Լրահոս
Օրվա լրահոսը

Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակել են Միջպետական երկաթգիծը

Փետրվար 13,2019 18:35

Այսօր առավոտից Ալավերդու պղնձաձուլարանի աշխատակիցները փակ են պահում միջպետական երկաթգիծը, որն անցնում է Ալավերդու տարածքով: Աշխատակիցները պահանջում են պղնձաձուլարանը վերագործարկել՝ ինչպես որ խոստացել են սեփականատերն ու կառավարության պատասխանատուները:

Նրանց խոսքով, հոկտեմբերից երեք անգամ եղել են կառավարությունում, հանդիպումներ ունեցել կառավարության անդամների հետ, որոնք հույս են տվել՝ թե պղնձաձուլարանը կաշխատի: Սակայն արդեն քանի ամիս է անգործ նստած են:
Aravot.am-ի հետ զրույցում պղնձաձուլարանի աշխատակիցները նշեցին, որ փետրվարի 28-ից վերջանում է պայմանագիրը, այսինքն՝ այն լուծարվելու է, որով աշխատակիցները գոնե աշխատավարձի 2/3-ը ստանում էին. «Ալավերդում սոցիալական վիճակն աղետալի է, պղնձաձուլարանը միակ աշխատատեղն էր, ու դրա փակմամբ, ծայրահեղ աղքատություն կտիրի:

Մարդիկ վարկեր ունեն վերցրած, այլ աշխատատեղ չկա, որպեսզի աշխատակիցները գործ գտնեն: Կառավարությունից ամեն անգամ ասում էին՝ դրական փոփոխություն կլինի: Սեփականատերը դեմ չէ, որ աշխատի, կառավարությունը դեմ չէ, բանկն էլ, ասում են կողմ է, որ գործարանն աշխատի, բայց, չգիտես ինչու, չի վերագործարկվում: Այստեղ ինչ-որ բան կա, որ մենք չգիտենք: Երկաթգիծը չենք բացելու՝ մինչեւ որ մեր պահանջը չկատարվի»:

Ինչպես տեղեկացանք, միջպետական երկաթգիծը փակած գործարանի աշխատակիցների հետ այս պահին էլ դեռ բանակցում է Լոռու մարզպետ Անդրեյ Ղուկասյանը, որը ժամը 12-ից այնտեղ է: Ներկա է նաեւ մարզի ոստիկանապետը: Մարզպետը բողոքի ցույցի մասնակիցներին առաջարկում է ցույցը դադարեցնել՝ հարցը ուրբաթ օրը քննարկելու պայմանով:

Սակայն, առայժմ, ցույցի մասնակիցները չեն ընկրկում:

«Սեփականատերն ասում է, որ պատրաստ է գործարկելու, կառավարությունից ասում են, որ հույս կա աշխատելու, բանկն էլ դեմ չի, որ աշխատի, բայց փաստ է, որ չենք աշխատում: Եթե բոլորն ուզում են, արդեն պետք է որ աշխատեինք»,-ասում են աշխատակիցները:
Թե ինչ արդյունք կտան բանակցությունները, պղնձաձուլարանի աշխատակիցներն իրենք էլ չեն կարող ասել՝ կախված այն բանից, թե կառավարության ներկայացուցիչը, որին սպասում են, ինչ ռեալ լուծում կառաջարկի:
Aravot.am-ը փոխվարչապետ Տիգրան Ավինյանի մամուլի քարտուղար Վահան Հունանյանից հետաքրքրվեց՝ կառավարությունն ի՞նչ քայլեր է ձեռնարկում՝ պղնձաձուլարանը վերագործարկելու ուղղությամբ, հաշվի առնելով, որ աշխատակիցների հետ տարբեր հանդիպումների ժամանակ նրանց հուսադրող պատասխաններ է տվել՝ որ հարցի լուծումը դրական կլինի:

Պարոն Հունանյանն ասաց, որ այս պահին դեռ բանակցություններ են գնում միջպետական երկաթգիծը բացելու: Իսկ բուն գործընթացի վերաբերյալ բանակցությունները նույնպես շարունակվում են:

Հարցրինք՝ հանդիպումների ժամանակ ասել են՝ սեփականատերն էլ դեմ չէ, որ պղնձաձուլարանն աշխատի, կառավարությունն էլ, բանկն էլ իր հերթին է նշել, որ դեմ չէ, ի՞նչ է խանգարում, Վահան Հունանյանն ի պատասխան ասաց՝ բանակցությունները շարունակվում են: Մեր հարցին՝ բայց հույս կա՞ պարոն Հունանյանը պատասխանեց՝ չասեմ հույս կա թե չկա, բանակցություններ են ընթանում, որպեսզի խնդրին լուծում տրվի:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Փետրվար 2019
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Մար »
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728