Լրահոս
Օրվա լրահոսը

Որտե՞ղ է մարդկության բնօրրանը

Փետրվար 14,2019 12:30

Արդի ժամանակաշրջանում տեղեկատվական անհավանական նորությունները այնքան շատ են, կարծես թե «նորությունների հեղեղ» է հորդում։ Բացի առօրյա, ամենօրյա նորություններից, որոնց մենք հաղորդակից ենք լինում, համացանցում, հատկապես youtube-ի կայքերում հրապարակվում են սենսացիոն վերնագրերով բացահայտումներ, առեղծվածային նորություններ, որոնք երբեմն գլխապտույտ իրավիճակներ են առաջացնում։ Շատ անգամ այդ նորությունները մարդկանց վրա այնպիսի ազդեցություններ են թողնում, որ մարդիկ հավատում են անհեթեթությունների եւ կախվածություն է առաջանում նման «նորությունները» կարդալու կամ լսելու համար։ Հատկապես շատ են այդպիսի կրոնական հաղորդումները։ Երբեմն էլ մարդիկ ճիշտ չեն ընկալում հաղորդվող նյութը եւ իրենց շրջապատում՝ իրենց հաղորդակիցների մոտ սխալ մեկնաբանություններով աղավաղում են այդ նորությունները։ Այնուհանդերձ, համացանցային նորությունները եւ համացանցի տրված հնարավորությունները անգնահատելի ծառայություններ են գիտակից մարդու համար։ Նրանք վերաիմաստավորում են իրենց իմացածը, առավել մանրամասն տեղեկություններ են ստանում անցյալում կատարված իրադարձությունների վերաբերյալ եւ կարողանում են ճիշտ եզրահանգումներ անել ու մեկնաբանել, բանավիճել իրենց հաղորդակիցների հետ։ Բացի դրանից, արդի ժամանակաշրջանում կատարվում են նոր բացահայտումներ, հնէաբանական հետազոտություններ, գտնվում են իրեր, որոնց հետազոտություններով էլ ենք կարողանում ճանաչել աշխարհը, մեր պատմությունը՝ մանավանդ, որ դրանք գաղտնիության կնիքից դառնում են հասարակության սեփականությունը։

Ծանոթանալով youtube-յան հրապարակումներին, որոնք վերաբերում են մարդկության առաջացմանը, նկատեցի, որ շատ երկրներում նորանոր հնավայրեր են հայտնաբերվում, նոր գտածոներ, որոնց ուսումնասիրություններով ոգեւորված, հայտնաբերողները հայտարարում են, որ դա մարդկության բնօրրանն է եղել։ Շատ դեպքերում այդ գտածոներն իրոք արժեքավոր են եւ նույնիսկ անբացատրելի, որը եւ հիմք է հանդիսանում նման հայտարարություններ անելու համար։

Արդեն հայտնի քաղաքակրթության օջախներից բացի, նոր հայտնագործություններ են կատարվում նաեւ դրանց հարակից երկրներում։ Եվ եթե մենք ուսումնասիրում ենք այդ երկրների աշխարհագրությունը Արեւելյան կիսագնդում, ապա նկատելի է, որ դրանք տարածվում են Հայկական բարձրավանդակի չորս կողմերում։ Պատահական չէ, որ հույն պատմիչները ժամանակին արձանագրել են, որ Հայաստանն աշխարհի կենտրոնն է։ Դրա համար էլ Տիգրան Մեծ արքայից արքան իր թագի վրա կրում էր ութթեւանի աստղ, որը խորհրդանշում էր, որ ինքն աշխարհի կենտրոնում է, ճյուղավորվում է բոլոր ուղղություններով, եւ իրեն են պատկանում Հայաստանի չորս կողմի սահմանակից թագավորությունները։ Այդ աստղը նաեւ Արեգակի, հավերժության եւ արիականության խորհրդանիշ է։

Ուրեմն կարելի է եզրակացնել, որ Հայաստանից մինչեւ Չինաստան ու Եվրոպա, մինչեւ Ռուսաստան ու Եգիպտոս տարածաշրջանի կենտրոնը Հայկական բարձրավանդակն է՝ Հայաստանը։ Եվ այն համարվում է «քաղաքակրթության միջուկը»՝ ինչպես անվանում է հայաստանյան պատմության գիտակ Նատալյա Սոբոլը։ Բնականաբար, քաղաքակրթությունը տարածվում է միջուկից, ոչ թե տվյալ տարածքի ծայրերից։ Եթե ցանկանում եք նշել մարդկության բնօրրանի տեղը, ուրեմն ուսումնասիրեք Հայկական բարձրավանդակի հին ու նոր հնավայրերը։ Դրանցից է Նոր Գեղի հնավայրը, որի տարիքը 325 000 տարի է, 25 000 տարով ավելի, քան Արեւելյան Աֆրիկայի ժողովուրդները, ովքեր, ըստ մինչեւ այժմ գերիշխող տեսության, եկել եւ Միջին Արեւելքով տարածվել են աշխարհով մեկ։

Համաձարկվում եմ նկատել, որ բացի բնիկությունից, Հայաստան աշխարհը որպես Երկիր Դրախտավայր է նշվում շատ աղբյուրներում եւ քարտեզներում։ Շումերական արձանագրություններից հայտնի Հայա կամ Էնկի Աստվածի ուսերից հորդում են գետեր՝ Տիգրիսն ու Եփրատը, որոնք սկիզբ են առնում Արարատյան լեռներից։

Իսկ դրանց ակունքներում տեղաբաշխված է եղել Արատտա ամենահնագույն պետությունը։ Իզուր չէ, որ Արատտա երկիրն անվանել են Սրբազան օրենքների երկիր։ Եվ եթե Դրախտն այդտեղ է եղել, ուրեմն Ադամն ու Եվան այդտեղ են արարվել։ Բայց համաձայն դարվինյան տեսության՝ մարդիկ զարգացում են ապրել։ Ուրեմն Ադամն ու Եվան Homo Saphiens-ի (կատարյալ մարդու) այն ներկայացուցիչներն են, որոնք այլ մոլորակից ժամանել են Դրախտ՝ Հայկական Լեռնաշխարհ։ Ըստ ասուրա-շումերական ավանդության, արարիչը գտնվել է Արարատյան լեռներում եւ այնտեղ է արարել մարդուն։ Իսկ դա էլ բացատրվում է հետեւյալ բանաձեւով՝
Արարիչն արարեց մարդուն (արի մարդուն)

Արարատյան լեռներում (Արարատյան դաշտում):

Այսինքն, Ադամի ու Եվայի Դրախտում՝ սրբազան օրենքների երկրում հայտնվելը վերագրել են աշխարհում մարդի արարմանը։

Այլ մոլորակից ժամանելով, նրանք էլ կարծել են, թե դրախտում են հայտնվել, սակայն շուտով հասկացել են, որ այնպիսի վայրում են, որտեղ կա նաեւ նախանձ, դավադրություն, որոնք դրսեւորվում են օձի տեսքով՝ սողացող քստմնելի, բանսարկու արարածի միջոցով։ Այդտեղ էլ նրանք ճաշակում են անմահական պտուղը, որը հավանաբար ծիրանն է եղել։ Շատ գրքերում այն պատկերում են խնձորի տեսքով։ Սակայն անծանոթ պտուղը չես կարող ձեռքով կիսել եւ չես պատկերացնի, թե ինչպես պետք է ուտել։ Իսկ ծիրանը Եվան կարող էր հեշտությամբ կիսել եւ տեսնելով ծիրանի ջրալի, փափուկ տեսքը, այն հավատ է ներշնչել ուտելու համար։ Իսկ քանի որ ծիրանը հայտնաբերվել է Դրախտում, նա էլ պետք է լինի անմահական կամ արգելված պտուղը, որովհետեւ օտարները ծիրանին են անվանել հայկական պտուղ՝ Prunus armeniaca կամ Armenian plum՝ հոմանիշ՝ Armeniaca vulgaris։ Դրախտում ապրելով, նրանք նախանձի եւ անհանդուրժողականության դրսեւորման արդյունքում ականատես են լինում դաժան սպանության՝ Կայենը սպանում է եղբորը՝ Աբելին (սա էլ նման է Սասունցի Դավթի եւ Մսրա Մելիքի կռվին՝ ըստ Սամվել Պողոսյանի)։ Հեռանալով Դրախտից, նրանք հանդիպում են քաղաքի (ըստ «Աստվածաշնչի»), որտեղ մարդիկ են ապրում։ Սա էլ ապացույց է, որ մինչ իրենց հայտնվելը, այդտեղ բնիկներ են ապրել։ Իսկ թե քանի տարի են ապրել նրանք, բացատրվում է այլ մոլորակի վրա տարվա տեւողությունից, համեմատած Երկիր մոլորակի հետ։ Մարս մոլորակի վրա անցկացրած մեկ տարին հավասարազոր է Երկրի վրա անցկացրած մոտ երկու տարվան։ Սատուրն մոլորակի վրա անցկացրած մեկ տարին հավասարազոր է Երկրի վրա անցկացրած 29,4 տարվան։ Ուրեմն, Ադամն ու Եվան եկել են այլ մոլորակից, որտեղ նրանց անցկացրած 15-20 կամ 20-25 տարիները միգուցե բազմապատկվում են այլ թվով, որը համապատասխանում է նրանց անցկացրած 930 տարվան։ «Աստվածներն իրական մարդիկ են եղել» («60 հոդված՝ 60-ամյակին» գրքից) եւ այլ հոդվածներում վերծանվել է Մովսես Խորենացու «Պատմություն Հայոց» գրքում մեջբերված «Վահագնի ծնունդը» բանաստեղծությունը, որում արժանահավատորեն ապացուցվում է, որ իրոք, առաջներում այլ մոլորակներից մարդիկ են այցելել Երկիր մոլորակ։ Իզուր չէ, որ երբեմն անտեղյակ մարդուն ասում են. «Մարսից ես եկե՞լ, ինչ է»։

Ադամ ու Եվայի երրորդ որդի՝ Սեթի հետնորդը՝ Նոյը, նույնպես իր առաջին հանգրվանը համաշխարհային ջրհեղեղից հետո գտնում է Հայկական բարձրավանդակի ամենաբարձր լեռան՝ Արարատի բարձունքին։ Եվ հետաքրքիր է, որ Նոյի երեք որդիներից երկուսը մեկնում են, իսկ Հաբեթը մնում է Արարատյան լեռներում։ Սա էլ կարծես նախանշում է, որ հայ ազգի 2/3-ը պետք է բնակվի Հայաստանի սահմաններից դուրս, իսկ 1/3-ը մնա հայրենիքում (ինչպես դարեր շարունակ եւ այժմ)։ Այսինքն, հայերը միշտ տարածվել են աշխարհով մեկ, այնտեղ տանելով իրենց կենցաղը, արհեստները, գիտությունը եւ ծաղկեցրել շատ ու շատ երկրներ, դառնալով բազմաթիվ բնագավառների առաջամարտիկներ ու նորարարներ։

ՎԱՀԵ ՄԵՍՐՈՊՅԱՆ

Լրագրողների միջազգային

միության անդամ

«Առավոտ» օրաթերթ, 

13.02.2019

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728