասնավորի կողմից ունենք նման վերաբերմունք գյուղատնտեսության ապահովագրությանը, երբ այդ դեպքում խոշոր եղջերավորներն էին, որոնք հաշվառվելու, համարակալվելու էին, այսինքն՝ չափելի էր լինելու, այստեղ մենք ունենք բաց երկնքի տակ գյուղատնտեսություն»:

Պարոն Մարտիրոսյանի խոսքով՝ արդեն երկու տարի է՝ պետբյուջեով ունենք հաստատված 5 միլիոն եվրոյին համարժեք գումար, որը որ պետք է ուղղվի ապահովագրավճարների սուբսիդավորմանը: Այդ գումարը նախատեսված է KFW բանկի, Կենտրոնական բանկի ու գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ իրականացվող մի ծրագրով, որը մեկնարկել է դեռեւս 2014 թվականից, եւ հիմնական պահանջը եղել է այն, որ ապահովագրավճարների սուբսիդավորմանը KFW բանկն էլ կհատկացնի, եթե մեր կառավարությունն էլ 5 միլիոն եվրո տրամադրի: Սակայն այդ գործընթացը հետաձգվում է, քանի որ գյուղապահովագրության ոլորտում, Արտակ Մարտիրոսյանի խոսքով, ունենք խնդիրներ, որոնք պետք է լուծվեն կամքի առկայությամբ:

 

Փորձագետը մտահոգություն ունի, որ գյուղապահովագրությունը մասնավոր սեկտորին հանձնելու դեպքում կձախողենք

Խնդիրներից հիմնականը, որը դեռեւս 2012 թվականից սկսած փորձագետը բարձրաձայնում է, եւ դեռեւս առկա է, քանի որ որեւէ բան չի փոխվել, վնասների պատմությունն է. «Ապահովագրական ընկերություններին, ապահովագրական ռիսկերը կրողներին միշտ էլ պետք է լինում 3-5 տարվա նախորդող ժամանակահատվածի վնասների պատմություն, որ ռիսկերը գնահատենք եւ համապատասխան ապահովագրական վճարներ առաջարկենք, հասկանանք՝ ինչ է, այդ թվում, երբ կա պետական աջակցություն, հասկանանք՝ ինչ ձեւով են այդ գումարները տնօրինվելու: Բայց այս պարագայում մենք չունենք այդ վնասների պատմությունը: Միշտ տարբեր նախարարների կողմից հայտարարություններ են արվել, որ այս տարի վնասը կազմել է այսքան՝ ընդամենը մեկ թվով: Մենք նույնիսկ շատ դեպքերում չենք ունեցել այն տարանջատումը՝ դա բուսաբուծությո՞ւնն էր, թե՞ անասնաբուծությունը, ուր մնաց ունենայինք այն տեղեկատվությունը՝ ըստ համայնքների, ըստ ռիսկերի, ըստ մշակաբույսերի: Այդ ողջ տեղեկատվությունը մենք չունենք, եւ նոր-նոր գյուղնախարարությունը քայլեր է ձեռնարկում, որպեսզի դա ունենանք: Բայց հիմա էլ մենք չունենք գյուղատնտեսության նախարարություն: Այն վերջերս միավորվեց մեկ այլ նախարարության»:

Մյուս խնդիրը, ըստ փորձագետի, այն է, որ չունենք նաեւ մեթոդոլոգիա վնասների գնահատման, ինչպես նաեւ չունենք պատճառի փորձաքննության վերաբերյալ մեթոդոլոգիա:

Ձախողման հիմնական մտահոգություններից են նաեւ գործակալների միջոցով վաճառքները. «Այս մոտեցման արդյունքում սոցիալական փաթեթներով առողջության ապահովագրության ժամանակ հասկանալի պատճառներով հիմնարկի ղեկավարները կամ որոշում կայացնող անձինք իրենց համար ցանկալի ընկերություն էին ուղղորդում աշխատակիցներին: Այս դեպքում, համոզված եմ, նույնպես բախվելու ենք նույն խնդրին, եւ չհիմնավորված կերպով բարձրանալու են ստվերային միջնորդավճարները, այսինքն` մասնավոր ընկերությունները մրցակցելու են բացառապես միջնորդավճարների բարձրացման հաշվին»,- ասում է փորձագետը:
Ըստ նրա՝ լավ նորությունն այն է, որ KFW բանկի հետ իրականացվող համատեղ ծրագրով որոշակիորեն զոնավորել են եւ ուրվագծել Արմավիրի եւ Արարատի մարզերի համայնքների հողատարածքները, որտեղ պետք է իրականացվի պիլոտային ծրագիր. «Պատմությունը ցույց է տալիս, որ կարկուտի եւ ցրտահարության տեսակետից այս մարզերն ամենաշատն են խոցելի: Այստեղ պետք է կատարվի ծիրանի ու խաղողի այգիների ապահովագրություն: Այդ ծրագրերի վերաբերյալ որոշակի պատկերացում արդեն կա: Այնտեղ հեկտարներով այգիներ են նշված, նաեւ՝ թե ինչ պոտենցիալ կա, որ համայնքներում ինչքան եւ այլն: Մի կարեւոր բան էլ է ծրագրով նախատեսված՝ ապահովագրավճարները մեկ հեկտարի հաշվով ինչ են լինելու»: Սակայն, ինչպես փորձագետն է նշում, այդ ծրագրով նախատեսված է ոչ թե բերքի, այլ ծախսերի ապահովագրություն. «Այսինքն՝ մոտավորապես սահմանափակումներ ենք դնում, ասենք՝ մեկ հեկտարը 1 միլիոն դրամ կամ 1,5 միլիոն դրամ, եւ պատահարի դեպքում հատուցվելու է այդ գումարի սահմանաչափերում: Այսինքն՝ առավելագույն սահմանաչափն այդ տարբերակն է ֆիքսվելու: Սա լավ է, որ գոնե մի բան ունենք, բայց մյուս առումով էլ շատ թերի է, որովհետեւ որեւէ տեղ գրված չէ, որ այս հինգ տարվա նախատեսված ծրագրի ինչ-որ փուլում մենք անցնելու ենք բերքի ապահովագրության: Այսինքն՝ ֆերմերները խնդիր ունեն բերքը կորցնելու: Իսկ եթե մեկ հեկտարից մոտավորապես 9 տոննա ծիրան են ստանալու, եթե 100 դրամով էլ հաշվենք նրա վաճառքի գինը, ֆերմերը ինը միլիոնի ակնկալիք ունի այդտեղից: Երբ որ մենք պատահարի դեպքում հատուցում ենք 1 միլիոն դրամի շրջանակներում, բայց ինքը 9 միլիոնի վնաս է կրել, այստեղ էլ մենք բախվելու ենք ֆերմերի դժգոհությանը: Շատ նուրբ պահ է, մենք պետք է ֆերմերներին շատ ճիշտ ներկայացնենք ու ասենք, թե ի՛նչն են իրենք ապահովագրում, որովհետեւ հակառակ պարագայում մենք կունենանք խնդիր»:
Արտակ Մարտիրոսյանի խոսքով՝ նույն խնդիրն առկա է ԱՊՊԱ-ի պարագայում, այն դեպքում, երբ այն արդեն տասը տարի է՝ գործարկվում է. «Դեռեւս ԱՊՊԱ պայմանագիր ունեցող սպառողներ կան՝ նեղսրտում են, որ իրենց ավտոմեքենան չի վերականգնվում: Չեն պատկերացնում, որ սա պատասխանատվության ապահովագրություն է, ուր մնաց այստեղ: Բոլոր ֆերմերներն ուրախությամբ ընդունելու են, որ ապահովագրություն կա, որ պետությունը մի մասը սուբսիդավորելու է, բայց պատահարի դեպքում ունենալու ենք այդ խնդիրը, եթե ճիշտ չբացատրենք, իսկ եթե հաջորդ տարին էլ, մյուս տարին էլ նույն ձեւով մենք հատուցենք՝ հիասթափվելու են, որովհետեւ գոնե 3 տարի հետո մենք պետք է ունենանք բերքի ապահովագրության պրոդուկտ: Ես վստահ եմ, որ որոշակի չափով ֆերմերները պատրաստակամ են լինելու գումար հատկացնելու, եթե իմանան, որ իրենց ամբողջական բերքի վնասն է փոխհատուցվելու: Բայց սրան հասնելու համար ունենք երկու խնդիր՝ չունենք վնասների պատմություն, եւ չունենք վնասների գնահատման մեթոդոլոգիա, ինչպես նաեւ չունենք պատճառի փորձաքննության վերաբերյալ մեթոդոլոգիա»: Ըստ փորձագետի՝ պետք է ունենանք երկու տիպի ենթակառուցվածք՝ վնասների գնահատում եւ պատճառի փորձաքննություն. «Այս երկու հարցը մեզ մոտ բաց է: Ես չգիտեմ՝ մենք ինչպես ենք 2019 թվականին այս պիլոտային ծրագիրն իրականացնելու, եթե չունենք այս երկու մեխանիզմը»:

 

Ագրարային համալսարանն իր գիտական, կրթական բազայով ու ՊՈԱԿ-ներով կարող է փորձագիտություն իրականացնել, մեթոդոլոգիաները մշակել

Փորձագետի ներկայացմամբ՝ Ագրարային համալսարանին տրամադրվել են բավականին լուրջ գործառույթներ՝ Անասնաբուծության, Բուսասանիտարիայի, Երկրագիտական ՊՈԱԿ-ները, եւ դրանք այս բուհին տրամադրելու արդյունքում եւ նաեւ Ագրարային համալսարանում տեղի ունեցած ղեկավար կազմի վերջին փոփոխություններից հետո պետությունը կարող է Ագրարային համալսարանին պատվիրակել ոչ միայն փորձագետների կրթումը, ինչը որ նախատեսված էր KFW բանկի ծրագրով, այլեւ իր համար իրականացնել փորձագիտությունը, մշակել մեթոդոլոգիան. «Մենք պետք է հնարավորություն ունենանք հասնելու արդեն պլանավորված գյուղատնտեսության, որպեսզի համ գյուղատնտեսությունը պլանավորենք, տեսնենք՝ ինչ սպառում է լինելու վերջում արժեշղթան փակելու իմաստով, համ էլ այդ շղթայում բոլոր ռիսկերը դնենք՝ ապահովագրենք: Ու դրա լավագույն իմացողն ու կրողը պետությունն է»:

Ըստ մեր զրուցակցի՝ պետական ապահովագրական ընկերությունը մշակելու է պրոդուկտներ, վերցնելու է ռիսկը եւ տրամադրելու է ապահովագրական ծածկույթը ֆերմերներին՝ հաշվի առնելով KFW բանկի, Կենտրոնական բանկի եւ գյուղնախարարության համատեղ կազմած, ներկայացրած այն փաթեթը, ինչը որ ունենք:

Ըստ ներկայացված մոդելի՝ Կենտրոնական բանկն ունենալու է լիցենզավորման եւ վերահսկողության գործառույթ այդ ստեղծվող ապահովագրական ընկերության նկատմամբ, ինչպես նաեւ ընդունելու եւ կիրառելու է անհրաժեշտ նորմատիվներին ու պահուստներին ներկայացվող պահանջները:

ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ

Լուսանկարը`ՀՀ Գյուղատնտեսական դաշինքի ֆեյսբուքյան էջի

«Առավոտ» օրաթերթ, 

13.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728