Փետրվարի 13-ին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանն ընդունեց ԵՄ Արևելյան գործընկերության հարցերով դեսպաններին և հատուկ ներկայացուցիչներին:
Ողջունելով հյուրերին` նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստանը արժևորում է Արևելայն գործընկերությունը՝ որպես ընդհանուր արժեքների և նախանշված նպատակների հիման վրա ձևավոված արդյունավետ հարթակ: Այս համատեքստում նախարար Մնացականյանը նշեց, որ Հայաստան-Եվրոպական Միություն Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը համագործակցության նոր հնարավորություններ է ընձեռում ոչ միայն Եվրոպական միության, այլև ԵՄ անդամ երկրների հետ հարաբերությունների օրակարգն առավել հարստացնելու համար: Նախարար Մնացականյանի բնորոշմամբ՝ այն նաև լավ գործիք է Հայաստան կառավարության զարգացման օրակարգի առաջմղման համար, որն ուղղված է բարձր տեխնոլոգիաների և նորարարության վրա հիմնված տնտեսության զարգացման բարենպաստ պայմանների ստեղծմանը:
Անդրադառնալով մուտքի արտոնագրերի ազատականացման գործընթացին՝ ԱԳ նախարարն ընդգծեց, որ այն լավ հարթակ կարող է հանդիսանալ Հայաստանի և ԵՄ անդամ պետությունների ժողովուրդների և հասարակությունների առավել մերձեցման և փոխճանաչելիության մակարդակի բարձրացման համար:
Հայաստանում տեղի ունեցող ներքաղաքական գործընթացներում Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարն ընդգծեց քաղաքացիական հասարակության, ինչպես նաև երիտասարդության և կանանց ունեցած ակտիվ դերակատարությունը:
Զրուցակիցների խնդրանքով նախարար Մնացականյանն անդրադարձավ Հայաստանի արտաքին քաղաքական առաջնահերթություններին և հիմնական ուղղություններին, ներկայացրեց Հայաստանի դիրքորոշումը միջազգային և տարածաշրջանային հրատապ խնդիրների շուրջ:
ՀՀ ԱԳՆ