Այսօր Aravot.am-ը Գյումրի այցելած տարածքային կառավարման և զարգացման նախարար Սուրեն Պապիկյանից հետաքրքրվեց, թե հայտնի՞ է արդեն՝ ո՞ր հաստիքները կկրճատվեն Շիրակի մարզում, կվերանա՞ն մարզպետի օգնականների, խորհրդականների հաստիքները։
Նախարարն ասաց․ «Կգործեն տարբեր մեխանիզմներ, ես նշել եմ, որ խորհրդատվական ընկերություններ են ներգրավվել, որոնք ուսումնասիրել են և արդեն առանձնացրել են օղակներ, թե որ մարզում որ օղակն է ավելի ուռճացված։ Այսինքն՝ կարող է ստացվի այնպես, որ Գեղարքունիքի մարզում կրճատվի իրավաբանական վարչությունը, Շիրակի մարզում՝ ՏԻՄ վարչությունը, օրինակներ եմ բերում։ Այսինքն՝ այս փուլում ես կոնկրետ չեմ կարող ասել Շիրակի մարզում որ վարչությանը կամ բաժիններին սա կվերաբերի։ Վերախմբավորում է լինելու և տարբեր բաժիններ իրենց մեջ ներառելու են այլ բաժիններ, այսինքն` նաև անվական փոփոխություններ են լինելու և գործառույթների խմբավորում, վերանայում»։
Սուրեն Պապիկյանի տեղեկացմամբ, մարզպետի լիազորություններն էլ կֆիքսվեն տարածքային կառավարման մասին օրենքով, որն արդեն կառավարությունում է, շուտով կշրջանառվի։
Իսկ թե քանի փոխմարզպետ կլինի Շիրակի մարզում, նախարարն ասաց, որ թիվը կորոշվի կրճատումների արդյունքում։
«Կառավարության որոշում պետք է լինի, նախագծով այս պահին նախատեսում է մեկ փոխմարզպետ և հիմա՝ մինչ նախագծի ընդունումը, մենք բոլոր տեղերում արդեն իսկ անցում ենք կատարել մեկական փոխմարզպետների, երկու մարզում կա դեռևս երկու փոխմարզպետ, այնուամենայնիվ կփորձենք հասկանալ՝ բարդություն առաջացնո՞ւմ է աշխատել մեկ փոխմարզպետի հետ, թե՞ ոչ։ Կարծում եմ չի առաջացնում, և նախագիծը հենց այդպես էլ կընդունվի, այսուամենայնիվ քննարկելի է», -ասաց Սուրեն Պապիկյանը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ