Լրահոս
Օրվա լրահոսը

Ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի մոտ. նա ունի մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք

Փետրվար 14,2019 14:00

2019 թվականի փետրվարի 7-ին հետախուզման մեջ գտնվող Արթուր Մանուչարյանը վերադարձել է Հայաստան եւ նույն օրը, ժամը 04.00-ի սահմաններում՝ «Զվարթնոց» օդանավակայանի գծային ոստիկանության բաժնի աշխատակիցների կողմից վերցվել է արգելանքի տակ ու նույն օրը տեղափոխվել է ոստիկանության Ալավերդու բաժին, ապա «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկ:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանին է դիմել Արթուր Մանուչարյանի պաշտպան Գուրգեն Հարությունյանը՝ իր պաշտպանյալին անձնական ազատությունից զրկելու ոչ իրավաչափ լինելը հաստատելու եւ անհապաղ ազատ արձակելու կարգադրություն տալու միջնորդությամբ:

Ըստ պաշտպանի միջնորդության, 28.08.2013 թվականին Թումանյանի քննչական բաժանմունքում ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով հարուցվել է քրեական գործ: 18.10.2013 թվականի որոշմամբ Արթուր Մանուչարյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել «ստորագրություն չհեռանալու մասին»:

21.10.2013 թվականի որոշմամբ Արթուր Մանուչարյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ գործը մեղադրական եզրակացությամբ ՀՀ Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան է ուղարկվել 31.10.2013 թվականին:

Լոռու մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի դատավոր Ս. Բաղդասարյանի 01.11.2013 թվականի որոշմամբ քրեական գործն ընդունվել է վարույթ: Քրեական գործի դատաքննության ժամանակ ամբաստանյալ Արթուր Մանուչարյանը թաքնվել է քննությունից եւ դատական նիստերին չի ներկայացել, որի պատճառով դատարանի 14.01.2014 թվականի որոշմամբ նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում եւ խափանման միջոց ստորագրությունը չհեռանալու մասին փոխվել է, ընտրվել է կալանավորում:

Ապա դատարանի որոշմամբ՝ հետախուզման մեջ գտնվող Արթուր Մանուչարյանի վերաբերյալ քրեական գործի մասը առանձնացվել է առանձին վարույթում եւ կասեցվել՝ մինչեւ Արթուր Մանուչարյանին հայտնաբերելը:

Ըստ պաշտպանի, համաձայն ՀՀ սահմանադրության «Անձնական ազատությունից զրկված յուրաքանչյուր ոք իրավունք ունի վիճարկելու իրեն ազատությունից զրկելու իրավաչափությունը, որի վերաբերյալ դատարանը սեղմ ժամկետում որոշում է կայացնում եւ կարգադրում է նրան ազատ արձակել, եթե ազատությունից զրկելը ոչ իրավաչափ է»:

Իսկ «Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» եվրոպական կոնվենցիայի 5-րդ հոդվածի համաձայն՝ «Յուրաքանչյուր ոք ունի ազատության եւ անձնական անձեռնմխելիության իրավունք: Ոչ ոքի չի կարելի ազատությունից զրկել այլ կերպ, քան հետեւյալ դեպքերում եւ oրենքով uահմանված կարգով. անձի oրինական կալանավորումը կամ ձերբակալումը` իրավախախտում կատարած լինելու հիմնավոր կաuկածի առկայության դեպքում նրան իրավաuու oրինական մարմնին ներկայացնելու նպատակով կամ այն դեպքում, երբ դա հիմնավոր կերպով անհրաժեշտ է համարվում նրա կողմից հանցագործության կատարումը կամ այն կատարելուց հետո նրա փախուuտը կանխելու համար»: Նույն հոդվածի 1-ին կետի, գ ենթակետի դրույթներին համապատաuխան՝ «ձերբակալված կամ կալանավորված յուրաքանչյուր ոք անհապաղ տարվում է դատավորի կամ այլ պաշտոնատար անձի մոտ, որն oրենքով լիազորված է իրականացնելու դատական իշխանություն եւ ունի ողջամիտ ժամկետում դատաքննության իրավունք կամ մինչեւ դատաքննությունն ազատ արձակվելու իրավունք»:

Պաշտպանը հղում էր կատարել Վճռաբեկ դատարանի իրավական դիրքորոշմանը՝ Տիգրան Մայիսի Վահրադյանի գործով: 2008 թվականի դեկտեմբերի 26-ին կայացված որոշմամբ արձանագրվել էր. «Հետախուզման մեջ գտնվող մեղադրյալի բացակայությամբ նրա նկատմամբ խափանման միջոցի ընտրության առումով, չեն բխում Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասում ամրագրված՝ դատավորի մոտ անհապաղ տարվելու պահանջից: Նշված իրավանորմերը վարույթն իրականացնող մարմնին հնարավորություն են տալիս անձի նկատմամբ ազատությունից զրկելու հետ կապված խափանման միջոց ընտրել անձի բացակայության պայմաններում` առանց հնարավորություն ընձեռելու, որ հետախուզման արդյունքում հայտնաբերված անձը ներկայանա դատարան, եւ անձի կալանավորման հարցի քննարկումը տեղի ունենա իր ներկայությամբ:

Վճռաբեկ դատարանը գտնում է, որ քրեադատավարական օրենքում ամրագրված նման կարգավորումը կհակասի Կոնվենցիայի 5-րդ հոդվածի 3-րդ մասին եւ կոպտորեն կխախտի անձի ազատության իրավունքը, եթե հետախուզման մեջ գտնվող անձի ի հայտ գալուց հետո նա անհապաղ դատարանի առջեւ չներկայացվի»:

Մեկ այլ գործով Մարդու իրավունքների եվրոպական դատարանն էր դիրքորոշում հայտնել, որ «ձերբակալված կամ կալանավորված անձանց ազատությունից զրկելու նկատմամբ դատական վերահսկողությունը կարեւորագույն երաշխիք է ընդդեմ ազատությունից զրկված անձի նկատմամբ վատ վերաբերմունքի եւ իրավակիրառ մարմինների կողմից իշխանության չարաշահման» («McKay v. Tհe United Kingdom», 2006թ., գանգատ N 543/03, կետ 32):

Վճռաբեկ դատարանը եւս կարեւորում է քրեական դատավարության շրջանակներում ազատությունից զրկված անձին անհապաղ դատարան ներկայացնելու երաշխիքային նշանակությունը: Հետեւաբար ըստ պաշտպանի, հետախուզման մեջ գտնվող անձին հայտնաբերելուց հետո նա պետք է անհապաղ (72 ժամվա ընթացքում) տարվի դատավորի մոտ:

«Ինչպես արդեն նշել եմ, Արթուր Մանուչարյանը 2019 թվականի փետրվարի 7-ին՝ ժամը 4.00-ի սահմաններում, հայտնաբերվել եւ ձերբակալվել է, սակայն անհապաղ՝ 72 ժամվա ընթացքում (մինչեւ 10.02.2019 թ.՝ ժամը 04.00-ն) խափանման միջոց կալանավորման հարցը կրկին քննարկելու համար դատարան չի տարվել կամ ազատ չի արձակվել: 2019 թվականի փետրվարի 10-ին Արթուր Մանուչարյանին ազատ արձակելու պահանջով դիմում եմ ներկայացրել «Վանաձոր» ՔԿ հիմնարկի պետին, սակայն ստացել եմ բանավոր մերժում եւ ներկայումս էլ նա ապօրինի պահվում է արգելանքի տակ՝ «Վանաձոր» ՔԿ հիմնարկում»,-«Առավոտի» հետ զրույցում ասում է Գուրգեն Հարությունյանը:

Պաշտպանը Լոռու մարզի ընդհանուր իրավասւթյան առաջին ատյանի դատարանից խնդրում է ճանաչել վարույթում քննվող քրեական գործով ամբաստանյալ Արթուր Մանուչարյանին անձնական ազատությունից զրկելու ոչ իրավաչափ լինելը եւ կարգադրել «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկին անհապաղ ազատ արձակել նրան:

ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ» օրաթերթ, 

13.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728